Թափանցիկությունը բարձիթողիություն չէ°


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները Սիվիլիտաս հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման առնչությամբ - ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունեն Ազգային ժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցները: Այդ մեխանիզմները աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը: Սակայն թափանցիկությունը չի նշանակում, որ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիական խումբ կարող է ազատորեն իր տրամադրության տակ ունենալ ազգային անվտանգությանը վերաբերվող այնպիսի տեղեկություններ, որոնցով կարող է որոշել պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը: ՀՀ պետական բյուջեն` պաշտպանական ծախսերի մասով, անցնում է բոլոր գործընթացները, որով անցնում են ՀՀ այլ պետական կառույցների բյուջեները. քննարկումներ է անցնում ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ Վարչապետի մոտ, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, իսկ կատարման ընթացքում պարբերաբար վերահսկվում է ոչ միայն պաշտպանության համակարգում գործող ներքին վերահսկիչ ծառայությունների, այլ նաև արտաքին` ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության և ՀՀ վերահսկիչ պալատի աուդիտների միջոցով: ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների ցանկը և կնքվող պայմանագրերը ուսումնասիրվում և հավանության են արժանանում համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից: Ճիշտ է` Ազգային ժողովում պաշտպանական ծախսերի քննարկումները փակ են, սակայն կարծում եմ` դա օրինաչափ երևույթ է: Մեզանում բանակի վերաբերյալ սրտացավ քննարկումներ նախաձեռնողները կարո՞ղ են արդյոք բերել մի օրինակ, երբ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում գտնվող որևէ երկիր, որի զինված ուժերի 80%-ը մարտական հերթապահություն են իրականացնում և գտնվում է պարտադրված տեղեկատվական պատերազմի մեջ, իսկ նրա պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը քննարկվում է այդ երկրի որևէ հասարակական կազմակերպության խորհրդի նիստում: Պատկերացնու՞մ եք, եթե որևէ քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրի տեղեկատվություն ստանալու իր իրավունքը սահմանափակելու մեջ` պահանջելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց տեղակայման վայրերի, կազմի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք նման տեղեկությունների միջոցով բանակի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաստի եզրահանգումներ կատարելու հնարավորություններ են տալիս: Արդյո՞ք պետական և հասարակական շահը պահանջում է, որ նման տեղեկությունները հասու լինեն մեր հակառակորդին: Կարծում եմ` հասարակական շահը և հասարակության անվտանգությունը գերակա պետք է լինի որևէ անհատի կամ կազմակերպության շահերի ու հետաքրքրությունների համեմատ: Չեմ կասկածում, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը հենց այդպես է մտածում: ... Ինչ վերաբերում է արտերկրի բարձրագույն ռազմակրթական հաստատություններում 2005-2010թթ. ուսանած ՀՀ ԶՈՒ սպաների թվաքանակին, ապա կարող եմ նշել, որ նրանց թիվը շուրջ 800 է: Տարբեր երկրներում ուսում ստացած զինծառայողները, վերադառնալով Հայաստան, իրենց զինվորական ծառայությունը շարունակում են մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ու նպաստում զինված ուժերի համակողմանի զարգացմանը: Արտերկրում ուսում ստացած զինծառայողների` Զինված ուժերից զորացրման դեպքերը հատուկենտ են, իսկ ներկայացված թիվն ինքնին անիմաստ է դարձնում այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ շահարկումները: ...Իսկ ինչ վերաբերում է քննարկման ժամանակ հնչած այն տեսակետին, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բնակարանների տրամադրումը տեղի չի ունենում թափանցիկության մթնոլորտում, տեղեկացնում եմ, որ գոյություն ունի հերթացուցակ, և բնակարանի հերթագրված յուրաքանչյուր զինծառայող քաջատեղյակ է հերթացուցակում իր տեղի վերաբերյալ: Այդ բնակարանները միանգամից սեփականության իրավունքով չեն նվիրաբերվում, դրանք ծառայողական բնակարաններ են, և զինծառայողի ծառայության վայրի փոփոխության դեպքում հանձնվում են այլ զինծառայողի: ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների արդյունքում հանրային իրազեկումը աստիճանաբար ավելի բարձր մակարդակի է լինելու, սակայն այն երբեք չի անցնելու խելամտության ու թույլատրելիության սահմանը: