ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

Դո´ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից վերջերս կյանքի կոչված «Դո´ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը շրջադարձային մի կարևոր քայլ, նպատակասլաց ու արդյունավետ նախաձեռնություն է` ի նպաստ Արցախ աշխարհի ու նրա բարօրության: Շարժման արձագանքները միայն բարեգթությամբ շաղախված բառերն ու բառակապակցությունները չեն, այլև Արցախի հանդեպ համայն հայության կողմից ցուցաբերված շարունակական ընթացք ունեցող ուշադրությունն ու մտահոգությունը, սերը, մարդասիրական, հայրենասիրական մոտեցումը` բարոյական և նյութական աջակցության տեսքով: Սփյուռքյան շատ կառույցներ արդեն իսկ արձագանքել են և իրենց գործնական քայլերով միացել շարժմանը:

Այս հայրենասեր հայուհին, սեփական նախաձեռնությամբ, ծերության իր թոշակից պարբերաբար մեր սահմանները պաշտպանող զինվորներին օգնելու համար երեկ ՀՀ սփյուռքի նախարարի կողմից արժանացավ պատվոգրի և հանդիսավոր արարողությանը ներկա գտնվող նախարարության աշխատակիցների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ջերմ ծափահարություններին: Անակնկալի եկած` Սիրան մայրիկն իր շնորհակալական խոսքում շեշտեց`.

- Կարևորը բանակն է, զինվորը. առաջինը բանա´կը պետք է հարուստ լինի, հետո` պետությունն ու ժողովուրդը, բանա´կն է մեր խաղաղությունն ապահովողը:

Միջոցառումից հետո Սիրան մայրիկը հյուրընկալվեց նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականին, իր մայրական բարեմաղթանքներով օրհնեց բոլորին, այնուհետև եղավ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի մոտ` նրան հանձնելով Մարտակերտ ու Հորադիզ ուղարկելու համար պատրաստած իր ծանրոցները…Հուզիչ էր պահը, երբ Սիրան մայրիկը Ֆ. Զաքարյանին հանձնեց նաև պահպանիչ աղոթքների բազմացրած տրցակը` այդ ամենը ևս ամեն կապոցի հետ ուղարկելու յուրաքանչյուր զինվորի:

…Հայրենասիրության ամենագեղեցիկ ելույթը, ամենախորիմաստ արտահայտու-թյուններն ու նաև բարձր ամբիոններից ասված բոլոր խոսքերը հայրենադարձված այս նշխար հայուհու` 81-ամյա Սիրան մայրիկի ձեռամբ պատրաստված մի հատիկ կապոցի չափ անգամ չեն կարող խոսուն լինել. սա´ է հայրենասիրության, հայրենասերի իրական դիմանկարը:

Այս շարժման կարգախոսը 16 տարի առաջ Մարսելից հայրենադարձված 80-ամյա Սիրան մայրիկի ծավալած ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ, իր իսկ կենսաթոշակի միջոցներով պատրաստվող ծանրոցներն են, որոնք նա ուղարկել և շարունակում է ուղարկել զորամասեր: Դրանց մեծ մասը բաշխվել է Արցախի սահմանները պաշտպանող մեր զինվորներին:

Այն հարցին, թե իր բարեգործության մասին գիտե՞ն, ինչ-որ ձևով խրախուսե՞լ են արդյոք, տիկին Սիրանը պատասխանում է.

- Ես Աստծո և իմ ազգի զավակների համար եմ անում և չունեմ ոչ մի ակնկալիք:

Հետո պատմում է.

- 1999-ին մեկ ամսով եկա Հայաստան, իսկ 2000-ին տուն գնեցի Ջրաշեն գյուղում և մինչ այսօր ապրում եմ այստեղ: Ցավոք, ամուսինս 25 տարի է, ինչ մահացել է: 4 տղա և 2 աղջիկ ունեմ, 15 թոռնիկ, 3-4 ծոռ. հարուստ եմ ու երջանիկ նրանցով: Մենք 1966-ին ենք Բեյրութից Ֆրանսիա գնացել: Ես հիմնականում կար եմ արել, ասեղնագործել, երեխաներիս խնամել: Այստեղ` Ջրաշենում, երկու տնամերձ ունեմ, իսկ այգի ունեցողը միշտ էլ գործ է ունենում, երբեք պարապ չի մնում:

Թեև դժվարությամբ, սակայն ինձ հաջողվում է պարզել, որ այս նշխար-հայուհին, ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլյան քառօրյայի դեպքերից անչափ ազդված, ցանկացել է ինչ- որ կերպ իր մայրական սրտի գորովանքը հասցնել սահմանները պաշտպանող մեր զինվորներին` հագուստի կտորներից բաղկացած կապոցներ ուղարկելով Շամշադին, Հադրութ, Ասկերան, Արալեզ, Եղնիկներ և սահմանային այլ տարածքներ: Ամեն անգամ գումարային տարբեր չափերի հասնող ապրանքը նա ձեռք է բերել Գյումրիի «Լենտեքս» ձեռնարկությունից. միայն վերջերս գնել է մոտ կես միլիոնի ապրանք, սակայն վերջին անգամ գնած ապրանքի որակից դժգոհ է: Նա համոզված է, որ հայերի մատներն արարող են, միտքը` սուր, ստեղծագործ, որ հայերը կարող են հե´նց իրենք հրաշալի հագուստեղեն արտադրել, և այլևս կարիք չի լինի թուրքական` որակյալ համարվող արտադրանք գնել: Այդ դեպքում նաև աշխատատեղեր կբացվեն: Մեր զրույցի ընթացքում զարմանահրաշ հայուհին դժվարությամբ «խոստովանեց» իր արած բարեգործության մասին, իսկ իմ այն հարցին, թե արդյոք այդ առիթով իրեն շնորհակալագիր, պատվոգիր որևէ կազմակերպություն տվե՞լ է, Սիրան Միսակյան -Բասմաջյանը պատասխանեց.

- Իմ ուղարկած կապոցների մեջ 60-ական ձեռք ներքնահագուստ, գուլպաներ են դրված, կապոցների վրա գրված է` Դանիել Վարուժան, գրված է իմ հասցեն, անուն-ազգանունս և հեռախոսահամարս, որպեսզի կարիքի դեպքում գտնեն ինձ, ստացական ունենամ, իմանամ, որ այն հասցեատերերին է հասել: Հիմա էլ ունեմ պատրաստած կապոցներ, սակայն վստահելի մարդ եմ փնտրում, որ տեղ հասցնի: Մի անգամ Թալիշից զանգահարեցին և շնորհակալություն հայտնեցին. ես Աստծո և իմ ազգի զավակների համար եմ անում և, չունեմ ոչ մի ակնկալիք, չեմ սպասում որևէ գնահատանքի: Ես մա´յր եմ, հայուհի, այդ բոլոր զինվորները նաև իմ զավակներն են, իմ թոռներն ու հարազատները: Չեմ ուզում ո´չ պարգևատրում, ո´չ շնորհակալական խոսքեր, միայն կուզեմ հանդիպել մարդկանց, զրուցել, ասել նրանց, որ բարի գործեր անեն, օգնեն միմյանց, չսպասեն, որ իրենց խնդրեն... Եվ ամենակարևորը` իրենց արած լավությունների մասին չբարձրաձայնեն. Աստված ամեն ինչ տեսնում է:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ