<Արժեքները չքանում են>


Անցյալ հարյուրամյակի մեծն մարդասեր, 1919 թ. հիմնված Ազգային լիգայի փախստականների գծով առաջին գերագույն հանձնակատար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 155-ամյակի երեկոն մարդաշատ էր ու ջերմիկ: «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Բախչինյանի նախաձեռնությամբ ու անդուլ ջանքերով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հավաքվածները ևս մեկ անգամ մարդասիրության նանսենյան առեղծվածն էին փորձում վերծանել: Ամենքին համակած զգացողությունը մեկն էր` երախտագիտություն:

Հիմա դժվար է ասել, թե Նանսենյան անձնագրերով Եղեռնից փրկված աշխարհի տարբեր ծագերում բնավորված 320 հազար հայերի սերունդները որքանով են ծանոթ մեծ մարդասերի կյանքին ու գործին: Նրանք հիշո՞ւմ են կամ գիտեն արդյոք նրա մեծագործության մասին, բայց Ֆելիքս Բախչինյանը առիթ բաց չի թողնում` այս անունը խնկարկելի դարձնելու: Պատահական չէ, որ մտերիմներից շատերը նրան Նանսենի հայ որդի են անվանում:

Խնկարկման երեկոյի հաջորդ օրը Ֆ. ԲԱԽՉԻՆՅԱՆԻ հետ մեր զրույցը, ինչպես միշտ` մտավորականության, մերօրյա իրողությունների մասին էր:

- Արդեն 5 տարի է` որևէ լուրջ միջոցառում, որևէ մնայուն գործ չեմ կատարել` նյութական վիճակից ելնելով: Նանսենն ավելի շատ մեծարանքի է արժանի, սակայն քչերին է դա հետաքրքրում:

- Այսինքն, այսօր առանձնապես ոգևորվողներ չկան. և եթե բիզնես-տերմինալոգիայով` դա շահավետ գործ չի: Մեծերին չգնահատելն արդեն հոգեբանութ յուն է: Մեծագույն շուքով Եղեռնի 100-ամյակ նշեցինք, ամբողջ աշխարհը ցնցվեց, բայց մյուս կողմից հայերի փրկության գործում մեծ ավանդ ներդրած մարդու հիշատակը կամ նրա անվամբ գործող հիմնադրամն ուշադրության չի արժանանում: Այս հոգեբանական ճաքը, Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված:

- Մեր անտարբերությամբ: Որպես օրինակ ուզում եմ հիշել հենց «Ավանգարդ»-ում տպագրված մի հրաշալի հրապարակում. Գրիգոր Ջանիկյանի հոդվածը` գթության քույրերի մասին, ովքեր օգնել էին Եղեռնից առաջ, Եղեռնի ժամանակ և հետո: Նրանք հիմնականում եվրոպայի միսիոներուհիներ էին, և նրանց մասին հրաշալի մի ֆիլմ ստեղծվեց: Բայց դարձյալ մեծ խնդիրներ ունեցան թե´ դրա ցուցադրման, թե´ ստեղծման գործում: Ես ծանոթ եմ ստեղծագործական խմբին և գիտեմ, թե ինչ դժվարություն ներով կարողացան հաղթահարել այդ ճանապարհը, գնալ նրանց ոտնահետքերով: Նույնը Նանսենի պարագայում, ով 320 հազար հայ է փրկել: Սփյուռքը կազմավորվել է հիմնականում այդ փրկված, Եղեռնից մազապուրծ գաղթականներից, և աշխարհի 52 երկրներում նրանք ստացել են քաղաքացիություն` Նանսենյան անձնագրերի շնորհիվ: Բայց ես այս 155-ամյակին տեսա, թե ինչպես մարդիկ հրավիրատոմսերը նետում էին աղբարկղը` Բաբաջանյան համերգասրահի մոտ: Իսկ այդ հրավիրատոմսերի վրա Նանսենի ու նրա գործի մասին պատմող ուշարժան տողեր կային: Ցավալի անտարբերություն: Նաև լրատվամիջոցներից որևէ մեկը չկար, բացի «Հայաստանի Հանրապետութ յան» թերթի աշխատակցից: Ցավալի է, որ այսօր այսպիսի սուրբ, ազնիվ մարդը, ում մասին երջանկահիշատակ Գարեգին Ա-ն ասել է. «Նանսենի գործը Քրիստոսի ավետարանի մարդկային թարգմանությունն է», այսօր որևէ մեկին չի հուզում: Դժբախտաբար, բոլոր արժեքները չքացել են:

- Փաստորեն, ստացվում է, որ նվիրյալներով միայն նվիրյալներն են զբաղվում: Մյուսներին դա չի հետաքրքրում: Դա էլ վերագրենք խառն ու խրթին ժամանակների անփութությանը: Ասացիք` լրատվամիջոցներին էլ չի հետաքրքրել Ձեր հրավերը: Որպես լրագրող` և´ կոչումով, և բավական աշխատանքային փորձով, ինչպե՞ս եք վերաբերվում մերօրյա լրատվական դաշտին:

- Մի փաստ հիշատակեմ` հետևությունները թողնելով ձեզ և ընթերցողին: Երբ սկսվեց Նանսենի թանգարանի կառուցումը, գրեթե բոլոր լրատվամիջոցները չարացած աղմկում էին, թե մենք կառուցում ենք Հիտլերի թանգարան: Բոլորը դեմ էին: Իրավունք ունեմ կարծելու, որ նրանք կաշառված էին ինչ-որ մարդկանց կողմից:

- Այդ մարդկանց ինչո՞վ էր խանգարում:

- Այդ մարդիկ երևի չեն ուզում, որ Նորվեգիայի, մեծ նորվեգացու մասին խոսվի: Մինչդեռ, երբ Նանսենի թոռնուհին` տիկին Մարետ Գրեվեն եկել էր Հայաստան և հայկական անձնագիր ստացավ, Նորվեգիայի կառավարության դեմ ելույթ ունեցավ, թե ինչո՞ւ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Երևի կան մարդիկ, ում ձեռնտու է, որ չճանաչվի Եղեռնը: Գրանտակերները տարածել էին, թե իբր ծառեր էին կտրում, կանաչ տարածություններ են ոչնչացվում, բայց դա ցեմենտով արդեն առանձնացված, խորհրդային ժամանակվանից հատկացված էր, որ այդտեղ տեղադրվի Նանսենի արձանը և կառուցվի թանգարանը: Բայց կարևորն այն է, որ ունեցանք մի անկյուն` հենց իր անվան փողոցում, իր անվան զբոսայգում:

- Ինչպե՞ս կբնութագրեք մեր մտավորականությանը: Իրարամերժ կարծիքներ են հնչում, իրարամերժ շատ քայլեր են արվում: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես մտավորականություն երևույթը:

- Մտավորականները ազգի մարտակառքի առաջին վագոնի ուղևորներն են: Եվ թե´ խորհրդային տարիներին, թե´ հիմա նրանց մեջ եղել են ազնիվ, անկաշառ, իսկապես նյութական վատ վիճակով ապրող, բայց չծախվող անհատներ: Ինչ-որ մասն էլ դժբախտաբար տարվում են հովանավորների փողերով, ինքնամատուցվում են և սկսում են երգեր հորինել, գրքեր գրել… Ու կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի` այդպիսիները դեռ կշատանան:

- Հուսահա՞տ եք:

- Լավատեսության հիմքեր ես չեմ տեսնում: Եվս մեկ օրինակ բերեմ. Նանսենի հոբելյանի առիթով դիմեցի տարբեր թե´ պետական, թե´ այլ կառույցների և` «ձայն բարբառո հանապատի»: Ոչ մեկը ոչ մի օգնություն չցուցաբերեց: Երևի մտածում էին, որ Նանսենն իմ հորեղբայրն է կամ քեռին: Մնում է գոհանալ, որ գոնե չեն խոչընդոտում, բայց նաև չեն օգնում: Միայն սուտ խոսքեր` բաժակաճառի մակարդակով: Եվ մեզանում այդ «կենացները» ամեն տեղ են` և´ գիտության մեջ, և´ մարդկային հարաբերութ յուններում, և´ գրականության մեջ…

Էությամբ ես ավելի իդեալիստ եմ. գաղափարներով եմ ապրել: Վերջերս, իմ պաշտոնավոր ընկերներից մեկի վարոդը նույնիսկ ինձ հանդիմանեց, որ այդպես չէր կարելի ապրել: Իսկ ես դեռ շարունակում եմ ադպես ապրել:

- Եվ ո՞րն է Ձեր դավանած գաղափարը:

- Տարածել բարություն, մարդու մեջ լավը տեսնել, օգտակար լինել, մեկս մեկի նկատմամբ չլինենք այսքան չար, այսքան բամբասկոտ: Բայց այս տարիների ընթացքում ոչ թե ես չար մարդկանց կարողացա մարդասեր դարձնել, այլ ինքս հիվանդացա, որովհետև ամեն քայլափոխի պատի ես դեմ առնում: Իհարկե, թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում մենք ունենք մտավորականներ, ովքեր իսկապես ազգի սերուցքն են` գրողներ, գիտնականներ, նկարիչներ, երաժիշտներ: Բայց դարձյալ նրանք քիչ են, և դարձյալ փոքր խմբով ոչինչ հնարավոր չէ անել:

- Կիսում ե՞ք այն կարծիքը, թե մենք արդեն անդունդ ենք գահավիժում: Ուղղակի մի նկատառում. ամբողջ աշխարհն է այս վիճակում: Եվ դա մխիթարո՞ւմ է, թե՞ ընդհակառակը, ավելի ահագնացնում է տագնապները:

- Դուք ճիշտ եք ասում, ամբողջ աշխարհն է այս վիճակում: Ես ամբողջ աշխարհի հետ չեմ առնչվում, բայց գոնե այդ գահավիժող աշխարհում մարդկային հարաբերություններն այնպես չեն, ինչպես մեզանում: Մեզ մոտ անծանոթն անծանոթին այնպես է նայում, կարծես երեկ ինչ-որ վատ բան են արել իրար: Բայց, թեկուզ մեր հարևան Թբիլիսի օրինակով` փողոցներում քայլող անծանոթները ժպտում են իրար: Սկզբում ես մտածում էի, թե ծանոթներ են, բայց ինձ` օտարերկրացուս էլ էին ժպտում: Պիտի ավելի բարի դառնանք, պիտի ուշադիր լինենք մարդկանց հանդեպ և հարգենք միմյանց: Երեկ 80 տարեկան մի կին հազիվ ավտոբուս բարձրացավ: Ուղևորների կեսից ավելին մինչև 30 տարեկաններ էին, ու ոչ մեկը «չնկատեց» ծեր կնոջը. ես նրան տեղ զիջեցի: Հիշում եմ տասնամյակներ առաջ երջանկահիշատակ Վարդգես Պետրոսյանի «Գազո՞ն, թե՞ անտառ» հրապարակախոսական հոդվածը: Հիմա այդ գազոնն է. խեղկատակներից մեկի ձեռքով բոլորը և ամեն ինչ համահարթեցվում են:

- Միայն բարությունը կփրկի աշխարհը. դա հասկանալի է, բայց այդպես էլ այդ բարությունը մեզ այցի չի գալիս: Ի՞նչը կփրկի այդ վիճակից, մարդկանց դուրս կքաշի մելամաղձի ճահճից:

- Ինձ թվում է` ոչինչ չի փոխվի:

- ՞ ՞ ՞:

- Եթե մարդիկ տեսնելով տարերային աղետները, տեսնելով այդ արհավիրքները` Մերձավոր արևելքում, մի քիչ չեն մարդկայնանում, վաղը մի բան պատահի Հայաստանում` այդ մարդիկ ի՞նչ են անելու: Պետք է բարիանա՞ն: Չէ´: Չարն ավելի է չարանում: 88-ի երկրաշարժից հետո Մյասնիկյան պողոտայում ինքնատիպ մի վահանակ էր տեղադրվել` «Շնորհակալություն» մակագրությամբ: Դրա վրա նշված էին բոլոր այն երկրները, որոնք շտապել էին օգնել աղետյալ Հայաստանին: Նույնիսկ դա չպահեցին: Այդ մի փոքրիկ քարտեզն ո՞ւմ էր խանգարում: Այդ երկրներից Հայաստան եկողներին դա կհուշեր, որ հիշում ենք, գնահատում… 7 տարեկան ճապոնացի երեխան փողոցում նվագել ու փող էր հավաքել` Հայաստան ուղարկելու: Ո՞նց կարելի է այս ամեն ինչը ջնջել: Ուզում ենք ջնջել մեր հիշողությո՞ւնը: Այսօր մեր երիտասարդների մեծ մասն այնպես է ապրում, ասես որևէ ցավ ու դարդ չունեն, ապագայի մասին չեն մտածում: 80 տոկոսը կարո՞ղ է ապրել այդպես: Ես ուզում եմ լավատես լինել. շատ եմ սիրում իմ ժողովրդին և ընդհանրապես մարդկությանը: Բայց մեր ժողովրդի, պետության վաղվա օրը մշուշված եմ տեսնում: Տա´ Աստված, որ շուտով ցրվի այդ մշուշը, և հայը նորից իր ձեռքով իր երկիրը շենացնի, իր ապագան կերտի:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ