Փորձաքար` թուրքերի համար


Անցյալ դեկտեմբերին մի խումբ թուրք լրագրողների հետ Երևան այցելած և նրանց հետ միասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հավերժական կրակին հարգանքի տուրք մատուցած Մենսուր Ագքյունը «Ռեվերանս» պարբերականում օրերս գրել է, թե «ժամանակն է, որ Անկարան դադարի Երևանի մեջ թշնամի տեսնել»: Նա քննադատել է Հայաստանի նկատմամբ իր երկրի կառավարության վարած «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» քաղաքականությունը` հորդորելով հրաժարվել հայ-թուրքական միջպետական հարաբերությունները կարգավորելուն միտված ցյուրիխյան հայտնի Արձանագրությունները վավերացնելուց մտացածին պատճառներով խույս տալու կեցվածքից: -Եկեք Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը պատճառաբանություն չբերենք,-գրել է Մենսուր Աքգյունը,-կարող է իրենց դատարանն էլ մեր դատարանների պես խառնվել է քաղաքականությանը և անցել իր իրավասության սահմանները: Թողնենք նրանց` թող իրենց անելիքների մասին իրենք մտածեն: Ի վերջո, հարաբերությունները կարգավորելու են իշխանությունները, ոչ թե դատարանները… Միանգամայն ճիշտ դիտարկում է. միջպետական հարաբերությունները տվյալ պահին իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցրած քաղաքական ուժերն են կարգավորում, ոչ թե ուրիշները, նույնիսկ` հասարակությունները: Ամբողջ հարցն էլ հենց դա է` Թուրքիայի իշխանություններն իսկապես ուզու՞մ են կարգավորել իրենց միջպետական հարաբերությունները Հայաստանի հետ, թե՞ ոչ: Դատելով թուրքական պետության հռչակած «զրո պրոբլեմ հարևանների հետ» արտաքին քաղաքական դոկտրինից, պիտի որ Անկարան այդ հարցում շահագրգռված լինի: Այլապես անցած հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հայտնի Արձանագրությունները չէր ստորագրի: Սակայն, ինչպես այդ Արձանագրությունների ստորագրմանը նախորդած ու հաջորդած իրադարձություններն են վկայում, Անկարան ձգտում է Հայաստանի հետ իր միջպետական հարաբերությունները կարգավորելու գործընթացը ծառայեցնել բացառապես մեկ նպատակի` որքան հնարավոր է` զիջումներ կորզել Հայաստանից: Զիջումներ ոչ միայն հօգուտ իրենց, այլև` եղբայրակից Ադրբեջանի: Այսինքն, հասնել նրան, որ պաշտոնական Երևանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի սատարումը և Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ընդառաջ գնա Ադրբեջանի մեծապետական նկրտում ներին: Երկու դեպքում էլ թուրքական մանգաղը քարին է առել: Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացը շարունակվում է£ Վերջերս Ուելսի խորհրդարանը ընդունեց հենց այդպիսի որոշում: Նույնն է պատրաստվում անել Անգլիայի խորհրդարանը: Բացառված չէ, որ Իսրայելի Կնեսետը նույնպես ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին որոշում: ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին կայանալիք իր նիստի օրակարգ է մտցրել Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձևի նախագիծը: Դրա ընդունման հեռանկարները ոչ միայն հիշյալ հանձնաժողովում, այլև Կոնգրեսում միանգամայն իրական են: Իսկ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման հետ կապելու ջանքերը ոչ միայն ձախողվել են, այլև արժանացել են այս աշխարհի բոլոր հզորների միահամուռ դատապարտությանը: Ուստի Մենսուր Ագքյունը բացահայտորեն հուշում է Թուրքիայի կառավարությանը, թե «Հայկական կողմն իրավացի է, երբ պնդում է, թե ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները մի ժամանակացույց ունեն, և դա, մեծ հաշվով, ապրիլի 24-ն է»: Ագքյունն ընդգծում է երկու հանգամանք` «2009-ի ապրիլի 24-ից առաջ էլ լուրջ վտանգ կար, որ Օբաման կկատարի իր նախընտրական խոստումը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան լուրջ քայլեր չանի…Ներկայումս նույն ժամանակացույցն է...»: Եվ երկրորդ` «տարիներ ի վեր Թուրքիային գերի վերցրած Ադրբեջանը համաձայն չի լինելու հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը… Բաքուն դեմ է դուրս գալու և օգտագործելու է ձեռքի տակ եղած ամենակարևոր հաղթաթուղթը` հայ-թուրքական սահմանի փակ լինելը…»: Ագքյունը Բաքվի կեցվածքը դատապարտելի չի համարում` «Մենք էլ լինեինք` նույն կերպ կվարվեինք»: Նա, միաժամանակ, անթաքույց կոչ է անում Անկարային` ազատվել «Ադրբեջանի գերությունից» և ականջալուր լինել Հայաստանի ձայնին. «Հայաստանը շանտաժ չի անում, երբ ասում է` եկեք չուշացնենք գործընթացը և աշխատում է մեզ բացատրել, թե մինչև երբ և ուր կարող է ձգվել այն…»: Մենսուր Ագքյունի այս հրապարակումը հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման անկեղծ ձգտում է: Ով ինչ ուզում է ասի, բայց մինչև անցած հոկտեմբերի 10-ը թուրքական մամուլում այսպիսի հավասարակշռված ելույթներ բացարձակապես չկային£ Թուրքական կողմից այսպիսի սթափ հայացքի առկայությունը վկայում է, որ նրանց մեջ էլ հասունանում է հարևան Հայաստանի հետ միջպետական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության գիտակցությունը: Բայց ահա հոգեբանական տեսակետից թուրքերը կանգնած են լրջագույն մի խնդրի առաջ` նրանք պետք է իրենց հոգեբանությունից հանեն Հայաստանն ու հայ ժողովրդին թշնամի համարելու կարծրատիպը, որը ձևավորվել է…հարյուրամյակներով: Այդ կարծրատիպը թուրքերին օգնում էր` «արդարացնելու» իրենց իրարահաջորդ կառավարողների` սուլթանների, երիտթուրքերի, քեմալիստների վայրագությունները հայ ժողովրդի դեմ: Խոստովանել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց թշնամին չեն` թուրքերի համար նշանակում է ընդունել, որ իրենց նախնիները…մարդակեր են եղել: Արձանագրությունները վավերացնել նշանակում է նաև այսօր անուղղակիորեն ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, կանգնել սեփական խղճի դատաստանի առաջ: Եթե, իհարկե, ընդունենք, որ թուրքերը նաև…խի¯ղճ կարող են ունենալ… Հայերին ու Հայաստանին ոչ միայն իրենց, այլև եղբայրակից Ադրբեջանին թշնամի համարելը թուրքերի համար ծառայել ու ծառայում է որպես հոգեբանական «փրկություն»` սեփական արյունալի անցյալին դեմ առ դեմ հայտնվելու տհաճությունից: Նրանք այլ ելք չունեն. պիտի անցնեն քավության այդ ճանապարհը, եթե չեն ուզում այսուհետ նույնպես մնալ 1915-ի իրենց ոճրագործ նախնիների մակարդակին: Երկար ժամանակ թուրքական պետության մեջ հայերի նկատմամբ վերաբերմունքը եղել է ամբողջ աշխարհի աչքում թուրքերի մարդեղենության քննության փորձաքարը: Այսօր նույն վիճակն է. հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավումը Թուրքիայի համար կարող է դառնալ իրենց քաղաքակրթվածության քննության ձախողումը…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ