«ՊԵԼԵ» անունը հայկական է


Հիմնավոր վարկածի իրավունքով Ս. թ. հոկտեմբերի 21-ին (որոշ տվյալներով` 23-ին) լրացավ Պելե մականունով հայտնի «ֆուտբոլի արքայի»` էդսոն Արանտես դու Նաշիմենտուի ծննդյան 70-ամյակը, ով տակավին 25 տարեկանում արժանացավ իրեն նվիրված թանգարանի, իսկ 29 տարեկանում (1969 թ., երբ խփեց 1000-րդ պաշտոնական գոլը) պետականորեն հռչակվեց հայրենի Բրազիլիայի «ազգային հարստություն»: Որտեղի՞ց, ինչպե՞ս է ծնվել այդ` Պելե մոգանունը, ո՞ր լեզվով է դա առաջին անգամ հնչել և միշտ հնչելու... Հիմք ընդունենք Պելեի հենց ինքնակենսագրական սկզբնաղբյուրը` «Իմ կյանքը և հիասքանչ խաղը» ռուսերեն գիրքը (թարգմանված անգլերեն հրատարակությունից): 17-րդ էջից իմանում ենք, որ մսուրահասակ էդսոնի ընտանիքը վերաբնակվում է Սան Պաուլու նահանգի Բաուրու քաղաքում: 28-29-րդ էջերում փաստվում է, որ ապագա արքան մոտ 9 տարեկանում է (1949 թ.-ից ի վեր) մականվանվել «Պելե»: Ըստ որում` ինքը` Պելեն, խոստովանում է. «Որքան ինձ հայտնի է, այդ բառը ոչինչ չի նշանակում ո°չ պորտուգալերենում, ո°չ էլ այլ լեզվում»£ Այնուհետև` «Իմ մի մերձընկերը պնդում է, որ այդ անունն ինձ տվել է ինչ-որ մեկը թուրքերից, որոնք բնակվել էին Բաուրուում: Նրանցից ոմանք ապրում էին մեր կողքին: Ամեն անգամ, ասում էր մերձընկերս, երբ ես պատահաբար գնդակին ձեռքով էի դիպչում, թուրքն արտասանում էր «պե-լե», ինչը թուրքերեն, կարծեք թե, նշանակում է «հիմարություն է»: Բնորոշ է նաև Պելեի զայրալից հակազդեցությունն այս անպատիվ փոթ անունն իրենից վանելու համար. «Մի ժամանակ ես ատում էի դա: Եվ դպրոցում դրա պատճառով հաճախ էի ծեծկռտուք սարքում: Այդ կռիվներում երևի միշտ չէ իմ բախտը բերել, քանի որ Պելե մականունն այդպես էլ կպավ ինձ ընդմիշտ» (էջ 28): Իրականում Պելեի մայրենի պորտուգալերենն ունի լավ էլ գործածական «pele» բառ, այն էլ` 4 արժեքներով. 1. կաշի, մաշկ, 2. պտղակեղև, կճեպ, 3. բուրդ, մորթեղեն, 4. տիկ: Սրանք, սակայն, որևէ աղերս չունեն խնդրո առարկա «հիմարություն» իմաստի հետ: Նմանահունչ կամ հարանուն բառեր կան եվրոպական երկրներից Բրազիլիա ներգաղթածների այլ լեզուներում ևս (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն), որոնք դարձյալ չեն համապատասխանում Պելեի ինքնակենսագրականի համատեքստին: Բացառման մեթոդով փորձենք բացահայտել «պելե» նույնահունչ համանուն կամ գեթ հարանուն բառերի գոյության հնարավորությունը Թուրքիայից Բրազիլիա գաղթելու ներունակ` հիմնական ազգերի և ազգությունների ներկայացուցիչների 18 լեզուներում (թուրքերեն, հայերեն, քրդերեն, հունարեն, եբրայերեն, չերքեզերեն, լազերեն, արաբերեն, ասորերեն և այլն): Թուրքերենում չկա և չէր էլ կարող լինել «պ» հնչյունի տառավորմամբ սկսվող բառ, քանզի այդ լեզուն զուրկ է «պ» հնչյունից, գրված «բ»-ն «փ» է կարդացվում (հնչում): Չի պարզվել նաև, որ Բաուրու քաղաքում, տվյալ ժամանակ, ազգությամբ թուրքեր ապրած լինեն: Նման բանալի բառեր բացակայում են և հիշյալ մյուս լեզուների թե° ակտիվ, թե° պասիվ բառապաշարներում` բացի հենց հայերենից: Ակնհայտորեն դա մեր ժողովրդախոսակցական շերտում հաճախագործածական «պել» («պըլ», «պըել») արմատն է` որոնելի իսկ «հիմար» իմաստով և լրացնող հոմանիշերով: Հայոց լեզվի բացատրական, հոմանիշերի, տերմինաբանական, բարբառային բառարանները հավաստում են` Պել-հիմար, ապուշ, խենթ, գիժ, շաշ, խելագար, խելառ, չարաճճի, ծուռ, կատաղած: Ընդսմին` այս նշանակություններով «պել»-ն առավելապես կիրառվում է Արարատյան, Նոր Ջուղայի, Արցախի, Բորչալուի, Գորիսի, Մուշի, Ալաշկերտի բարբառներում: Համեմատելով Պելեի մերձընկերոջ պնդած «պե-լե»-«հիմարություն է» զուգադրության հետ` համոզվում ենք, որ տվյալ իմաստով «պելե», ավելի ճիշտ` «պել է» (այսինքն` «հիմար է` կանոնների կոպիտ խախտմամբ` ձեռքով ֆուտբոլ խաղացողը» մեկնությամբ) կարող էր արտասանել հայը միայն, որ Բրազիլիայում էր հանգրվանել Արևմտյան և Արևելյան Հայաստանների, Իրանի վերոնշյալ բարբառախոս վայրերից: Ինչ մնում է Պելեի գրքում նշված էթնանվան հոլովանքների («թուրք», «թուրքերեն») թյուրիմացությանը, ապա, երկար չծավալվելու համար, շեշտենք միայն. 1) մինչև այժմ էլ Թուրքիայից Հարավային Ամերիկա արտագաղթած այլազզիներին, ներառյալ հայերին, տեղացիները սովորաբար կոչում են «թուրքեր» (նախկին մետրոպոլիայի անունով). 2) Արցախից և Արևելահայաստանի այլ թրքաճարակ տարածաշրջաններից բրազիլական Բաուրու ներգաղթած հայորդիք կարող էին իրենց գալուստը բացատրել նախկին բնակավայրերի թշնամական-բռնաճնշող տարրի` նրանց իսկ ավանդական ազգակոչմամբ` «թուրքերի» միջից օր առաջ դուրս պրծնելու կենսական անհրաժեշտությամբ, իսկ այդ հաճախահոլով «թուրք» բառն էլ, թերևս, բրազիլացու առնվազն ենթագիտակցության մեջ չէր կարող չարտացոլվել և հետագայում էլ չարտաբերվել... Վերջում հայաշահ ու հանրապես օգտաշատ եմ համարում ներկայացնել հետևյալ առաջարկությունները. 1. Պելեի ծննդյան 70-ամյակի առթիվ և նրա աշխարհափառ անվան «հայկական հիմնավարկածի» կապակցությամբ, պետական մակարդակով հրավիրել նրան ՀՀ և ԼՂՀ (մականվանակից Պըլը-Պուղու «փոքր հայրենիք»)` նաև մեզանում, միասին նշելու նրա հոբելյանը, միաժամանակ միջոցներ ձեռնարկելով նրա աջակցությամբ ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի` որևէ կարգավիճակով անդամ (մասնակից) դարձնելու (նախ` Արցախի միջազգային իրավաքաղաքական ճանաչման տեսանկյունից) կարևորագույն նպատակով, Մանավանդ որ կան միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ-պետություններ չհանդիսացող, բայց արդեն իսկ ՖԻՖԱ-ի կցանդամներ Ամերիկյան Աամոայի, Նոր Կալեդոնիայի, ՖԻՖԱ-ի անդամ-ժամանակավոր մասնակից Պաղեստինի, առավել ևս լիիրավ անդամներ Պուերտո Ռիկոյի, Ֆարերյան կղզիների նախադեպերը... 2. Հաշվի առնելով ֆիզկուլտուրայի և սպորտի անփոխարինելի դերը քաղաքակրթության զարգացման, ամենազգի սերունդների համակողմանի դաստիարակության և բուն առողջապահության ասպարեզներում` համահիմնել` Պելեի անվան համաշխարհային մրցանակ` ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Բրազիլիայի ԴՀ-ի կողմից (հնարավոր է` ՖԻՖԱ-ի, ՄՕԿ-ի, ՅՈՒՆԵԱԿՕ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կինոյի, հեռուստատեսության և սպորտի դաշնության (FICTS) հետ համատեղ), Նոբելյան մրցանակին համարժեք, նրա դրամական պարգևաչափերին չզիջող հիմնադրամով (համաֆինանսավորմամբ) և, սկսած 2011 թ.-ից, ամեն տարի, Պելեի ծննդյան օրը, մարզական փոխանցարշավի հաջորդափոխությամբ` ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Բրազիլիայի մայրաքաղաքներում, հանդիսավորապես շնորհել ֆիզկուլտու րայի և սպորտի բնագավառներում առավելագույն համամարդաշահ ավանդ ներդրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (անկախ գործունեության տեսակից): Առավել խոր ու բազմակողմանի (լեզվաբանական, պատմագիտական, մարզագիտական, իրավագիտական, ազգագրական, սփյուռքագիտական, աշխարհաքաղաքագիտական) հիմնավորում ներով հագեցած սույն նյութը, գրավոր դիմումի հետ մեկտեղ, շուրջ մեկ ամիս առաջ ներկայացրել եմ ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սփյուռքի նախարարին, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին` ուշադրություն հրավիրելով հատկապես առաջարկությունների իրագործման կարևորության վրա: Վերջինիս բարեհաճած ընդամենը հեռախոսային արձագանքումն, ավա¯ղ, որքան մեծամիտ էր` ձևով, այնքան էլ զրոյարդյուն` բովանդակությամբ: Սփյուռքի նախարարի տեղակալի նամակում խորհուրդ է տրված դիմելու այլ հասցեով («համապատասխան գերատեսչություն»): Առաջին երկուսի կողմից վճռորոշ պատասխանագրերին ու մանավանդ ձեռնարկումներին էլ մնում ենք սպասող...

Գարեգին ՂԱԶԱՐՅԱՆ