Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-15, 17-20-ում)

***

- Չի կարող պատահել,- բացականչեց Սամվելն ու տեղից վեր թռավ:

Բադալյանը մեկ քայլ հետ գնաց` ատրճանակն ուղղելով Սամվելի վրա:

- Առանց հիմարությունների…

- Գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչ է նշանակում դա,- գոռաց Սամվելը,- սպառնում են ոչնչացնել ազգդ, իսկ դու դեռ զե՞նք ես պահում վրաս:

- Այն ամբողջությամբ վերացվելու է, իսկ մեղավորը պատասխան կտա:

- Ո՞վ պետք է պատասխան տա,- ընդհատեց Սամվելը,- առաջինը դու պետք է պատասխան տաս:

- Չհամարձակվես մեղադրել,- սպառնագին նետեց Բադալյանը` թափահարելով ատրճանակը:

Սամվելը նստեց աթոռին: Ձախ ձեռքն այլևս չէր զգում: Վերքը շարունակում էր արնահոսել: Բադալյանին վնասազերծել չէր կարող: Աչքին ընկավ կոնյակի շիշը: Սենյակից դուրս պրծնելու միակ տարբերակը մնում էր հարձակումը:

Սամվելը կախեց գլուխն ու աչքերը ցավից փակեց:

- Տեսնո՞ւմ ես, ես ասում էի: Քեզ նույնպես խաբեցին: Այնտեղ ոչինչ չկա, այդ ամենը միայն հանցագործներին ճանապարհը ցույց տալն էր:

Սամվելը չէր էլ լսում Բադալյանի ասածը: Երբ բացեց աչքերը, դիմացը փոքրիկ կրիչն էր` վրան նկարված կարմիր կակաչ: Նրան թվաց, որ պատկերն առաջին անգամ չէր տեսնում: Վայրկյան անց հիշեց, որ նման գեղեցիկ կակաչ Տաթևը նկարեց իր նոթատետրում: Սամվելը նորից վերհիշեց պահարանի բացելը, փաստաթղթերը, գումարը, կրիչը… Այն մեկն ուրիշ է: Այն ավելի մեծ էր ու ամբողջությամբ սև և մետաղյա կափարիչով: Սա այլ կրիչ է, ավելի շուտ Տաթևինը, այն մեկը, որի համար Անահիտը գնացել էր Տաթևի աշխատասենյակ: Ամեն ինչ իր տեղն էր ընկնում ասես: Տաթևը հասցրել էր վերցնել այն, մինչ պատուհանով փախչելը: Այստեղ էլ Բադալյանին տվել էր այն, որն ամբողջությամբ դատարկ էր:

Սամվելը բարձրացրեց գլուխը: Աչքերի առջև մի պահ ամեն ինչ սևացավ, գլուխը պտտվեց: Մեկ վայրկյան անց նկատեց Բադալյանին: Նա նստած էր բազմոցին ու կոնյակ էր համտեսում: Ատրճանակը ձեռքին էր:

«Գրողը տանի, պետք է ամեն գնով օգնության հասնել Տաթևին»:

Հանկարծ ականջին ոտնաձայներ հասան, որ գալիս էին միջանցքից: Սամվելին թվաց` միայն ինքը լսեց, բայց Բադալյանը գավաթը դրեց սեղանին ու վեր կենալով` անաղմուկ մոտեցավ դռանը:

«Գուցե ոստիկանությո՞ւնն է»,- անցավ Սամվելի մտքով ու մինչ կփորձեր վեր կենալ, դուռը մեծ ուժով բացվեց:

Հանկարծակիի եկած Բադալյանը փորձեց մի քայլ հետ գնալ ու ընկավ հատակին, բայց միայն նա չէր: Ինչ-որ մեկի գեր մարմինը հայտնվեց Բադալյանի ոտքերի մոտ: Լսվեցին աղաղակներ:

«Աստվա´ծ իմ, նորից նրանք»:

Սենյակ խուժեցին չորսը: Երեքը մինչև ատամները զինված էին, իսկ մյուսը, ում հրեցին ու պառկեցրին հատակին, ոչ այլ ոք էր, քան Գաբրիելյանը: Ահաբեկիչներից մեկն ինքնաձիգի կոթով հարվածեց Սամվելին ու վերջինս դարձավ երրորդ պատանդը:

Գաբրիելյանին հետևել էին ու հասել տեղ:

Ահաբեկիչները ինչ-որ կցկտուր բառեր էին արտասանում:

«Հաստատ հայեր չեն,- մտածեց Սամվելը:- Աստված իմ, եթե պիտի սպանվեմ սրանց ձեռքով, ուրեմն` միայն արժանապատվորեն»:

Փորձեց վեր կենալ, բայց երեսին ստացավ հաջորդ հարվածը: Արյունը լցվեց բերանն ու աչքերը:

Ականջին հասան Գաբրիելյանի խոսքերը.

- Տականքներ, սպանում եք` դե սպանեք,- գրեթե գոռաց Գաբրիելյանն ու փորձեց վեր կենալ: Բադալյանը փորձեց կանգնեցնել ու ձեռքը բռնեց: Մի պահ լռություն տիրեց, ու պայթեց կրակոցի ձայնը: Փակ սենյակում օդը թնդաց պայթյունից: Սամվելի` արյունով լցված աչքերը միայն տեսան ինչպես Գաբրիելյանի մարմինը տապալվեց ու ընկավ իրենից մի քանի սանտիմետր այն կողմ: Արյունը սկսեց տարածվել դիակի շուրջը:

Կրակողն ահասարսուռ ու հիստերիկ կերպով սկսեց ծիծաղել:

- Կապել երկուսին էլ,- հրամայեց նրանցից մեկը:

Սամվելին պառկեցրին, ապա ձեռքերն ամուր կապեցին: Վիրավոր ձեռքի ցավը ստիպեց, որ ճչա, բայց ձայնը կոկորդից դուրս չեկավ, բերանն ամբողջությամբ արյամբ էր լցված:

Հանցագործները սկսեցին կոտրատված ռուսերենով բղավել, թե ուր է կինը: Նրանցից մեկը դուրս եկավ սենյակից. հավանաբար Տաթևին փնտրելու: Սամվելը հայացքով փորձեց հասկացնել Բադալյանին, որ չխոսի: Տաթևին գտնելու դեպքում կսպանեին բոլորին ու ապացույցն էլ կվերացնեին: Այսպես գոնե հնարավոր կլիներ ժամանակ շահել և գուցե համոզել, որ կրիչի պարունակությունն ամբողջովին ջնջվել է:

Հանցագործներից մեկը մոտեցավ ու սկսեց ոտքից գլուխ խուզարկել: Սամվելի մոտ ոչինչ չկար, իսկ Բադալյանի գրպանից հանված հեռախոսը փշուր-փշուր եղավ հատակին:

Նրանցից մեկը, որ հրամայել էր կապել և հավանաբար հանցագործների պարագլուխն էր, կռացավ ու նայելով Բադալյանի աչքերին` հրացրեց.

- Ո՞ւր է կրիչը:

Բադալյանը հայացքով ցույց տվեց համակարգչի կողմը:

Մի քանի անգամ կրիչը համակարգչին միացնելուց ու անջատելուց հետո համոզվեցին, որ այն ամբողջությամբ դատարկ է, սակայն նրանց համար այն այդքան էլ կարևոր չէր կարծես, քանի որ սկսեցին անմիջապես հարցնել, թե ուր է Տաթևը:

Ինքնաձիգի կոթն առաջ մեկնած` հանցագործը կանգնեց Բադալյանի առաջ ու կրկնեց հարցը: Բադալյանը չպատասխանեց: Դեմքին ուժեղ հարվածը չուշացավ, որից հետո հերթը հասավ Սամվելին: Սամվելը նույնպես չպատասխանեց ու ինքնաձիգի կոթը երկրորդ անգամ դիպավ դեմքին:

Մի պահ թվաց կորցրեց կառավարումն ու ուշագնաց եղավ: Երբ բացեց աչքերը, երեք հանցագործները ինչ-որ բան էին խոսում: Նրանց էր միացել երրորդը: Բադալյանը հավանաբար ուշագնած էր եղել ու դեմքն ամբողջվին արյան մեջ կորած էր: Նրանցից մեկը շտապեցնում էր:

«Հավանաբար գտել են Տաթևին»:

Սամվելը հուսահատ փակեց աչքերը:

«Ամեն ինչ կորած է»: Սամվելի ականջին հասավ կպչուն ժապավենի բացվելու ձայնը: Հիմա էլ ոտքերն են կապում: Առանց դիմադրություն ցույց տալու` թույլ տվեց, որ հանցագործը ժապավենը փաթաթի ոտքերին, ապա սկսեցին կապել Բադալյանին: Մյուսը սկսեց Սամվելի ոտքերից քաշել ու քարշ տալով դուրս հանեց սենյակից: Միջանցքով անցնելիս Սամվելը հայացք ձգեց այն սենյակի ուղղությամբ, որտեղ Բադալյանը բանտարկել էր Տաթևին: Դուռը փակ էր: Սամվելը հայացքը թեքեց դռան կողմը, հույս ունենալով դռան ու հատակի ճեղքից որևէ բան տեսնել: Ու երբ արյունլվա դեմքը սահում էր դռան կողքով, նկատեց այն, ինչ ուզում էր: Տաթևի կոշիկները: Նա կանգնած էր հենց դռան հետևում:

«Միայն թե նրան չվնասեն»…

Սամվելը չհասկացավ, թե ինչպես հայտնվեց տան դռան շեմքի մոտ, միայն զգաց, որ քարե աստիճաններից գլորվում է վար: Նույն բախտին արժանացավ նաև Բադալյանը:

Ականջին հասնում էին ահաբեկիչների կանչերը: Նրանցից մեկը հասցրել էր արդեն կանգնել շքեղ առանձնատան դարպասների մոտ:

(շարունակելի)