Գիշերային ակումբների օգուտը և վնասը


 

Դժվար է ասել, թե ինչ օգուտ են տալիս գիշերային ակումբները հասարակությանը: Այդ հաստատությունների առավելությունների մասին ավելի շատ դատողություններ կարող են անել հենց իրենք` հաճախողները, իսկ նման վայրեր չհաճախողների համար գիշերային ակումբը կիսախավար, ծխապատ ու աղմկոտ տարածք է` հավերժական թվացող արծաթափայլ ձողով, կիսամերկ պարուհիներով և հավելյալ ու բաղկացուցիչ այլ հաճելի «ատրիբուտներով»: Եվ ահա, առանց այդ էլ աղմկալի այդ հաստատությունների «անդորրը» ժամանակ առ ժամանակ խաթարվում է: Այնպես է խախտվում, որ հարկ է լինում դիմել ոստիկանների միջամտությանը: 2011 թ. դեկտեմբերի 23-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Էլլա» գիշերային ակումբի պարուհիներից մեկը ոստիկանության Էրեբունու բաժնում հայտարարություն էր տվել, որ գիշերը, ժամը 1-ի սահմաններում, ակումբի հաճախորդ Գոռը և նրա երկու ընկերները մոտ 30 րոպե բարձրաձայն հայհոյել ու խանգարել են հաստատության բնականոն աշխատանքը և անհիմն վիճաբանելով հաճախորդներից մեկի հետ` բաժակներով, մոխրամանով ու շշերով հարվածել են նրան:

Տուժողը մարմնական մի շարք վնասվածքներով, այդ թվում` գլխուղեղի ցնցում, գանգի ոսկրերի, մատների և քթոսկրի կոտրվածքներ, տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ խուլիգանության մասնակից Գոռ Պոլեյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության ծառայողները Գոռ Պոլեյանին Գյումրի քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել:

Դատելով նրա կատարած արարքների վտանգավորության աստիճանից, կարծում ենք երիտասարդը խորհելու և դատողություններ անելու շատ «ազատ ժամանակ» կունենա թե´ գիշերային ակումբների առավելությունների, և թե´ հասարակական վայրերում ճիշտ պահելաձևի մասին:

Մահացել է վիրահատարանում

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ վիրահատարանում մահացել է 80-ամյա Հարություն Գ.-ն:

Նույն օրը վերջինիս որդին ոստիկաններին հայտնել է, որ հայրը երեկոյան Դրոյի փողոցում սայթաքել, վայր է ընկել և կոտրել ձախ ազդրոսկրը:

Դեպքի օրը նրանք հրաժարվել են վիրահատությունից, սակայն հետագայում պարզելով, որ վիրահատությունն անհրաժեշտ է, 5 օր անց հորը կրկին տեղափոխել են բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք, որտեղից էլ` վիրահատարան, որտեղ էլ նա մահացել է

Որդին ոստիկանությունում նշել է, որ հայրը մահացել է բժշկի կողմից թույլ տրված սխալի հետևանքով, քանի որ նախավիրահատական ստուգումների արդյունքներով հոր վիճակը բավարար է եղել վիրահատության համար: