ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ


 

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը մի անկեղծ խոստովանություն արեց, որի մասին գիտեինք բոլորս, սակայն պետական ոչ մի պաշտոնյա այդ մասին հրապարակային խոստովանություն չէր արել: Խոսքը վերաբերում է աղքատությանը:

Ըստ վարչապետի` բնակչության 30 տոկոսը գտնվում է աղքատության անհաղթահարելի նիշի վրա: Սա, իսկապես, մի ցուցանիշ է, որի մասին ոչ թե պետք է խոսել, այլև տագնապ հնչեցնել: Եվ ոչ միայն տագնապ հնչեցնել, այլև հայտարարել արտակարգ տնտեսական վիճակ, մշակել ուղիներ և համապատասխան գործիքներ, ստեղծել աղքատության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններ: Սակայն մեր հայրենի կառավարությունը մինչև օրս որևէ գործնական քայլ չի կատարել, չի ստեղծել աղքատության դեմ պայքարի իրատեսական ծրագիր:

Իհարկե, արդեն տևական ժամանակ հայրենի կառավարությունը փորձեր է անում ինչ-որ բան նախաձեռնել, ինչ-որ ծրագիր ստեղծել, ռազմավարություն քարոզել, սակայն բոլոր ջանքերը զուր են անցնում, որովհետև կառավարությունում չեն կամենում պայքարել աղքատություն ձևավորող «հանգույցների» դեմ: Այսինքն, հռետորական հայտարարություններից զատ` անհրաժեշտ է հստակեցնել ուղիները: Անպայմանորեն պետք է ստեղծվեն աշխատատեղեր, անհրաժեշտ պայմաններ` տնտեսության զարգացման համար: Պետք է, ի վերջո, մշակվի տնտեսության զարգացման համալիր ծրագիր` բաժանված տարիների և հնգամյակի: Չէ´, մենք խորհրդային հնգամյակների մոդելը չենք առաջարկում, չենք հուշում վերադառնալ պլանային տնտեսությանը, սակայն պնդում ենք, որ ցանկացած երկրի համար անհրաժեշտ է տնտեսության զարգացման ծրագիրը:

Մենք, փաստորեն, վերածվել ենք անծրագիր պետության, որտեղ ամեն ինչ թելադրվում է տարերայնորեն և օլիգարխիայի շահերով: Հենց վերջինս էլ կազմաքանդում է մեր տնտեսությունը, կամայականությունը դարձնում առաջնային: Քարնեգին նշում է, որ ցանկացած երկրում աղքատության ծավալների նվազեցման առաջին նախապայմանը օլիգարխիայի դեմ պայքարն է: Իսկ ահա Հայաստանում կառավարությունն առաջնորդվում է օլիգարխիայի շահերով, չի կամենում ձերբազատվել նրանից և նրա դեմ պայքար հայտարարել: Ավելին, օրավուր բացահայտվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների` օլիգարխների հետ ունեցած կապերը կամ էլ հենց նույն պաշտոնյաների օլիգարխացման փաստերը: Այս ամենը ոչ միայն քայքայում է տնտեսությունը, խոչընդոտ դառնում տնտեսության զարգացման ճանապարհին, այլև քայքայում է պետությունը:

Նշեցինք, որ աղքատության դեմ պայքարի առաջնային ուղին աշխատատեղերի ստեղծումն է. Հայաստանում գրեթե աշխատատեղեր չեն ստեղծվում: Կամ սպասարկման ոլորտներում ստեղծվում են ժամանակավոր աշխատատեղեր, որոնք չեն կարող լուրջ տնտեսական շրջափոխումներ հիմնավորել: Մինչև անցած տարի առավոտից գիշեր իշխանութ յունները խոսում էին փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին` այսպես կամենալով Հայաստանը վերածել նեղլիկ տնտեսական շահերի երկրի: Մենք համաձայն էինք նաև այդ դրույթին, եթե միայն աղքատության նվազում լիներ: Սակայն շուտով իշխանությունները հասկացան, որ փոքր ու միջին բիզնեսը հարված է հասցնում օլիգարխիայի շահերին, այդ պատճառով էլ առևտրային բանկերի միջոցով սկսեցին հաստատել այնպիսի վարկային տոկոսադրույքներ, որոնք անհասանելի լինեին` փոքր ու միջին բիզնես մուտք գործողի համար: Որևէ քայլ չկատարվեց նաև հզոր տնտեսություն ստեղծելու համար, մանավանդ որ Հայաստանում դեռևս կանգուն են բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք կարող են վերականգնվել ու արտադրանք տալ, երկիրը վերածել հզոր տնտեսական գոտու: Բայց հզոր տնտեսության ստեղծման դեպքում էլ օլիգարխիան իսպառ դուրս կմղվի տնտեսական դաշտից, երկրում կհաստատվի տնտեսական կարգուկանոն, ինչն էլ կնվազեցնի աղքատությունը: Այս դեպքում, սակայն, օլիգարխիայի հետ սերտաճած իշխանությունները ստիպված կլինեն ապրել այնպես, ինչպես միջին հայաստանցիները, բայց նրանք չեն ունենա այն հզոր լծակները, որոնց միջոցով իշխանություն են պահում...

Ուրեմն, եթե ուզում ենք նվազեցնել աղքատությունը, պիտի պայքարեն օլիգարխիայի դեմ: Իսկ արդյո՞ք կունենանք նման քաղաքական կամք և պատրաստակամություն: