Իսպանացիների չսիրած եռյակը


 

Ավելի ստույգ` նրանց աչքում աշխարհի պետությունների առաջնորդներից ամենավարկաբեկվածը Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշներն է (Արգենտինա), Ռաուլ Կաստրոն (Կուբա) և Վլադիմիր Պուտինը (ՌԴ):

Իսպանիայի քաղաքացիների այս կարծիքն ամրագրվել է անցյալ շաբաթ` Մադրիդում ElcΖno թագավորական ինստիտուտի անցկացրած հասարակական կարծիքի հարցում ների արդյունքում:

Ամենաբարձրը Բարաք Օբամայի (6,2 միավոր) և Անգելա Մերկելի (5,6 միավոր) վարկանիշն է: Նվազել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի (5,1-ից` 4,1) և Իտալիայի առաջնորդ Մարիո Մոնտիի (4,8-ից` 3,8 միավոր) վարկանիշը:

Ի պատիվ իսպանացիների պետք է նշել, որ նրանք հավատում են իրենց ուժերին, սիրում են իրենց երկիրը և գտնում են, որ ստիպված չեն լինի միջազգային ֆինանսական կազմակերպություններից օգնություն խնդրել: Արժանապատիվ ժողովուրդ են ուրեմն: Բացի այդ` չեն կամենում պարտքեր կուտակել:

Նաև ուղղամիտ են իսպանացիները: Դիցուք, մտահոգ են Եվրոպայի համար, և հարցվածների 88 %-ը կարծում է, որ եվրագոտում բույն դրած սնանկացումը կարող է ծանր կամ շատ ծանր հետևանքներ ունենալ: Ավելին, չնայած տպավորություն ունեն, որ «Գերմանիան ուշադրության չի արժանացնում այնպիսի երկրների, ինչպիսին Իսպանիան է», բայց պետություններից վարկանշային ցանկում առաջինը Գերմանիան է: Դրան հաջորդում են Ճապոնիան և Միացյալ Նահանգները: Այս ցանկում ամենացածր գնահատականը ստացել են Իրանը, Մարոկոն և Հունաստանը: Իսպանացիների 75 տոկոսը համոզմունք է հայտնել, թե Իրանի միջուկային հետազոտությունների ծրագիրը ռազմական նպատակներ է հետապնդում: Իսկ 65 %-ը լուրջ սպառնալիք է համարում այն, որ Թեհրանը կարող է խոչընդոտել նավթի մատակարարումն Իսպանիային: