Լուկաշենկոն «վրաերթել» է


 

Ռուսական «пацан » ասվածը բառացի թարգմանությամբ նշանակում է «անապաստան, անտուն տղա»: Բայց գիտենք, որ այն շատ ավելի գռեհիկ ու արհամարհական իմաստով է օգտագործվում. «լակոտ», «տհաճ ու տհաս, խակ ջահել»: Ու ահա Լուկաշենկոն հենց այդ բառով է «մեծարել» Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին: Այն էլ` բրիտանական մամուլում` IndeΘendent թերթին տված հարցազրույցում:

Վարչապետին «նախշելուց» բացի, Բելառուսի նախագահը նաև «վրաերթի» է ենթարկել Միացյալ Թագավորությունը` նախատելով, որ այնտեղ բացակայում է Սահմանադրութ յունը:

- Ձեր Քեմերոնը` պացան է. այն իմաստով, որ նա շատ կարճ ժամանակ է այս քաղաքականության մեջ: Դատարկախոսությունից բացի, նա կյանքում հավանաբար, ուրիշ ոչինչ չի փորձել,- ասել է նա:

Հայտարարել է նաև, որ չի հասկանում անգլիական ժողովրդավարության էությունը.

- Ախր դուք նույնիսկ սահմանադրություն չունեք. լսեք, ա´յ հնաբնակներ…

Ի դեպ, այս մեջբերումները տեղ չեն գտել Լուկաշենկոյի հետ հարցազրույցի տպագրված տարբերակում. ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը դրանք քաղել է Լուկաշենկոյի մամլո ծառայության տրամադրած լրատվությունից: