«Ապրեցեք ժպտալով»


 

- Բաբաջանյանի անունը նախկին Խորհրդային միության ժողովուրդների համար սիրելի էր ոչ միայն իր կենդանության օրոք, այլև հիմա ևս: Նրա երգերը սրտամոտ են, հուզական և չհնացող: Մեր հիմնադրամի գործունեությունը հիմնականում Առնո Բաբաջանյանի երաժշտական ժառանգությունը նրա անմահ արվեստի երկրպագուների սեփականությունը դարձնելն է: Այն պիտի փոխանցել նաև մեր երիտասարդ երաժիշտ կատարողներին: Չէ՞ որ Բաբաջանյանի հզոր երաժշտարվեստը ներդաշն գունակտավ է ու զարդարանք` հայոց երգի ոսկե ֆոնդում, որն այսօր ևս հնչում է որպես նորաոճ երգ, մեղեդի,- ասում է Մշակույթի վաստակավոր գործիչ, «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրեն, Ֆիլհարմոնիայի փոխտնօրեն, գրող-երգիծաբան Ժակ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

- Վերջին տասնամյակներում, ցավոք, մշակույթը, մեր երաժշտարվեստը փոքր-ինչ խամրած «ուղեծրում» մնացին և չեն կարող գոհացնել բարձրաճաշակ ունկնդիրներին, որովհետև անարժեք երգերը, մեղմ ասած, հեռու են արվեստից:

- Բաբաջանյանի, հանճարեղ մեր մյուս կոմպոզիտորների ու կատարողների հարուստ ժառանգությունը թող պատգամ դառնա նոր տաղանդների համար, ովքեր նոր գույներ ու կտավներ պիտի ավելացնեն հայոց երաժշտարվեստի մեջ... Մեր աշխատանքի շնորհիվ հիմա զարկ է տրվում անմահ կոմպոզիտորի երաժշտությանը, որը փորձում են ներկայացնել ժամանակակից կատարողները: Նրանցից ոմանք լավ են հնչեցնում նրա ստեղծագործությունները, ոմանք էլ, ափսո˜ս, ոչ: Այսօր այլալեզու երգեր են բեմերից կատարում, որոնք ընդունելի չեն մեր ունկնդիրների կողմից: «Եվրատեսի՞լ» են գնում` հասկանալի է, թող անգլերենով երգեն, բայց մենք ազգի ինքնապահպանման, հայ մշակույթի արժեքների զարգացման խնդիրներ ունենք, չէ՞: Անընդունելի է, երբ պատահական մեկը ծանոթ-բարեկամով կամ այլ զարտուղի ճանապարհով է խցկվում երգարվեստի ոլորտ: Հաճախ կիսատ-պռատ ձայնային տվյալներ ունեցողները «ճանապարհ են» հարթում, տեսահոլովակներ արտադրում, շոու-բիզնեսի այս խուռներամի մեջ են մուտք գործում: Այս մասին ևս պիտի մենք լրջորեն մտահոգվենք, որպեսզի նախարարությունը կամ որևէ կազմակերպություն թույլտվություն չտան արտադրելու այդպիսի խոտաններ կամ անարժեք գործեր զանգվածայնացնել:

- Բայց արդյո՞ք միայն երգն ու երաժշտությունն են աղավաղվում:

- Հիմա մեր մշակույթի մեջ գրական, գեղանկարչային, քանդակագործական, թատերային փայլուն նմուշներ կան: Բայց այդ արժեքների կողքին` բարոյալքումներ էլ կան: Սերիալների մեջ` ծեծ ու ջարդ, դաժանություններ ցույց տվող տեսարանները, գռեհիկ արտահայտություններով «համեմված» խոսքը ոչ միայն քննադատելի են, այլև շատ պարսավելի:

- Որպես երգիծաբան, գրող, ֆիլհարմոնիայի փոխտնօրեն, որպես պաշտոնյա, ինչպե՞ս կբնութագրեիք ինքներդ Ձեզ:

- Ես մարդ սիրող մարդ եմ, ով նաև պաշտոնավայրում իրեն պահում է հասարակ, բայց` պահանջկոտ, ով նվիրված է գործին.. Ես բոլոր իրավիճակներում հումորով եմ վերաբերվում մարդկանց, հատկապես` նրանց թերություններին: Գործնական խոսակցությունս անգամ ամփոփում են դարձյալ հումորով: Հավելեմ, որ շուտով հերթական գիրքս լույս կտեսնի, որն անվանել եմ «Ապրեք ժպտալով»: Ուրեմն, թույլ տվեք ասել բոլորին. այս կարճ կյանքն ունի և´ դժվարին, և´ լավ օրեր, եկեք ամեն մի հոգս հաղթահարենք` կատակներով և ապրենք ժպտալով:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ