Մի կողմ դնել անձնական շահը


«Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոնը հիմնադրման առաջին իսկ օրվանից իր առջև խնդիր է դրել համագործակցել բոլոր ոլորտներում անձի զարգացմանն ուղղված գործունեությամբ զբաղվող շահագրգիռ կազմակերպությունների հետ: Այսօր կենտրոնն արդեն համագործակցում է բազմաթիվ բուժհիմնարկների, կրթության ոլորտի օղակների ներկայացուցիչների հետ: 2012-ից համագործակցում է նաև արդարադատության ոլորտի հետ` իր առջև նպատակ դնելով իրավաբանական հոգեբանութ յունը ծառայեցնել արդարադատության իրականացմանը: Հոգեբանական աննպաստ վիճակի ու դրա հետևանքների մասին է զրույցը հոգեբան, կոգնիտիվ հոգեթերապևտ, «Կոնվերսիա» հայ հոգեբանների լիգա ՀԿ-ի նախագահ Արկադի ՄԵՀՐԱԲՅԱՆԻ հետ:

- Եթե հոգեբանի հայացքով նայենք իրականությանը` ինչպե՞ս կբնութագրեք մեր ժամանակները և մեր հասարակությունը:

- Հոգեբանի հայացքով մեր հասարակությանը բնութագրող հատկանիշները, ցավոք, ուրախացնող չեն: Մասնավորապես`

ա. տրավմատիկ, ինչը հիմնականում ընտանեկան սխալ մոդելների, ընտանեկան կյանքին պատրաստ չլինելու հետևանք է.

բ. տագնապային, որը ներկայի անարդարության և ապագայի հանդեպ անորոշության զգացողությունների արդյունք է.

գ. ագրեսիվ, ինչը անձնային տիրույթները խախտված լինելու հետևանք է.

դ. նևրոտիկ, որն էլ սխալ դաստիարակության, կյանքի հանդեպ ունեցած սխալ պատկերացումների, իռացիոնալ համոզմունքների և ոչ ճիշտ արժեհամակարգի արդյունք է.

- Մարդիկ անհանդուրժող են դարձել, անտարբեր, կորցրել են հավատն ու վստահությունը բոլորի և ամեն ինչի հանդեպ: Արդյո՞ք դա միայն սոցիալական ծանր պայմանների հետևանք է: Չէ՞ որ մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում դժվարություններ շատ է հաղթահարել, սակայն պահպանել է ազգային նկարագիրն ու արժանապատվությունը:

- Ոչ, դա միայն սոցիալական ծանր պայմանների հետևանք չէ: Այստեղ մեծագույն խնդիրներից մեկը, որը ոչ միայն այս հարցին է վերաբերում, այն է, որ մարդիկ չեն կարողանում խնդիրներ լուծել, ճիշտ գնահատել իրավիճակները: Եվ, որ ամենացավալին է, մարդիկ իրենց անհաջողությունների հիմնական պատճառները փնտրում են իրենցից դուրս` կարծես ցանկանալով մեղավորներ գտնել` միաժամանակ հնարավորինս արդարացնելով իրենց: Ինչ վերաբերում է ազգային նկարագրին ու արժանապատ վությանը` ապա դրանք կորցրել են իրենց նշանակությունը: Ավելի ճիշտ` խեղվել ու խեղաթյուրվել են դրսից ներխուժած ոչ հայեցի «արժեքների» հետ և դարձել խառնածին` ընդ որում բացասական նշանով: Դա թե´ պետական և թե´ հոգևոր կառույցների հանցավոր անգործության և անտարբերության հետևանք է:

- Ինչի՞ կարող է հանգեցնել համընդհանուր դարձած այս նյարդագարությունը, և ի՞նչ ելքեր կարող են լինել այս հոգեվիճակից:

- Հնարավոր ամենաօպտիմալ տարբերակն ընդհանուր կրթվածության մակարդակի բարձրացումն է: Ավելի կոնկրետ` կյանքի գիտելիքների ուսուցումը հասարակութ յանը: Պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի կրթական համակարգի միջոցով (սկսած նախակրթարաններից) հասարակության բոլոր անդամներին դժվարություն ների հաղթահարման, խնդիրներից չխուսափելու, դժվարին իրավիճակներում կամք դրսևորելու հմտություններ ու կարողություններ սովորեցնելու գործում:

- Հոռետեսները սկսել են կասկածի ենթարկել մեր ժողովրդի ապագան: Դուք, իհարկե, պայծառատես չեք, սակայն ինչպիսի՞ն եք տեսնում հայի և Հայաստանի ապագան:

- Ես, որպես անուղղելի լավատես, միգուցե այդքան էլ իրատեսական չեմ արտահայտվի, սակայն իմ կարծիքով փոքր (քանակով) ժողովուրդներն ավելի մեծ հնարավորություններ ունեն բարեկեցիկ ապրելու և ամուր հիմքեր պահելու: Ես շատ ավելի շուտ եմ տեսնում հայի և Հայաստանի բարեկեցիկ ապագան: Ամենակարևորը, որ պետք է արվի (ինչը սակայն, երևի, ամենադժվարն է)` մի կողմ դնել անձնական շահը` հանուն ազգի և երկրի բարօրության:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ