Ո՞ւր է գնում հարյուր միլիոնը


 

Հայաստանի կառավարությունը վերջերս տեղի ունեցած նիստում կատարելով բյուջետային և պահուստային միջոցների վերաբաշխումներ, խնայել է հարյուր միլիոն դրամ, որով էլ ավելացրել է արտասահմանյան գործուղումների չափաբաժինը:

Դժվար է ասել, թե հատկապես ինչի՞ վրա կծախսվի այդ գումարը, բայց կարևորն այն է, որ կառավարությունում հարյուր միլիոնը խնայվում է ոչ թե ասենք սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու, այլ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար: Երևի ավելի դյուրին է, որ աղքատության շեմը հատած մարդիկ կործանվեն, բազմաթիվ ընտանիքներ ապրեն տնակներում և քանդվող հանրակացարաններում, քան հանուն հայրենիքի շրջագայող պաշտոնյան զրկվի որևէ ուղևորությունից:

Զուգահեռ անցկացնելը տեղին չէ, քանի որ կշեռքի մի նժարին մարդկային կյանքերն են` մանկություն, մարդկային ողբերգություններ, իսկ մյուս նժարին` դժվար է ասել, թե ինչ, որովհետև դրա համար պետք է իմանալ, ինչ է ձեռք բերում Հայաստանը:

Տարիներ առաջ վարչապետն իր հայտարարության մեջ ասել էր, որ հարստություն և ուժ չպետք է ցուցադրել աղքատ երկրում: Իսկ կարելի՞ է արդյոք աղքատ երկրում հարյուր միլիոն խնայել և նպատակաուղղել արտասահմանյան գործուղումների ֆոնդ:

Աղքատ երկրում խնայողությունները պետք է ուղղվեն կա´մ զարգացման, կա´մ սոցիալական ծրագրերին, կամ էլ վերադարձվեն հասարակությանը, որից վերցվել է այդ փողը` հարկի կամ տուրքի տեսքով: Առնվազն` նման խնայողությունների հաշվին մեղմել հարկ ու տուրքերը: Կարևորն այստեղ արժեքների գնահատումն է, տարածված այն հաղորդագ րությունը, որն ուղղված է հասարակությանը: Այն բացորոշ ցույց է տալիս, թե ո՞ր արժեքներն են իշխանության համար կողմնորոշիչ, ի՞նչ մտածողությունն է տիրում ու խրախուսվում:

Եզրահանգումները թողնենք գործադիրին: