«ՕՆԼԱՅՆ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ


 

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ «Թատրոն. Առաջին թատերական պորտալ» կայքն են ստեղծել ու բավական լավ գործ են անում թատերական իրողությունների քարոզչության նպատակով: Սակայն, ինչպես ասում են, այս երիտասարդների երևակայությունն այլևս սահմաններ չի ճանաչում և հայտարարել են առաջին ՕՆԼԱՅՆ մրցանակաբաշխության մասին` ներառելով մի շարք անվանակարգեր: Անվանակարգերը որոշել են իրենք, իրենք էլ ներկայացրել առաջադրված թեկնածուներին` իրենց ճաշակն ու ընկերական կապերը դարձնելով գերակա: Երևի տրամաբանությունը հուշում էր, որ այս կամ այն թատերական գործչին «նոմինացնելուց» առաջ` հարցնեին նրա կարծիքը, տեղեկանային` արդյո՞ք նա համաձայն է մասնակցել մրցանակաբաշխությանը: Չէ´, չե´ն հարցրել: Բայց, լավ, դա համարենք երիտասարդական անփորձության հետևանք և ներողամիտ լինենք: Սակայն զարմանալին ու անգամ վիրավորականն այն է, որ «Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացրել են վերջին մի քանի տարում որևէ ներկայացման մեջ դեր չխաղացած Նազենի Հովհաննիսյանին և Դրամատիկական թատրոնում մի ներկայացման մեջ պարող Հարություն Անդոյանին: Ինչպես պարզեցինք` Հարություն Անդոյանը մրցանակաբաշխությունը կազմակերպողի մտերիմ ընկերն է: Առավել «ցնցող» էր պատկերը քվեարկությունների բաժնում: Պարզվեց, որ ընդամենը մեկ լրատվություն այդ կայքում տեղադրած ոմն Անի Հովհաննիսյան թե Հարությունյան ներկայացվել է «Լավագույն թատերագետ» անվանակարգում և գրեթե չի զիջում արվեստագիտության թեկնածու, բազմաթիվ հոդվածների և հրապարակային ելույթների հեղինակ Արա Խզմալյանին: Նա առաջ է անցել երիտասարդ շնորհալի թատերագետ Անուշ Ասլիբեկյանից:

Վիճակը նույնն է մյուս քվեարկություններում, երբ «Լավագույն փառատոն» անվանակարգում առաջատար է ճանաչվել «Գիսանեն», իսկ «Լավագույն ներկայացում» անվանակարգում` «Մեղրը»` Սունդուկյանի անվան թատրոնում: Այստեղ էլ ակնհայտ է, որ երիտասարդները կամեցել են քծնել իրենց բուհի ռեկտորին` հաստատապես դիտած չլինելով այդ ներկայացումը...

Ընկերական-թայֆայական քվեարկությունների տվյալներն ուրիշ խայտառակություններ էլ են ի հայտ բերում, անգամ վերածվում են ծիծաղելի իրողությունների: Ավելացնենք նաև, որ քվեարկություններն էլ վերահսկվում են, «խմբագրվում», ինչը ստուգել ու համոզվել ենք: Ընկերների ու բարեկամների օգտին տրված ձայներն անմիջապես գրանցվում են, հրապարակվում, մինչդեռ «ոչ յուրայինների» օգտին տրված ձայներն այդպես էլ չեն հաշվարկվում: Մնում է տարակուսել, թե անազնվության այդ պաշարն այս երիտասարդ մարդիկ ինչպե՞ս են կարողացել ամբարել և ի ցույց դնել:

Պետք է ուրախանայինք նախաձեռնությամբ, ողջերթի խոսքեր ասեինք երիտասարդներին, սակայն նրանք իրենց ձեռքով փչացրել են ամեն ինչ` մեզ կանգնեցնելով մի փաստի առաջ, որն ինքնին ամոթալի է: Մարտի 20-ին Կամերային թատրոնում ամփոփվելու են մրցանակաբաշխության արդյունքները, և համոզված ենք, որ այդ օրը վերածվելու է մեր թատերական ընթացքի վարկաբեկման օրվա` այդպես գուցե «յուրօրինակ» նվեր մատուցելով թատերական գործիչներին` Թատրոնի միջազգային օրվա նախօրյակին: Ամենատարօ րինակն այն է, որ տեղեկանալով հնչող քննադատության մասին, մրցանակաբաշխության տնօրենը կայքում «մեկնաբանություն» է տեղադրել` մեղադրելով բոլոր նրանց, ովքեր փորձել են երիտասարդներին հասկացնել, որ չի կարելի նման ձևով խայտառակել մեր թատերական իրողություններն ու իրադարձությունները:

Մեր երկրում մրցանակաբաշխություններ շատ են կազմակերպվում, դրանք կոչված են խթանելու արվեստն ու մշակույթը, գրականությունը, հանրությանը ճանաչելի դարձնելու արվեստի ու գրականության ճշմարիտ արժեքները և ստեղծելու ինքնատիպ արվեստային մրցակցություն: Մինչդեռ ոմանք, անձնական հավակնոտությունն ու անգրագիտությունն ի ցույց դնելով` խայտառակության են վերածում այդ մրցանակաբաշխությունները, արժեզրկում ամեն ինչ, հարված հասցնում մարդկանց հավատին:

Ուրեմն, ժամանակն է, որ այս դիլետանտիզմի ու ամբիցիոզ ինքնացույցի դեմ պայքար ծավալվի: Եվ այդ պայքարի առաջամարտիկներ պիտի դառնան հենց իրենք` երիտասարդները, որովհետև առաջին հերթին իրենց է պետք զանազանել ճշմարիտ արժեքը սարքովիից, կեղծից, սուբյեկտիվից:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ