ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

«Ափսոսում եմ, որ շատ բան չկարողացա անել...»


 

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լավագույն դերասաններից է Ալբերտ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Շուրջ 16 տարի թիֆլիսահայ արտիստը մայր թատրոնի բեմում է, սակայն թատերարվեստում իր մկրտությունն ստացել, ապա և մի ամբողջ շրջան է անցկացրել իր ծննդավայր Թբիլիսիի հայկական թատրոնում: Շոթա Ռուսթավելու անվան թատերական ակադեմիայում ստացած կրթությունը, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Օլեգ Բասիլաշվիլու խմբում ուսանելը ևս շրջադարձային էին: Հայաստանյան հյուրախաղերից մեկի ժամանակ Խորեն Աբրահամյանի կողմից հրավեր ստացավ մայր թատրոն տեղափոխվելու: Սակայն 1995-ին միայն հաջողվեց գալ: Ալբերտ Սաֆարյանը բազմաժանր արտիստ է: Հետաքրքիր ու բազմազան են վրացական ու հայկական բեմերում, ինչպես նաև հեռուստասերիալներում նրա կերտած կերպարները. Իշխան (Լ. Շանթի «Հին աստվածներ»-ում), Զամբախով (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»-ում), Բագրատ (Ալ. Շիրվանզադեի «Պատվի համար»-ում), Գոլնիկ (Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»-ում...):

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Եթե մի քանի բառով փորձեմ ասել` ամենածանրը ծնողներիս կորուստն էր, և մինչև հիմա էլ դժվարությամբ եմ կարողանում համակերպվել այդ մտքի հետ: Նրանք միշտ ինձ հետ են` ուրախության, թե տխրության պահերին: Ուրախության դեպքում մտածում եմ` երանի կողքիս լինեին: Աշխատում եմ ժամանակ գտնել, հաճախ այցելել նրանց շիրիմին, «զրուցել» նրանց հետ, ու հոգիս խաղաղվում է:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ:

- Երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ: Նախընտրելու իրավունքը տրված չէ մեզ: Եթե ես որոշող լինեի, գուցե և շատ հարցերում կցանկանայի ինչ-ինչ բաներ փոխել: Այնուամենայնիվ, եթե նորից ծնվեի, հայ կլինեի, կծնվեի նույն ծնողներից իմ սիրելի ծննդավայր Թբիլիսիում` որտեղ մեծացել ու կրթություն եմ ստացել: Այսօրվա պայմաններում մինչև իսկ դաժան է հայ լինելը, բայց և ճակատագիր է: Եվ ես ուրախ եմ, որ հայ եմ ծնվել:

Դրսում ծնված մարդու համար հարցը մի փոքր այլ կերպ է ընկալվում: Մենք ավելի անհատականությունների ազգ ենք: Երևանում եմ առաջին անգամ լսել հետևյալ արտահայտությունը` մենք բոլորս գեներալներ ենք, զինվոր չունենք: Ես այլ կերպ եմ մտածում: Իրականում, իհարկե բոլորս «գեներալներ» չենք, բայց բոլորս անհատականություններ ենք: Օրինակս այսպես պարզաբանեմ. անհատ ստեղծագործողները մեզանում ավելի հանճարեղ են, սիրված ու ճանաչված: Խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում` նկարչության, երաժշտության, քանդակագործության, շախմատի… Բոլոր բնագավառներում մենք հանճարներ ունենք: Իսկ երբ փորձում ենք համախմբվել ու ստեղծել ինչ- որ մի բան, կոլեկտիվ արվեստի մասին է խոսքս, մի փոքր թերանում ենք: Արվեստից դուրս ընդհանրապես հայ մարդու կերպարում խեղված մի բան եմ տեսնում, երևի մեր խաչն է, որ տանում ենք: Բայց ասեմ, որ այդ ամենի մեջ, իհարկե, կա բարին, լավը, միամիտը, գեղեցիկը: Փորձում եմ մարդկանց մեջ լավը տեսնել: Բացասականը ևս շատ է: Երբեմն ասում են` մենք դեռ ոչինչ, եթե իմանաք այս կամ այն ազգի ներկայացուցիչնե˜րն ինչպիսին են: Բայց նրանց վատը ինձ չի հուզում, չի անհանգստացնում: Ուզում եմ` հզոր լինենք, բարեկեցիկ ապրենք: Կյանքը մի անգամ է տրվում: Պետք է ապրել: Ռուսներն ասում են` 2 վատերից պետք է վերցնել ավելի փոքրը, իսկ անգլիացիները` 2 վատից չենք ընտրում ոչ մեկը: Ես համաձայն եմ 2-րդ պնդման հետ: Պիտի ձգտենք դեպի լավը: Իսկ դա օգնում է ապրել: Կյանքն առաջ է տանում` թեև գնում ես դեպի ծերություն:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Չբարձրաձայնելու բան առանձնապես չունեմ: Ես ազատ մարդ եմ: Միշտ էլ այդպիսին եմ եղել: Արտահայտել եմ մտքերս: Ինձ այդպես են դաստիարակել: Այնուամենայնիվ, կցանկանայի անկեղծանալ մի հարցի շուրջ, որը հուսով եմ` այլ ընկալումներ չի ունենա: Անկախությունից հետո ես մեծ տապալումներ ունեցա: Բեմարվեստում իմ մասնակցության մասին է խոսքս` այն 20 տարիներիս, երբ գրեթե ոչինչ չարեցի: Ավելի ճիշտ` արածս քիչ էր: Կուզեի` այդ տարիների ընթացքում ստեղծած լինել կերպարներ, որոնք այլևս երբեք չեմ ստեղծի: Սիրում եմ մարդկային տարատեսակ կերպարներ ստեղծել. լինի թագավոր, թե ներկարար` էական չէ: Պարզապես տեսակ ներկայացնել: Իսկապես ափսոսում եմ: Երիտասարդ տարիներիս չսիրահարվեցի բեմում: Այսօր սիրահարի կերպար մարմնավորում եմ, բայց արդեն հասուն հայացքով եմ նայում ամեն ինչին:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Թատրոնն է ամենամեծ առեղծվածը: Առաջին անգամ, երբ այցելեցի Թիֆլիսի հայկական թատրոն` 7 տարեկան էի: Այդ օրվանից այդ աշխարհն ինձ գերեց: Ես հիշում եմ, հետագայում նաև մայրս է պատմել, որ այդ այցելությունից հետո տանը զանազան դերեր էի խաղում: Ինձ համար դա մի ուրիշ աշխարհ էր, որ հմայեց: Նաև ասեմ` շատ ուրախ եմ, որ բախտն ինձ այստեղ բերեց: Հիմա աշխատում եմ այն թատրոնում, որը ժամանակին հսկաներ է ծնել:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Հատկապես Խորհրդային իշխանության տարիներին հաճախակի էինք լինում գյուղերում` տարբեր ներկայացումներով: Սակայն երբեք ներկայացումը նախապես ծրագրված ժամին չէր սկսվում: Առաջին անգամ զարմանքով հարցրեցի, թե ինչո՞ւ հանդիսատես չկա: Ասացին` դեռ կովերը չեն եկել: Իհարկե զարմացա մի պահ, ապա հասկացա, որ արոտից վերադարձած կենդանիներին պիտի խնամեին: Ամենուր այդպես էր, պիտի սպասեինք, մինչև մարդիկ իրենց գործերն ավարտեին:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Զրույցը սկսեցի ծնողներիս մասին պատմելով, այդպես էլ կեզրափակեմ: Նրանք միշտ ինձ հետ են: Ամեն առիթով հիշում եմ այս տխուր հուշը: Թիֆլիսում 1972-ին մի քանի օր շարունակվող առատ տեղումների պատճառով մեծ հեղեղ եղավ: Ամեն օր տներ էին ավերվում, մեծ թվով մարդիկ դառնում էին հեղեղի զոհեր: Մեր տունը փոքրիկ բարձունքի վրա էր: Հեղեղի բերած գերանը հարվածել էր տան պատին, և ջուրը տուն էր լցվում: Մայրս հիվանդ էր, հայրս` աշխատանքի: Մենք տանը կից խոհանոց էինք կառուցել, սակայն անավարտ էր, ներսից դուռ պետք է բացվեր, դեռ չէինք հասցրել, բայց լուսամուտն արդեն կար: Ջուրն աստիճանաբար բարձրանում էր: Բոլորս խուճապահար էինք: Փոքր քույրս վախից բարձրացել էր պատուհանագոգին և ասում էր, որ կարող ենք պատուհանից դուրս գալ: Մայրս օգնեց մեզ` հերթով անցանք: Ես ամենավերջում էի, քույրերս ինձ քաշեցին դեպի խոհանոց: Մի կերպ մորս էլ օգնեցինք. ջուրն արդեն կոկորդին էր հասել: Հենց նա ոտքը դրեց խոհանոց` նույն պահին տունը փլվեց: Փոքր էի, իհարկե, բայց հիմա եմ պատկերացնում, թե հայրս, տեսնելով ավերված տունը, ինչ ապրումներ է ունեցել: Սա մի տխուր պատմություն է, որ միշտ ինձ հետ է: Այդ օրը երկրորդ անգամ ծնվեցինք: Մանկությունից ծնողներիս եմ միշտ տանում ինձ հետ` իմ հոգում, սրտում, մտքերում: Մինչև այսօր էլ տանում եմ ու կտանեմ մինչև վերջ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ