ԵՎ ԴԱՐՁՅԱԼ` ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ


 

Վերջին շրջանում հատկապես, Ադրբեջանն ակտիվացրել է իր ջանքերն այս ուղղությամբ և ամեն կերպ կամենում է հասնել ստոր նպատակների իրագործմանը: Սա պատահական չէ: Թուրքիայի հուշումներով Ադրբեջանը ցանկանում է ստեղծել Հայոց ցեղասպանության հակակշիռը և միաժամանակ լուծել սեփական հարցերը` հերթական անգամ խոչընդոտելով Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Հենց այն օրերին, երբ Ադրբեջանը նորից բարձրացրեց Խոջալուի խնդիրը, Գերմանիայի Բունդեստագում երկու կուսակցական խմբակցութ յուններ «անսպասելիորեն» փաստաթուղթ պատրաստեցին` առաջարկելով հայկական կողմին վերադարձնել Ադրբեջանի «օկուպացված» տարածքները` Ղարաբաղը ևս համարելով այդ տարածքների մի մասը...…

«Մինչ հայերս խորհում ու մտածում ենք. Թուրքերը գործում են»` իր ստեղծագործություններից մեկում գրել է նշանավոր գրող Համաստեղը: Գրողը նկատի է ունեցել թուրքական դիվանագիտական քայլերի արագությունը: Իրենց ավագ եղբայրներից արագության ու քաղաքական շանտաժի բոլոր տարրերն են սովորել նաև ազերիները` երբեմն հասնելով զավեշտի, սակայն նպատակասլաց կերպով գնալով դեպի իրենց ծրագրերի իրականացումը: Ադրբեջանական շանտաժի ամենամեծ նվաճումը կարելի է համարել այսպես կոչված Խոջալուի «ցեղասպանությունը», որի մասին ոչ միայն բարձրաձայնում է Ադրբեջանը, այլև արդեն ձևավորել է համախոհ պետությունների մի խումբ, որը պատրաստ է ճանաչել գոյություն չունեցած ցեղասպանությունն ու ազերին հռչակել «հայերի կողմից ցեղասպանված ազգ»: Ասում են, որ Պակիստանն անգամ ճանաչել է այդ ինքնահնար «ցեղասպանությունը»:

Դիվանագիտության և քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում. ամեն ինչ փոխկապակցված և տրամաբանված է, հետևաբար ադրբեջանական կողմի բոլոր քայլերն ունեն իրենց տրամաբանությունն ու բացատրությունը և ծառայում են պաշտոնական Բաքվի քարոզչությանը: Մինչդեռ մենք արդեն մոտ 20 տարի անուշադրության ենք մատնում Խոջալուի թեման` միայն մեզ մոտ բացատրություններ ու հիմնավորումներ ներկայացնելով` որ Խոջալուում ազերիներն են սպանել իրենց հայրենակիցներին, ինչի մասին ժամանակին հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը: Միջազգային մակարդակով Հայաստանը դեռ չի քողազրկել այս պատմությունը, դեռ չի ներկայացրել իրական փաստեր, չի օգտագործել միջազգային ամբիոնները` ճշմարտությունը երևան հանելու համար: Անշուշտ, ինչ-որ քայլեր, ինչ-որ հայտարարություններ եղել են, սակայն վճռական ու ջախջախիչ հարված այդպես էլ ադրբեջանական իշխանություններն ու նրանց քարոզչամեքենան չեն ստացել: Մինչդեռ պե´տք է ստանային: Հիմա, առավել քան երբևէ, կարևորվում է Խոջալուի մասին ճշմարտությունը ներկայացնելու հարցը, որովհետև չի բացառվում, որ առաջիկայում մուսուլմանական աշխարհի մի քանի տասնյակ պետություններ ճանաչեն «ցեղասպանությունը»` այսպես դատապարտելով Հայաստանին և կանխելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Շատ հաճախ մենք հապաղումների համար մեղադրում ենք մեր արտաքին քաղաքական գերատեսչությանը, մինչդեռ նման հարցերի բարձրացմամբ և լուծմամբ պիտի զբաղվի Ազգային ժողովը, պիտի զբաղվեն նրա մի շարք հանձնաժողովներ և ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Իրականում` չեն զբաղվում: Խորհրդարանը քաղաքական մարմին է, ժողովրդի ձայնը ներկայացնող ամբիոն, որն էլ, օրինաստեղծ գործունեությանը զուգահեռ, պիտի հանդես գա քաղաքական հայտարարություններով և որոշումներով, քննարկումների առարկա դարձնի այն ամենը, ինչը վերաբերում է ազգային ու պետական խնդիրներին: Վերջին անգամ մեր խորհրդարանում ի՞նչ քաղաքական հարց է շոշափվել, ադրբեջանական կեղծիքները քննադատող ի՞նչ հայտարարություն կամ որոշում է ընդունվել: Պատասխանը միանշանակ է` ոչ մի: Ուրեմն, հենց մեր պասիվությունից էլ օգտվում է պաշտոնական Բաքուն և շարունակում ստի ու կեղծիքի «շքահանդեսը»: Ուրախալի է, որ Բունդեստագում շրջանառվող նամակին արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` գրելով ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցության ղեկավարին.

- Հետպատերազմյան Գերմանիան, ի տես նախորդ վարչակարգի կողմից մարդկության դեմ գործած հանցանքներին առերեսվելու, փոխհատուցելու և հաղթահարելու իր բացառիկ փորձառության և դրա արդյունքում ձեռք բերված իրավունքների, ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության վերականգնման համաշխարհային առաջնոր դության, պետք է լինի առաջինը, որ կճանաչի ձևավորվող պետական միավորների օրինական ստեղծումն ու տարածքային ամբողջականությունը և պատմական անարդարություն ների ուշացած ուղղումը: Թե ներպետական, թե միջազգային հարաբերություններում օրենքի, կամ ավելի ստույգ` իրավունքների գերակայությունը գործում է ընդդեմ sui generic ժամանակավրեպ թեզի արհեստական և հատվածական կիրառման: Ավելին, Գերմանիայի երբեմնի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանն ու Մեծ Հայրենազրկմանը, ինչի մասին պատշաճ վկայում են ձեր սեփական դիվանագիտական և ռազմական պահոցները, հավելյալ հիմք է` պաշտոնապես ճանաչելու Հոլոքոստին նախորդած այդ անօրինակ ոճիրը և Թուրքիայի Հանրապետության հետ մեկտեղ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ժխտողականության այս ամոթալի դարաշրջանը փակելու, Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածի բռնազավթմանն անդրադառնալու և հայ ժողովրդին իրավազոր առնչակցությունն իր հայրենիքի հետ վերականգնելու համար:

Այս նամակը յուրատեսակ ցնցուղ կարող է հանդիսանալ, սակայն սրան պիտի միանան հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, խորհրդարանական խմբակցությունները, մեր մտավորականությունը և միավորելով նաև Խոջալուի մասին կեղծարարության փաստը` ամեն ինչ ներկայացնեն համաշխարհային հանրությանը: Այդ դեպքում արդեն հնարավոր կլինի ներկայացնել ճշմարտությունը:

ՄԻԱ´ՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ