Հայ առաջին պատմանկարիչը


«Նկարը պետք է արտահայտի կյանքն այնպես, ինչպես որ նա երևում է մեր աչքին»£ Վ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑ Երբ անցյալ օգոստոսի 1¬ին Ախալցխայի Սաֆարյան (այժմ` Քեթևան թագուհու անվան) փողոցում գտնվող Սուրենյանցների տան պատին հայաստանցի գործարար Սոս Սահակյանի նախաձեռնությամբ ծննդավայրում տեղադրվեց մեծանուն հայրենակցի` Վարդգես Սուրենյանցի հուշաքարը, մոռացված փոքրիկ քաղաքի տարազգի բնակիչներն ու ժողովրդական տոնախմբության շուք ստացած շնորհանդեսի մասնակիցները անկարող եղան զսպել ակնածանքը տեղի բնաշխարհի արվեստաշնորհ ներուժի հանդեպ£ «Նկարիչների» այդ փողոցում դրկիցներ էին երբևէ եղել հայ պատմական նկարչության ժանրի «առաջնեկ» Վարդգես Սուրենյանցը, իմպրեսիոնիզմի «պիոներ» Վահրամ Գայֆեճյանը, Սարյանի հետ միասին մեր ազգային արվեստի գեղագիտական ըմբռնումները վերաիմաստավորած, ոսկերիչների հայտնի ընտանիքից սերող Հակոբ Կոջոյանը, հռչակավոր զինագործներ Չիֆթալարյանները£ Ավագներից մեկը հպարտությամբ մանրամասնեց Ղրիմի պատերազմի (1953-56 թթ.) օրերին թուրք հրոսակներից Ախալցխան ազատագրած Սուրենյանցի հոր` ավագ քահանա Հակոբի հերոսական սխրանքը£ Դեռևս 3 տարեկանում նկարելու բնատուր ունակություններն ի հայտ բերած Վարդգեսի մասնագիտական կոչման «կնքահայրն» է դառնում Հովհաննես Այվազովսկին£ Սիմֆերոպոլում նշանակում ստացած Հակոբ Սուրենյանցի 7-ամյա որդին, Այվազովսկու ընտանիքի հետ Բախչիսարայ ճամփորդելուց հետո, տունդարձին հիշողությամբ այնպես է պատկերում իրեն առանձնակի գայթակղած նշանավոր Արցունքի շատրվանը, որ մեծ ծովանկարիչը հիացմունքով հաստատում է նրան վերապահված ապագան կերպարվես տում£ Հոր կամքով` 1870¬ին մեկնում է Մոսկվա` Լազարյան ճեմարանում ուսանելու£ 5 տարի հետո, ճեմարանի մանկավարժական խորհրդի որոշմամբ, տեղափոխվում է Մոսկվայի գեղարվեստի ուսումնարան£ 3 տարի ճարտարապետություն սովորելով` մեկնում է Մյունխեն, ուսանում տեղի պոլիտեխնիկական բարձրագույն դպրոցում` անսալով հոր խնդրանքներին£ Բայց 1880¬ին կայացնում է վերջնական վճիռը` հիմնովին նկարչությանը նվիրվելու և Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժին փոխադրվում (Ֆրից Կաուլբախի արվեստանոց)£ «Ես նկարիչ եմ և չեմ ուզում ընկնել երկու բանի ետևից,¬ հաստատակամ պարզաբանում է իր ընտրությունը հոր «պատգամախոս» Գրիգոր Խալաթյանին Սուրենյանցը£¬ Ես դիլետանտ չկամիմ լինել նկարչության մեջ£ Վերջապես, դեպի ճարտարապետությունը չունիմ այն համակրությունը, այն ձգտումը, որ կարողանամ ինձ համար ստեղծված դժվարությունները հաղթահարելով ավարտել»£ Նյութական զրկանքների գնով շարունակում է ուսումը Գեղարվեստի ակադեմիայում և իր աշխատանքների վաճառքից ստացած գումարով, հետևելով Օտտո Զեյտցի խորհրդին, մեկնում Իտալիա£ Նկարելու ճշգրտությամբ, ձևերի հաստատուն կառուցվածքով, ձեռքի վստահությամբ են աչքի ընկնում վենետիկյան էտյուդները, վաղ Վերածննդի շրջանի քանդակագործ Վերոկիոյի քանդակած Կոլեոնեի հուշարձանից կատարած նկարը, «Վենետիկի տեսարանը» և «Վենետիկի ջրանցքը» ջրաներկ աշխատանքները£ Սբ. Ղազար կղզում, Մխիթարյանների գրադարանում ուսումնասիրում հայ գրչության արվեստը, մանրանկարչությունը: Իտալական տպավորություններին շուտով գումարվում են իրանականները, երբ Ժուկովսկու գիտական արշավախմբի կազմում շուրջ երկու տարի ուսումնասիրում է ու կերպավորում արևելյան հինավուրց ճարտարապետությունը, մանրանկարչությունը, զարդարվեստը, գրականությունն ու կենցաղը£ Իրանական էտյուդներին բնորոշ է առարկայականության հասցված մանրամասների բարեխիղճ մշակումը, հաստատուն գծանկարի համարձակությունը£ Տարբեր են, սակայն, գեղանկարչական արժանիքները պարսկական կյանքն արտացոլող թեմատիկ պատկերների («Շահի հանգիստը», «Ներքինին հարեմում»...): Լինելով ակտիվ մասնակիցը ռուսական գեղարվեստի կյանքի` Հովհաննես Հովհաննիսյանի հրավերով մոտ մեկ տարի նկարչություն և արվեստի պատմություն է ուսուցանում Էջմիածնի Գևորգյան ճեմարանում` զուգահեռ խորապես ուսումնասիրելով հարազատ ժողովրդի մշակույթը, կյանքն ու կենցաղը£ Գնահատում Հռիփսիմեի վանքը իբրև հայկական միջնադարյան մշակույթի խորհրդանիշ£ Մանրակրկիտ զննում Անին ու Սևանը, Հին ու Նոր Ջուղան, Արաքսն ու Արարատը£ Վերադառնալով Մոսկվա` մինչև 1897¬ը սերտ կապեր է պահպանում պերեդվիժնիկների հետ` կանոնավոր մասնակցելով նրանց ամենամյա ցուցահանդեսներին£ Որպես ստեղծագործական վերելքի և հայ մշակույթ ներթափանցող եվրոպական գեղանկարչական ոգու առաջին նշան է ընդունվում 1894¬ին ցուցադրած «Լքյալը»£ Հաջորդում` 1895¬ին, գիտնական նկարչի վերլուծական մտքի խորաթափանցութ յունն ու գեղարվեստական հնարքներին գերազանց տիրապետելն ի հայտ են գալիս «Ոտնահարված սրբություն»¬ով£ Ռուսական նկարիչների առաջին համագումարի (1894) եռանդուն կազմակերպիչը մտերիմ էր ժամանակի ռուս երևելի արվեստագետներից շատերի (Կորովին, Ռեպին, Պոլենով, Գոլովին, Մատվեև, Անդրեև, Շչուսև և այլք) հետ, ովքեր ըստ արժանվույն էին գնահատում նրա տաղանդն ու բծախնդիր վարպետությունը (Ռեպինը «երկինք է բարձրացրել» նույնիսկ վիճահարույց «Հաֆեզը» կտավը)£ Պատմական նկարիչների միության վարչության անդամ էր, ժրաջան նվիրյալ£ Եռանդուն հասարակական գործունեությունը հաջողությամբ զուգակցվում է նրբացած գունազգացողության ու պատկերաստեղծման անհատականացած ձեռագրի նոր հավաստիքներով («Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ», «Մկրտիչ Խրիմյան»)£ Հոր մահարձանը ստեղծելուց հետո (1889) քանդակում է Այվազովսկու կիսանդրին (1902)` մինչ այդ նվիրելով նրան իր կապիտալ աշխատանքներից մեկը` Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի նկարազարդում ները` հրատարակված պոետի 100-ամյակի առթիվ£ Նոր վառվռուն տպավորություններ է քաղում արդեն ճանաչված նկարիչը` ճանապարհորդելով Ֆրանսիայում և Իսպանիայում (1897-98 թթ.)` «Մզկիթի բակը Ալհամբրայում» փոքրիկ կտավում խտացնելով գնահատման անմիջականությունն ու սրաչք հմտությունը£ Իբրև Հայաստանի պատմությունն ու ներկան արտացոլող կերտվածքներ առանձնանում են «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899), «Կանանց ելքը Անիի եկեղեցուց» (1905), «Տիրամայրը մանկան հետ» (1906), «Զաբել թագուհու վերադարձը գահին» (1909)… Մեծ է Սուրենյանցի ներդրումը հայկական գրաֆիկայի, հայկական ու ռուսական գրքի կոլորիտային նկարազարդման ասպարեզում£ Լինելով դարասկզբի ռուսական թատրոնի նշանավոր բեմանկարիչներից` Սուրենյացը ձևավորել է Ռուբինշտեյնի «Դև» օպերան (1901) Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Հեյբորգի «Սիրո ողբերգությունը» (1909)` Կոմիսարժևսկայայի թատրոնում, Մետեռլինկի «Կույրերը», «Այնտեղ` ներսում», «Անկոչը» մեկ գործողությամբ պիեսները (1904), Չեխովի «Ճայը» (1905)` Մոսկվայի գեղարվեստական թատրոնում և այլն£ Ակադեմիական բազմակողմանի հիմնավոր կրթությունը, ժամանակի առաջադեմ մտավորականության հետ ունեցած մտերմիկ փոխշփումները, անդուլ աշխարհաճանաչողությունն ու համաշխարհային մշակույթի խորազնին հետազոտությունները հիմք են տալիս վստահաբար հանդես գալու նաև որպես պատմաբան, ազգագրագետ, ճարտարապետության և արվեստի տեսաբան£ Հայոց ճարտարապետության կոթողների վերականգնման նրա մշակած առանձնահատուկ մեթոդները ավելի քան արդիական են մեր օրերում£ Տիրապետելով 8 լեզուների` Սուրենյանցը բնագրից թարգմանել է Շեքսպիրի «Ռիչարդ III¬ը», «Ամառային գիշերվա երազը», սոնետների մի մասը, Գյոթեի ու Հայնեի բանաստեղծություններից, Շիլտբերգերի «Ճանապարհորդություն…» գրքի Հայաստանին վերաբերող հատվածը£ Բազմաթիվ են Սուրենյանցի մտերիմ հայրենակիցները` Պետրոս Ադամյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Ալեքսանդր Ծատուրյան, Հովհաննես Թումանյան… Բացի «Ադամյանը Օթելլոյի դերում» յուղաներկ կտավից, պահպանվել են ժամանակի մամուլի էջերում մի շարք մատիտանկարները` խոշորագույն հայ արտիստի տարբեր դերակատարումները կերպավորող£ Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի և ուրիշ հայ արվեստագետների համագործակցությամբ` Սուրենյանցը Թիֆլիսում հիմնադրել է Հայ արվեստագետների միությունը (1916)£ Դուրս բերելով նեղ ազգային մտածելակերպի սահմանափակող շրջանակներից հայ մշակույթը` Սուրենյանցը, հավատարիմ ազգային արմատներին, իր ապրած ժամանակի համաշխարհային բարձրարժեք միտումների յուրաշաղախ հատկանիշներով է գործնականում հարստացրել մեր կերպարվեստը£ Կենդանության օրոք միայն մեկ անհատական ցուցահանդես ունենալով Բաքվում (1901)` իր լավագույն կտավներով մշտապես ներկայացվել է ամենահեղինակավոր ցուցահանդեսներում£ «Սալոմե»¬ն (1907), օրինակ, ցուցադրվել է Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայի 100¬ամյակին նվիրված (1912) և Վենետիկի (1914) միջազգային ցուցահանդեսներում£ Ընդունելով Բաքվի մեծահարուստ Ղուկասյանների պատվերը` նկարազարդել Յալթայում կառուցվող իրենց եկեղեցին, Վարդգես Սուրենյանցը մեկնում է Ղրիմ£ Այնտեղ հիվանդանալով` վախճանվում է շուտով (1921¬ի ապրիլի 6¬ին) ու թաղվում Յալթայի հայկական եկեղեցու բակում£ Շարունակելով ապրել իր թողած մշակութային ժառանգությամբ` արվեստագետների հետագա սերունդներին իր մարդկային վսեմ նկարագիրն է նաև ավանդել, որի բազմահաստատումները ամրագրված են ժամանակակիցների հուշերում£ Ծննդյան 150¬րդ տարեդարձը, կարծում եմ, լավագույն առիթն է նորերի համար լիարժեք ճանաչելի դարձնելու հայ մշակույթի մնայուն գանձերից ևս մեկի իրական մեծությունը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ