ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ


Այս օրերին հիպոթեկ, բանկ, վարկ, երիտասարդ ընտանիք արտահայտություններն ամենից հաճախ կարելի է լսել£ Հասկանալի է. երիտասարդ ընտանիքներին վարկավորելու և բնակարանով ապահովելու ծրագրին հենց այնպես թարմ շնչառություն չհաղորդվեց£ Ակնհայտ է, որ Հայաստանում բնակարանային ճգնաժամ է ստեղծվել£ Նախորդող տարիներին բնակարանաշինության գործընթացն այնպիսի արագություն էր հավաքել, որ նորակառույցների տերերին հավանաբար այլևս ժամանակ չէր մնացել մտածելու, թե շինությունները պատրաստ լինելուց հետո ինչպես են բնակարաններն իրացվելու£ Վերջին մեկ¬երկու տարվա սպասումները փաստորեն ապարդյուն են անցել, և մարդիկ փորձում են ինչ¬որ բան մտածել ստեղծված անելանելի իրավիճակը հարթելու համար£ Թարմացված առաջարկների պարագայում, թվում է, թե ելքը գտնված է. երիտասարդ ընտանիքները հնարավորություն են ստանում նոր բնակարանի տեր դառնալ, ամենատարբեր շինարարական կազմակերպություններ «ապրանքի իրացման» հարցն են լուծում, բանկային համակարգն էլ, շնորհիվ առաջարկվող ծառայության, դեռևս բարձր համարվող տոկոսադրույքների եկամուտ է ստանում£ Սակայն այս ամենից ավելի շատ հերթական տապալված ծրագրի ծանոթ հոտն է գալիս£ Բանն այն է, որ բնակարանների գներն ու հատկապես երիտասարդ ընտանիքների վճարունակության ցածր մակարդակը ոչ մի կերպ «համատեղելիության ընդհանուր եզրեր» չեն կարող գտնել£ Եթե մեր հանրապետությունում միջին աշխատավարձն ընդամենը 300 դոլարին համարժեք դրամ է կազմում, ապա տանիք ունենալ երազող ընտանիքն առնվազն մեկ ու կես տասնամյակ, ինչպես ժողովուրդն է ասում, օդով պետք է ապրի£ Ու նույնիսկ այս պարագայում` կայուն երաշխիքներ են պետք նաև աշխատանքի ու վարձատրության անընդհատ և շարունակական լինելու առումով... Իսկ այդպիսի երաշխիք անգամ ամենաբարեհաճ գործատուն չի կարող տալ, և տանիք ունենալ ցանկացողները, եթե հնարավորությունները փոքր¬ինչ համապատասխանում են, ավելի շատ կնախընտրեն համեմատաբար մատչելի նորակառույցներում կամ այլ` ավելի հին շենքերում սեփականատեր դառնալ£ Արդյունքում ոչ միայն կշրջանցվի նկատելի գնային տարբերությունը, այլ կխնայվի վարկավորողին (որն այս դեպքում հանրապետության երկու տասնյակ բանկերից մեկն է) վճարելիք մի քանի միլիոն դրամը£ Ոչ միայն 15 տարով, այլ մինչև անգամ 15 օրով ու առավել ևս երիտասարդների պարագայում չարժե «օդով ապրել»£ Հետևաբար վարկերի շնորհիվ բնակարան ձեռք բերելու հնարավորությունը միայն բացառիկ դեպքերում կարող է իրականություն դառնալ£ Նոր «հնարավորությունների» դեպքում ևս մեծամասնության համար այն մնալու է երբևէ չիրականացող երազանքների շարքում£ Այնպես որ, ծառ տնկելու, որդի ունենալու և տուն կառուցելու` տղամարդկանց ուղղված ժողովրդական խորհուրդը հիպոթեկային բնակարանի մասով առայժմ մեծամասամբ անիրագործելիներից է£ Սա այն դեպքն է, երբ ցանկություններն ու հնարավորությունները պարզապես չեն համընկնում, և մեր ժամանակներում ազնիվ աշխատանքով ու միջին աշխատավարձով ապրող ընտանիքների համար այս ուղղությամբ մտածելն անգամ անիմաստ է£ Եթե նույնիսկ լավատեսները որոշեն ու նման քայլ կատարեն` հույսով, թե տնտեսական ճգնաժամը կհաղթահարվի, ու մեկ¬երկու տարի անց մեր հանրապետությունում միջին աշխատավարձն արդեն հազար դոլարին համարժեք դրամով կարտահայտվի, միևնույն է, մարվելիք վարկի ավելի քան բարձր տոկոսադրույքները համարձակներին ուղղակիորեն կզրկեն հիպոթեկային պատմության ճահճից դուրս գալ£ Այնպես որ` նոր ու մատչելի բնակարանների միֆն այնպիսիներից է, որոնք լինում ու չեն լինում£ Այսինքն, իրականում դրանք կան ու շատ մոտ են թվում, բայց մշտապես անհասանելի են մնում£