75-ամյա Ծիծաղի թատրոնը

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ

Արտասովոր աշխուժություն էր տիրում Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այդ երեկո: Տոնական լույսերով ողողված շենքի նախասրահում հանրածանոթ աշխույժ մեղեդիներ էր հորդում նվագախումբը` Ծիծաղի թատրոնի ծննդյան 75-ամյակի հանդիսությանը հրավիրվածներին աներևույթ ուղեկցելով դեպի դահլիճ:

Ոմանք հապաղում էին` սևեռվելով էկրանին ցուցադրվող տեսանյութի նորօրյա թատերաշարի վրա: Մյուսները շուրջկալել էին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին, ով ներկայացնում էր իր հեղինակած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 17-րդ ստվարածավալ հատորը: Հանրահայտ արվեստաբան-թանգարանա գետը սրտի թրթիռով էր թերթում հարազատ թատրոնի ստեղծագործական պատմությունն ամփոփ մատուցող նորընծա գիրքը, որի խմբագիրը կյանքի մայրամուտին երազել է լինել նրա մեծատաղանդ բարեկամը` անզուգական արտիստ Կարպ Խաչվանքյանը: Ներկաները զարմացախառն հիացմունքով էին փաստում, որ գրքի առաջաբանը գրել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Գոհար Գասպարյանը և Էդվարդ Միրզոյանը: Ապա տրտմում ակամա` դեռևս 2002-ին... Եվ ինքնաբուխ երախտագիտությամբ էին լցվում թատերագիտական այս ծանրակշիռ ուսումնասիրությանը տպագրական կյանք պարգևած «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հանդեպ:

Արդեն 9 հնչեղ անուններ ունեին խաղացանկում, երբ 1942-ի հունիսի 22-ին, Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել էր Հայաստանի առաջին օպերետային պետական թատրոնի վարագույրը: Դեռևս 1940-ին է անկրկնելի Շարա Տալյանը Երևանում օպերետային պետական թատրոն ստեղծելու առաջարկով դիմել Հայաստանի կառավարությանը: Նկատի առնելով մեծանուն երգչի նախաձեռնությամբ Լենինականում (իմա` Գյումրի) 1923-26 թթ. կազմակերպված օպերա-օպերետայի թատրոնի բեղմնավոր փորձառությունը` նրան թույլ են տվել Հայֆիլհարմոնիային կից էստրադային խումբ ստեղծել, որն առավելապես փոքրածավալ թատերական երաժշտական գործեր պետք է ներկայացներ: Դոնի Ռոստովի խորհրդահայ առաջին պրոֆեսիոնալ օպերետային թատրոնի (1922-1936 թթ.) և հայաստանյան օպերա-օպերետայի տաղանդավոր ներուժի մեկտեղմամբ ձևավորված խումբը, ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած ուխտադրուժ պատերազմի ռումբերի պայթյուններից չերկնչելով, Վալենտինովի «Հրո քրմուհին» և Երիցյանի ու Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետներն է բեմ հանում: Եվ ամառային թատրոնում ( երբեմնի Ֆլորայի այգում) առաջին իսկ ներկայացումներով համակրանք ու ճանաչում է նվաճում:

Երևանում օպերետայի պետական թատրոն հիմնադրելու մասին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1941 թվականի փետրվարյան որոշումը` «Ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսի հրամայականով, իրականացվում է 1942-ի մարտի 15-ին միայն: Պատերազմող հայրենիքի մի բռունցք, մի սիրտ դարձած ժողովրդի դիմակայման կորովը կարկաչուն ծիծաղով հզորացնելու դժվարին առաքելության առաջամարտիկները ժամանակի հայ մշակույթի ջահակիրներ էին` Շարա Տալյանը, Արմենակ Տեր-Հովհաննիս յանը, Արտեմի Այվազյանը, Զավեն Վարդանյանը, Թադևոս (Թաթիկ) Սարյանը, Հայկ և Իզաբելլա Դանզասները... Լեգենդներ, ում բարձր արվեստի կենարար ներուժով ոչ միայն բոցկլտում էր հաղթանակի հավատը մահու և կենաց համաժողովրդական պայքարում, այլև հուսալիորեն ամրանում էին Ծիծաղի նորաստեղծ թատրոնի հիմքերը: Ստեղծագործական քուրայում թրծվում էին հիմնադիր խաղացանկի առաջնեկները` Արտեմի Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան», «Քաջ Նազար» օպերետները, Իմրե Կալմանի հանրահայտ «Սիլվան»... Տաղանդավոր արտիստների աներևակայելի համադաշնությամբ բեմ էին բարձրանում վառվռուն թատերայնությամբ միմյանց չզիջող հրաշալի ներկայացումներ` նույնիսկ տնանկ դեգերումների 18 երկար ու ձիգ տարիներին. «Ազատաշունչ հողմը», «Լեբլեբիջի Հոր-հոր աղան» («Կարինե»), «Մորգանի խնամին», «Գնչուների բարոնը», «Պարերի ուսուցիչը», «Իմ չքնաղ լեդին»... Երգ ու պարով, զվարթ երաժշտությամբ ու համընդհանուր պաշտամունք վաստակած արտիստների հյութեղ ու կենսախինդ համախաղով բեմից դահլիճ ալիքվող իմաստուն ծիծաղով առլեցուն օպերետային բազմաթիվ ներկայացումներ, «աճեմյանական ոսկեդար»... Աստեղային ստեղծագործական թռիչքի տասնամյակներ, որոնց փայլը 1963-ին ամենևին չխամրեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն անվանափոխությամբ ... Եվ հանկարծ` 88-ի ավերիչ երկրաշարժ, ազգային ինքնագիտակցության զարթոնք, Արցախյան պատերազմի անկասելի փորձություններում թրծվող հաղթական երթ...

Ծիծաղի ինքնահատուկ զենքով

Ժանրի ռահվիրաների կորուստներով և սոցիալական մամլիչով գույն առ գույն խունանում էին երբեմնի շքեղահանդերձ ու զվարթաշունչ ներկայացումները: Մասունքի պես փայփայվում էին ժանրի վերջին մոհիկանները` Կարպ Խաչվանքյանը և Սվետլանա Գրիգորյանը: Այդուհանդերձ, չէր ընկրկում Ծիծաղի թատրոնը, չէին մարում երեկոյան լույսերը: Հումորաշաղախ լավատեսությամբ «սպառազինված»` խենթ նվիրյալներով և Երվանդ Ղազանչյանի խաղացանկային անկոտրում մարտավարությամբ թատրոնը փորձում է համբերատար ճեղքել հակամշակութային խավարը: Օպերետի սիրահարներին հավատընծա հույսի առաջին շողերը ներշնչեց «Ատամնաբույժի» վերադարձը: Դրանից 12 տարի անց միայն հնարավոր եղավ «Մորգանի խնամին» քաղաքական կատակերգության շքեղ բեմելը:

Չընկճվեց Ծիծաղի թատրոնը: Շենքի վերանորոգմանը զուգընթաց լրջորեն մտահոգվեց` շնորհալի նորերի մեջ վաղվա ջահակիրներին փնտրելով: 20 հրավիրյալ բեմադրիչներ իրենց ուրույն գեղագիտության քուրայում նորովի բացահայտվելու ստեղծագործական խթան դարձան «պարոնյանցիներից» շատերի համար: Նորարար փորձարարական նկրտումներով մեծ բեմին զուգահեռ սկսեց աշխուժանալ վերնահարկի նորաբաց փոքր սրահը: Կրակված օպերետի գունեղ վերադարձով, երիտասարդական ներուժով բեմավորվեց Չուխաճյանի «Կարինեն»:

Անարվեստ ժամանակների փորձությունները հերոսաբար դիմագրավեց Ծիծաղի թատրոնը: Ծիծաղով բժշկելով իր հանդիսատեսին` լավատես մնաց ու, փաստորեն, հենց ծիծաղի ինքնահատուկ զենքով էլ հաղթեց: Եվ այսօր տոնում է իր ծննդյան 75-րդ տարեդարձը: Տոնում է երիտասարդացած ավյունով և վաղվա օրվա հանդեպ նորոգված հավատով. չէ՞ որ իր ներկայությամբ ծննդյան հանդիսությունը պատված ՀՀ նախագահն առանձնահատուկ բարեհաճությամբ է վերջին տարիներին սատարում կարևորագույն նախաձեռնությունները: Ի հեճուկս նոր պատերազմական վտանգների` բարձրագույն պարգևների գնահատանքով է խթանում թատերասեր հանրությանը ծիծաղի զենքով բժշկելու առաքելությանը որդեգրված արտիստական նոր սերնդի ստեղծագործական թռիչքը: Խաղացանկային ծանրության բեռը հարաճուն վարպետությամբ կրող Սաթենիկ Հախնազարյանին, Արթուր Կարապետյանին, Նարինե Ալեքսանյանին, Վարուժան Մանուկյանին և Ավիկ Խալաթյանին շնորհում է «ՀՀ վաստակավոր արտիստ» պատվավոր տիտղոս, իսկ մեկուկես տասնամյակ թատրոնի ամենօրյա գործունեությունը անխափան տնօրինող Կարո Շահբազյանի պատկառելի վաստակը գնահատում «Մովսես Խորենացի» մեդալով: Ավելին, սիրահոժար արձագանքելով հոբելյանական երեկոյի հումորաշեն հանդիսավար Երվանդ Ղազանչյանի բեմից իրեն հղված նոր առաջարկնե րին` հույս է ներշնչում, որ կշարունակվեն արժանիորեն գնահատվել ու մեծարվել արդի հայ մշակույթի քանքարավոր նվիրյալները, որ թատերական բարձրարվեստ ծաղկունքով առավել կհզորանա Հայոց բանակի զինվորը: Երբևէ իր տարեգրությանն առնչվող բարալիկ բրոշյուր իսկ չունեցած 75-ամյա թատրոնի ծանրակշիռ կենսամատյանի բեմական գինեձոնին Սերգեյ Առաքելյանի ու Երվանդ Ղազանչյանի հետ մասնակցող տիկին Ռոզա Ծառուկյանը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անունից հավաստիաց նում է, որ շարունակական է լինելու 12-րդ Շեքսպիրյան միջազգային փառատոնով թափ առած իրենց արվեստամեծար մեկենասությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ