ՀՀ ՊՆ տեսչական խմբի այցը Թուրքիա


Երկուշաբթի օրը Թուրքիայի Հանրապետություն մեկնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը: Սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: 2010թ. մարտին հայկական կողմը տեսչություն է անցկացրել 1999 թվականի Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում և ներառել է ստուգումներ Սարիղամիշում, Ղարսում, Արդահանում ու Իգդիրում տեղակայված զորամասերում: Վիեննայի Փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել: q ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջև կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը և զանգահարել հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարության և VivaCell MTS ընկերության միջև ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի: q ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով կանոնակարգվել են ՀՀ ԶՈՒ հեռավոր և սահմանամերձ շրջաններում տեղակայված զորամասերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատների այցելությունները. սահմանվել են այցելությունների երթուղիներն ու ժամանակացույցը: Համաձայն սահմանված կարգի` զորամասեր մեկնող հարազատների ցուցակները կազմվում են տարածքային զինկոմիսարիատներում, իսկ մեկնումը նախատեսված է հանրապետական հավաքակայանից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն