ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


ԱՐԴԵՆ տևական ժամանակ Հայաստանում խնդիրներն ավելանում ու ավելանում են£ Բայց դրանք գրեթե չեն լուծվում, այլ փոխվում են: Չլուծված հին խնդիրները ձևափոխվում և վերածվում են այլ հիմնահարցերի, որոնց քանակական կուտակումից ծնվում են նոր` որակապես այլ խնդիրներ: Այս թվացյալ շարժը տպավորություն է առաջացնում, թե ինչ-որ առաջշարժում կա, բայց իրականում ոլորտային չլուծված հիմնախնդիրները վերածվում են լուրջ, համընդհանուր սոցիալականի: Այդ առումով հատկապես մեր երկրում ընդդիմությունը շատ ծանր բեռ ունի: Միաժամանակ, մենք չունենք քաղաքակիրթ ընդդիմություն, ընդդիմության նկատմամբ քաղաքակիրթ վերաբերմունք, ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու պրակտիկա: Այս պայմաններում ընդդիմություն լինելը դժվար է: Մենք չունենք իշխանության այլընտրանքը լինելու պատրաստ, գրագետ, ուժեղ, հաջողակ ընդդիմություն, որին կարելի է վստահել ու քվե տալ: Հիմա մեր երկրում հազարավոր չլուծված կարևորագույն խնդիրներ կան, և հենց այս պատճառով իշխանությունը խիստ խոցելի է£ Բայց մենք չունենք քաղաքական դաշտում իշխանության համապատկերում տարբերվող, կուտակված ազգային ու պետական հիմնահարցերը լուծելու ընդունակ ընդդիմություն: Մեր խնդիրները դժվար է լուծել, որովհետև ունենք ուժեղ պետություն և թույլ հասարակություն: Ուժեղ պետությունը կառավարում է թույլ հասարակության բոլոր գործառույթները: Այլընտրանք առաջարկելու անընդունակ ընդդիմության բացակայությամբ ներքաղաքական վիճակը կարելի է փոխել միայն այն դեպքում, երբ իշխանության ընդդիմախոսը դառնա հենց հասարակությունը: Քաղաքական ընդդիմադիր կուսակցությունը թույլ հասարակության առկայության պայմաններում ընդդիմախոս լինել չի կարող: Իսկ քաղաքացիական հասարակություն մենք չունենք. մեր հասարակությունը հիվանդ է ու թույլ, օտարվել է ամեն ինչից և հուսալքվել է: Հենց սա է պատճառը, մեր ժողովուրդը ոչ թե ընդդիմախոս է դառնում, այլ շարունակում է հարմարվել, կամ արտագաղթում է: Հարյուրամյակների կտրվածքով եթե հետևենք այս ընթացքին, ապա կտեսնենք, որ տարածաշրջանում հայերը մինչ այժմ արտամղվում էին Թուրքիայից, Ադրբեջանից, Իրանից, Սիրիայից, Վրաստանից, իսկ հիմա արդեն նաև` Հայաստանից: Հայաստանը ազգային պետություն է, ուստի իշխանությունը պետք է կարողանա ազգը պահել երկրի սահմաններում: Եվ քանի որ այդպես չէ, հավանաբար, կա որոշակի ծրագիր, որը օտար կառույցները կարողանում են թելադրել մեզ: Այս իրողության արտացոլումը մենք տեսանք Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքային ելույթում: Նա ուղղակի ասում է` չկա ազգ, չկա հասարակություն, չկա հայրենիք, չկա ազգային պետություն, հետևաբար ի՞նչ տարբերություն, թե հայը որտեղ կապրի: Ստացվում է, որ հային սփյուռքահայի կարգավիճակ են պարտադրում: Այս կերպ վտանգվում են մեր հիմնական ազգային շահերը: Իսկ եթե մենք չենք կարողանում պաշտպանել մեր ազգային շահերը, ապա պետության նպատակը փոխվում է, և այն վերածվում է ադմինիստրատիվ տարածքի: Գլոբալ զարգացումների համար արդեն նշանակություն չի ունենում, թե այդ տարածքում ովքեր են ապրում, իսկ ամեն տեսակ լրտեսների, արտաքին գրանտներով սնվող կազմակերպությունների և օտար միջամտությունների համար բարենպաստ միջավայր է առաջանում: Այս իրավիճակի մեղավորը բոլորս ենք: Եվ բոլորս մեղքի նույն բեռով նախապատրաստվում ենք համապետական ընտրությունների: Թույլ, ընտրելու մշակույթ ու ավանդույթներ չունեցող հասարակության մեծամասնության աջակցությունը ստանալու հեռանկարի անհնարինությունը գիտակցող ընդդիմության ողջ ճամբարում խորը հուսալքություն է: Քաղաքական գործունեությանն այստեղ փոխարինելու է եկել պարզ շուկայական պրագմատիզմը: Նոր կուսակցություններ ստեղծելու նախագծերն անհույս տապալվել են: ՀԱԿ-ի տեսքով ու նոր առաջնորդով արմատականությունը փորձելու է խորհրդարան թափանցել` Եվրոպայում իրենց համար սահմանվող ու մեզ պարտադրվելիք քվոտայով: Առայժմ «Ժառանգությունը» լուռ հետևում է տարածաշրջանից խոհեմաբար հեռացող ԱՄՆ-ին ու մինչև քվեարկության օրը չի կողմնորոշվելու` միանալ արմատականներին, թե՞ դառնալ ազգայնական: Դաշնակցությունը պահանջում է ավելին, քան կարող է ստանալ իր ապահովագրված հարյուր հազար քվեների դիմաց և ընդդիմության առաջնորդի դիրքերը սեփականացնելու համար ընտրապայքարի մեջ կմտնի Սոցինտերնի տեսանելի ընկերակցությամբ: Իշխանական կոալիցիայում հարաբերություններն ավելի բարդ են: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետականը ոչ մեկի աջակցության կարիքը չի ունենալու: Հանրապետության յուրաքանչյուր համայնքում քվեների մեծամասնություն ապահովելը պարզ ադմինիստրատիվ կազմակերպչական խնդիր է: Բայց դա դեռ չի նշանակում, թե իշխող կուսակցությունը վերցնելու է ողջ իշխանությունը: Միշտ պետք է հիշել, որ խորհրդարանականին հաջորդելու են նախագահական ընտրությունները: Իսկ 2013-ին ՀՀԿ թեկնածուին ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ մրցակցությունը, կամ (որ ավելի վատ է)` պայքարի մեջ մտնելը բոլորովին պետք չէ: Հետևաբար, իշխանությունը պետք է բաժանել հենց նոր խորհրդարան կազմավորելու ժամանակ: Հանրապետականը, կարծես, կարողացել է երաշխիքային բավարարում տալ ՕԵԿ-ի հավակնություններին: Գրեթե զրոյական վարկանիշ ունեցող ու քաղաքական կյանքից մեկուսացված կուսակցությանը ևս հինգ տարվա խորհրդարանական գոյություն կվերապահվի: Փոխարենը ՀՀԿ թեկնածուն կազատվի դեմագոգիկ ու պոպուլիստական քննադատությունից, ֆրանսիացիների հետ ավելորդ շփումներից, բայց ստիպված կլինի նաև ՕԵԿ-ը համալրել ապագա պաշտոնյաներով: ԲՀԿ-ի հավակնությունները շատ ավելի անհուն ու անորոշ են: Նրա առաջնորդն անձամբ է ղեկավարում կուսակցությունը շեշտակիորեն համալրելու աշխատանքները: Ամեն շաբաթ հանդիպումների են հրավիրվում սպորտի, մշակույթի, գիտության, բիզնեսի ազդեցիկ ներկայացուցիչներ, ովքեր շռայլ խոստումների դիմաց կարող են կոլեկտիվ անդամագրումներ ապահովել: Առանձնակի կարևորություն է տրված ԲՀԿ-ն ակտիվ զանգվածով` երիտասարդներով համալրելու գործին: Ուսման վարձի բեռից ազատվելու և պարգևատրումներ ստանալու հեռանկարի դիմաց այս ջահելները ընտրությունների ժամանակ հրաշքներ կարող են գործել: Իսկ ԲՀԿ առաջնորդը կկարողանա փաստի առաջ կանգնեցնել իր գլխավոր մրցակցին ու նոր հավակնություններ ներկայացնել նախագահական հեռանկարների վերաբերյալ: Այս առումով բոլորովին պատահական չեն 50+1 կամ 99,9 տոկոսների մասին հիշատակումները` խորհրդարանականի ժամանակ և Նախագահի իրենց թեկնածուի մասին առայժմ պահպանվող լռությունը£ Ըստ ամենայնի, ԲՀԿ-ն վա-բանկ է գնում ու փորձելու է ստանալ հնարավոր առավելագույնը: Կամ կկորցնի ամեն ինչ ու կդադարի գոյություն ունենալ: Անձամբ Գագիկ Ծառուկյանին այդչափ իշխանություն հարկավոր չէ: Եթե 2013-ին ԲՀԿ-ն առանց ծանրակշիռ վերապահման պաշտպանելու է Սերժ Սարգսյանին ու չի ունենալու Նախագահի իր թեկնածուն, ապա այս սակարկումներն ու ծավալվող աշխատանքն իզուր են: Հետևաբար, չի բացառվում, որ ԲՀԿ-ն, ինչպես և սպասվում էր, նախապատրաստվում է խաղադաշտ վերադարձնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եթե ոչ նախագահի, ապա, ինչն առավել հավանական է` վարչապետի պաշտոնով: Եթե հաջողվի, ԲՀԿ-ն կսկսի նախապատրաստվել 2018 թվականի համապետական ընտրություններին` այս անգամ իրոք առաջինը լինելու հավակնություններով: Եթե չհաջողվի, ապա ԲՀԿ-ն ուղղակի չի լինի£ Մեր երկրում ընդդիմադիր օլիգարխներ լինել չեն կարող, և այսօրվա ԲՀԿ-ն էլ չի կարող գործել ընդդիմադիր դաշտում£

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ