ԱԶԱ՞Տ Է ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Ասում ենք չորրորդ իշխանություն ու դեռևս սովորույթի մղումով հավատում նրա «մոգական» ուժին: Չորրորդ` այսինքն իշխանություն, որը լծակներ չունի, բայց ունի կամ կարող է ունենալ ընդգրկուն լսարան` վերջինիս տրամադրություններն արտահայտելով, դժգոհություններն ու դրական վերաբերմունքը ներկայացնելով և իշխանություններին հուշելով կամ մղելով` նրանց անհանգստացնող խնդիրներին լուծումներ գտնելու: Ասել է թե` խոսափող, յուրօրինակ կապ հասարակության և իշխանությունների միջև: Մի՞շտ է սակայն, որ լրատվամիջոցները կատարում են (կամ կարողանում են կատարել) հասարակական կարծիք ձևավորողի իրենց գլխավոր առաքելությունը: Հավատընծա՞ է նրանց խոսքն ընթերցողների կամ ունկնդիրների համար, և ամո՞ւր է կապը վերջիններիս հետ: Բացի այդ, ի՞նչ չափով են «վերևները» հաշվի նստում իրենց 4-րդ (հուսանք` ոչ չորրորդական) իշխանակից մամուլի հետ: Ինչպե՞ս են վերաբերվում լրատվամիջոցներին մեր ազգընտիրները. այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ խորհրդարանականներից և կառավարության անդամներից£ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆ . ՀՀԿ - Աշխատանքս այնպիսին է, որ պետք է հաճախակի կարդամ, բայց դա մեծ հետաքրքրությամբ եմ անում, և մեր թերթերը հնարավորություն տալիս են` կլանված ընթերցելու£ Սակայն ես կուզենայի, որ մերօրյա մամուլը լիներ ավելի օբյեկտիվ, ավելի պրոֆեսիոնալ, այդքան տուրք չտար դեղնությանը և այդքան չնմանվեր դեղին մամուլին£ Կուզենայի, որ այն ավելի շատ վերլուծական լիներ և խոսեր երևույթների մասին` այլ ոչ թե իր մտքի նվազությունը ծածկեր անձերի և անձնական կյանքի մեջ խորանալով: Ես մեծ հարգանքով եմ վերաբերում մեր այն լրագրողներին, ում աշխատասիրությունն ու աշխատանքային որակները տեսնում եմ նրանց նյութերում` անգամ, երբ այդ նյութերն իրենց եզրահանգումներով համապատասխան կամ համահունչ չեն իմ տեսակետներին£ Բարեբախտաբար կա°ն այնպիսի լրագրողներ, ովքեր բարձր են պահում իրենց մասնագիտության պատիվը: Ես կարող եմ ասել, որ մեր մամուլն ազատ է և որոշ դեպքերում` նույնիսկ չափից ավելի ազատ£ Եվ եթե հաշվի առնենք, որ բացարձակ ազատություն գոյություն չունի և, ավելին, պատվեր կատարելուց հրաժարվողներն էլ քիչ են, ապա կուզենայի, որ այսօրվա մամուլը և լրագրողներն իրականում ղեկավարվեին խղճով, արդարամտությամբ, ազնվությամբ` այլ ոչ թե իջեցվող պատվերով: Շատ եմ կարևորում մամուլի դերը մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում£ Գոհար ԵՆՈՔՅԱՆ. ԲՀԿ - Շատ են սևացնում այն մարդկանց, ովքեր դրան արժանի չեն. տեղին-անտեղի, առանց փաստերն ուսումնասիրելու` սևացնում-ստորացնում են մարդուն` ոտնահարելով տարիների ունեցած վաստակը: Կուզենայի` մեր մամուլը լիներ ավելի բազմազան, քիչ քաղաքականացված, կյանքը ջերմացնող: Ցանկալի է, որ ավելի խոսեին կենցաղից, կրթեին երեխաներին, քանի որ այսօր դպրոցներն իրենց տեղում չեն: Հրապարկումները պետք է նպաստեն, որ մարդը վերջնականապես չհիասթափվի ու ելքը չգտնի միայն տոմսի արժեքով տուն-տեղը ծախելու և գլուխն առնել-փախնելու մեջ: Հրապարակումները պետք է հույս տան, հավատ ներշնչեն, որպեսզի չկատարվի թուրքի երազանքը, որն ուզում է հայկական հողը մնա առանց հայի£ Ես միշտ կարդալուց մտածում եմ, թե արդյո՞ք ճշմարիտ է գրված: Կարծում եմ` դժբախտաբար, մեր մամուլն ազատ չէ: Որոշ թերթերի լկտիությունը շատ է, ինչն անչափ տհաճ է: Աշխարհի տարբեր երկրներում նույնպես չեն սիրում իրենց ղեկավարներին, բայց թույլ չեն տալիս այսքան ավելորդություններ: Չեմ կարողանում հասկանալ, թե այսքան թույնը ինչպես է կուտակվել, ինչպե՞ս են մտածում և հորինում: Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. «Ժառանգություն» - Կուզենայի` այսօրվա մամուլը տեսնել ազատ, պրոֆեսիոնալ, անկախ. հավատացեք` նույնպիսի բարեմաղթանքներ ունեմ նաև Ազգային Ժողովին: Քանի որ ամեն մի լրագրող իմ կարծիքով, պետք է լուրջ գիտակը լինի կոնկրետ ոլորտի, խնդրի և հետևողականորեն լուսաբանի£ Այսօր լրագրողները թույլ են տալիս վրիպումներ, անտեսում կարևոր փաստերը£ Կցանկանայի, որ մասնագիտացված լրագրություն լիներ, մամուլն ունենար մեծ լսարան, որի գնողունակության հաշվին կարողանար լիարժեք գոյատևել, այլ ոչ թե ապրեր հովանավորների, պատվիրատուների հաշվին: Այս առումով իսկապես մամուլը կլիներ հասարակության կարծիք ձևավորող, հասարակական պահանջարկ ձևավորող: Կարևոր է նաև, որ քաղաքական դաշտը հետաքրքիր լինի, քանի որ եթե մամուլը չունի հետաքրքիր զրուցակից` հանձին քաղաքական, հասարակական և այլ դաշտերի, բնականաբար, ինքն էլ չի կարող հետաքրքիր լինել£ Ժամանակակից մամուլի գլխավոր թերությունն, իմ կարծիքով` անազատությունն է. անազատություն, որ շատ հաճախ ոչ այնքան պարտադրովի է, որքան լրատվամիջոցներն իրենք են շատ դեպքերում իրենց պարտադրում այդ անազատ վիճակը: Իհարկե մենք հասկանում ենք, որ կան օբյեկտիվ` ֆինանսական դժվարություններ: Լինելով քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես հասկանում եմ` ազատ մամուլի համար ինչքան դժվար է ունենալ ֆինանսական աղբյուրներ, եթե չունես որևէ ռեսուրս, որևէ բիզնես և այլն: Իհարկե, չեմ կարող թերագնահատել այն մեծ ներդրումը, որ հայաստանյան մամուլն անգամ բևեռացվածության, անազատության պայմաններում ունեցել է և ունի ժողովրդավարության հարցում: Այն բավարար չի կարող լինել բոլորիս համար, բայց նաև հիմք է` այս ոլորտն է°լ ավելի զարգացնելու առումով: Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ. ՀՅԴ - Այսօրվա մամուլը ես համարում եմ ոչ պրոֆեսիոնալ` իհարկե ես բացարձակի մասին եմ խոսում, քանի որ կարող ենք հանդիպել նաև այնպիսի հրապարակումների, որտեղ կա պրոֆեսիոնալ մոտեցում: Ավելի շատ ամբոխավարական է ներկայիս մեր մամուլը և հասարակությանը համախմբելու, սոցիալական արժեքները գնահատելու, բարձրացնելու ուղղությամբ, կարծես թե, իր հիմնական գործառույթը չի կատարում: Ես կուզենայի տեսնել հայրենասեր մամուլ. մամուլ, որտեղ Հայաստանի քաղաքացին և հայոց պետականությունն ավելի բարձր արժեք կներկայացնեն և դրանց ամրապնդման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ կլինեն£ Եվ վերջապես, մամուլը նպատակաուղղված և կոնկրետ սոցիալական խմբերին կոնկրետ վերաբերող թեմատիկ հրապարակումներ պետք է ունենա: Այսօրվա մամուլի ամենամեծ թերացման, մեղանչանքի պատճառը, թերևս, ֆինանսավորում չունենալն է, որը հիմնականում ոչ այնքան մամուլի պատասխանատուների, որքան ընդհանուր Հայաստանի տնտեսության վիճակով է պայմանավորված£ Բնականաբար, ֆինանսավորող գտնելու ձգտման հետևանքը լինում է կախվածությունը և պրոֆեսիոնալիզմի քիչ շեշտադրումը£ Հետևաբար` այսօր Հայաստանում մամուլը հարաբերական առումով է ազատ£ Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆ. ՕԵԿ - Ես ամեն օր կարդում եմ և° էլեկտրոնային կայքերը, և° բոլոր թերթերը ու կուզենայի ասել, որ մամուլը շատ մեծ դեր և նշանակություն ունի մեր կյանքում: Հենց այդ առումով էլ ցանկությունս մեծ է, որպեսզի նրանք անաչառ լինեն: Կուզենայի, որ մեր մամուլում երբևէ չլինի անձնավորված միտումնավոր քննադատություն, մինչդեռ շատ թերթեր անցնում են թույլատրելիի սահմանը£ Մամուլը պետք է ներկայացնի այն իրականությունը, որում ապրում ենք, ու եթե քննադատում է, պարտավոր է անաչառ լինել£ Բայց կա մի սահման, որ պետք է չանցնի, որովհետև մամուլով մենք նաև դաստիարակում ենք ապագա սերնդին£ Սակայն թերթերում շատ հեշտությամբ տարբեր հասցեներով հաճախ շատ «ճոխ», «հարուստ» բառապաշարով ածականներ են օգտագործվում, ինչն իմ կողմից անընդունելի է: Իհարկե, մենք իրականում հասկանում ենք, թե ովքեր են կանգնած նման հոդվածների հետևում, բայց կուզենայի, որ չորրորդ իշխանությունը զերծ մնար նման պատվերներից: Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՀՀԿ, Կրթության և գիտության նախարար -Մեր մամուլը տարբեր է. միշտ կարելի է գտնել հետաքրքրող թեմա, որը նաև որակյալ է և սպառիչ£ Բայց, ցավոք, զուգահեռ կան հրապարակումներ, որոնք էապես հեռու են նման մակարդակից, իսկ երբեմն էլ նաև բարոյական չափանիշներից: Սակայն ընթերցողը միշտ կարող է որոնել, գտնել այն, ինչ ուզում է: *** Այսպիսով, մեր բարձրաստիճան այրերը նախընտրում են ունենալ ազատ մամուլ: Նրանց կարծիքով մամուլի պատվիրատուն պետք է լինի բացառապես հասարակությունը, որը, սակայն, վճարունակ չէ այնքան` տարանուն լրատվամիջոցների մշտական ընթերցողը լինելու£ Իսկ կողմնակալությունը կամ պատվեր կատարողի անպատվաբեր կարգավիճակի պատճառը ֆինանսների պակասն է£ Ու եթե այդ մասին բարձրաձայնում են օրենսդիրները, ուրեմն, իրոք հասունացել է լուծումներ գտնելու անհրաժեշտությունը (լինի պետական ֆինանսավորման, թե այլ)£ Հուսա°նք£ Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ