Ընկալումն է տարբեր


 

Ասում են` ժեստերն ավելի պերճախոս են բառերից: Շատ հաճախ օտար լեզուների ոչ բավարար իմացությունը, երբեմն էլ պարզապես ասվածը հիմնավորելու անհրաժեշտութ յունը ստիպում է դիմել «ոչ բառային» հաղորդակցությանը: Սակայն տարբեր ժողովուրդների մշակույթներում միևնույն ժեստերը տարբեր, երբեմն հակառակ նշանակությունն ունեն, իսկ դրանց իմաստին չտիրապետելը կարող է անհարմար իրավիճակ ստեղծել:

* Բոլորիս քաջ հայտնի ok-ը (շրջանակ` ցուցամատի և բթամատի միացումով) Ֆրանսիայում նշանակում է զրո, Ճապոնիայում` գումար, իսկ Թունիսում` ես քեզ կսպանեմ:

* Բրիտանացիները ժեստերի առումով խիստ «ժլատ» են, փորձում են ընդհանրապես միմյանց չդիպչել: Հավանաբար դառը փորձն է նրանց ստիպել ավիաընկերություններում փակցնել զգուշացումը` ձեր ժեստերը կարող են անհարմար իրավիճակ ստեղծել:

* Ձեռքերն անդրավարտիքի գրպանում պահելը ևս կարող է խնդիրներ առաջացնել: Օրինակ` Արգենտինայում ոստիկանը կարող է նկատողություն անել` այս անմեղ «արկածախնդրությունը» որակելով որպես ոչ պատշաճ պահվածք:

* Ափը դեպի իրեն պարզած ու վեր բարձրացված ձեռքը կարող է վիրավորանք հասցնել հույնին: Իսկ ամերիկացուն ցավ կպատճառի դեպի իրեն ուղղված մատը:

* Ճապոնիայում բնավ չարժե հասարակական վայրում գոտին ձգել: Դա կարող է ընկալվել որպես խարակիրիի (ճապոնական սամուրայների ինքնասպանություն` փորը պատռելու միջոցով) սկիզբ:

* Ձեռքով կոպերին դիպչելով` իտալացին արտահայտում է իր բարի կամեցողությունը, իսպանացին` կասկած խոսքերի ճշմարտացիության մեջ:

* Զայրացած անգլիացին բարձրացնում է 2 մատը միաժամանակ` հասկացնելով` ես քեզ ցույց կտամ, իսկ ամերիկացին նույն այդ ժեստով դիմացինին հասկացնում է, որ հաճելի է նրա ընկերակցությունը:

* Հրաժեշտի պահին իտալացին հազվադեպ է ձեռքը պարզում, բայց հաճույքով բարեկամաբար հարվածում է դիմացինի մեջքին: Ֆրանսիացին նույն եղանակով հասկացնում է, որ նա գնա ու այլևս չվերադառնա: