ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ԵՆ


 

Միշտ իր գաղտնապահությամբ աչքի ընկնող Դաշնակցությունը, ինչպես պարզվում է, հավատարիմ է «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսին: Այդ պատճառով էլ իր նախընտրական ցուցակն այնպես է կազմել, որ նորից խմբակցությունը վերածվի հին ընկերների ակումբի` թույլ չտալով նոր մարդկանց հայտնությունը քաղաքական դաշտում: Ուրեմն, կա´մ Դաշնակցությունն իսկապես մոնոպոլացվել է մի խումբ «ընկերների» կողմից, կամ էլ իր շարքերում չունի այնպիսի գործիչներ, որոնց կարելի լիներ փոխարինել հոգնած ու վաղուց ծանոթ դեմքերով: ՀՅԴ նոր ցուցակի առաջին տասնյակում, իհարկե, փոփոխություններ կան, այնտեղ չի ընդգրկվել ընկեր Ալվարդը` արձակագիր Ալվարդ Պետրոսյանը: Ցուցակը գլխավորելու է Հրանտ Մարգարյանը` ընկերակցելով Վահան Հովհաննիսյանի և Արմեն Ռոստոմյանի հետ: «Հներից» առաջին տասնյակում են Լիլիթ Գալստյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Աղաբեկյանը և Արամայիս Գրիգորյանը: Ցուցակում հայտնվել են նաև նախկին պատգամավորներ ու նախկին նախարարներ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը և Աղվան Վարդանյանը: Նրանք կփոխարինեն Արտյուշ Շահբազյանին, Ռուզաննա Առաքելյանին, Աշոտ Ափոյանին, Գագիկ Գևորգյանին և Միքայել Մանուկյանին: Սա էլ «նորացման» դաշնակցական մոդելն է: