ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ


 

Քանի-քանի անգամ են մեր չքնաղ բնօրրանն ասպատակել բիրտ ու բարբարոս հրոսակները` վայրի մի մոլուցքով փորձելով այրել, ոչնչացնել մեր ժողովրդի` միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծած մատյաններն ու գրքերը, որոնցում մեր միտքն էր, մեր քրիստոնեական հավատը: Բայց ամեն անգամ հայ մարդը ոչ միայն փրկել է դրանց բեկորները, այլև արարչական մի զորությամբ նոր մատյաններ է գրել ու ծաղկել` ներքին այն համոզմամբ, որ անպայման գալու է այդ ամենը գնահատելու և իմաստավորելու ժամանակը:

Հատված ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքից

 

Երևանը Բուենոս-Այրեսից ընդունեց էստաֆետն, ու Հայաստանի գլխավոր քաղաքը դարձավ Գրքի միջազգային մայրաքաղաք: Ուղիղ մեկ տարի գիրքը կլինի մեզ հետ, ուղիղ մեկ տարի մշակութային բոլոր միջոցառումների առանցքում կլինեն գիրքն ու գրատպությունը: Սա հրաշալի ազդակ է մեզ մոտ գրքի ու գրականության հանդեպ սեր ձևավորելու, նախկինում եղած բարի ավանդույթները վերականգնելու համար: Շատերն են ուրախությամբ նշում, որ գոնե այս փաստը հնարավորություն կտա հատկապես մայրաքաղաքից հեռու գտնվող բնակավայրերում գրախանութներ բացել, հոգ տանել գրադարանների մասին:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վերջին մեկ-երկու տարում մասնավորաբար մայրաքաղաքում մեծացել է գրքի պահանջարկը, հատկապես գնորդների հետաքրքրությանն են արժանանում մանկական գրքերը, որոնց գները մատչելի են, երբեմն` 70 դրամ: Իհարկե, հրատարակիչները նշում են, որ մեծ զոհողությամբ են գնում այդ քայլին, ապրանքային գինն ավելի ցածր նշանակում, քան ինքնարժեքն է: Բայց նրանք էլ կամենում են մանուկներին կապել գրականության հետ, «վիրտուալ» գրադարաններից բերել դեպի իրական գրաշխարհ: Մի շարք գրախանութներում հաստատեցին, որ արդեն այս խնդիրն աստիճանաբար կարգավորվում է, օրեցօր ավելանում է գիրք գնողների թիվը, շատ հաճախ ծնողներն են իրենց երեխաների հետ գալիս գրախանութներ և ընտրում նրանց հետաքրքրող գրքերը:

Իսկ ահա Գորիսում, ուր վերջին տարիներին մեկ գրախանութ է բացվել, դժգոհեցին, որ իրենք վաճառում են այն գրքերը, որոնք լույս են տեսել մոտ տասը տարի առաջ: Հրատարակիչ-գրախանութ կապն այստեղ կտրվել է. ստիպված են Երևանի գրախանութներից գնել գրքեր ու, փաստորեն, այստեղ վերավաճառել: Գնորդներ ունենում են, սակայն կամենում են ավելի շատ մարդկանց կապել գրքին, գիրքը դարձնել ոչ միայն մշակութային-գրական արժեք, այլև յուրատեսակ զրուցակից: Հատկապես գորիսյան մեր դիտարկում ները հուշեցին մտորել այն հարցի շուրջ, որ գրքի վաճառքի կազմակերպումը տեղափոխվի պետական մակարդակ, ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչության կենտրոնը նաև լծվի հրատարակիչ-վաճառող կապերի ձևավորմանը` այսպիսով մեծացնելով պետության կարգավորիչ դերը գրքի հանրահռչակման և վաճառքի գործում: Սա աշխարհի մի շարք երկրներում կիրառվող փորձ է, հետևաբար ոչ ոք չի կարող մեղադրել, թե մենք հրաժարվում ենք ազատականությունից և գնում ենք դեպի նախկին տնտեսաձևերը: Կան ոլորտներ, որտեղ պետության մենաշնո´րհը պիտի լինի: Իսկ գրքի վաճառքի ոլորտը հենց այդպիսին է:

 

 

Ձմեռը նորից գարուն է դառնում,

Ամառն է կրկին հետևում գարնան…

Ապա աննկատ և ակամայից

Ժպիտն է խաղում շուրթերին հայի…

Պարույր ՍԵՎԱԿ

Այս երկրները բանաձևերով կամ օրենքով ճանաչել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը.

1. Ուրուգվայ (1965 թ.` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով).

2. Կիպրոս (1982 թ.` Պառլամենտի բանաձևով).

3. Եվրամիություն (1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2005-ին` Եվրապառլամենտի բանա-ձևերով).

4. Արգենտինա (1993-ին և 2005-ին` Սենատի բանաձևով, 2004-ին` օրենքով).

5. Ռուսաստան (1995ին` Պետդումայի բանաձևով).

6. Կանադա (1996-ին, 2002-ին և 2004-ին` Պառ-լամենտի բանաձևերով).

7. Հունաստան (1996-ին` Պառլամենտի բանաձևով).

8. Լիբանան (1997-ին, 2000-ին` բանաձևերով).

9. Բելգիա (1998-ին` Սենատի բանաձևով).

10. Ֆրանսիա (1998-ին և 2000-ին` խորհրդարանի որոշումներով, 2001-ին` օրենքով).

11. Շվեդիա (2000-ին` Պառլամենտի զեկույցով).

12. Վատիկան (2000-ին).

13. Իտալիա (2000-ին` բանաձևով).

14. Շվեյցարիա (2003-ին` բանաձևով).

15. Սլովակիա (2004-ին` բանաձևով).

16. Նիդեռլանդներ (2004-ին` բանաձևով).

17. Լեհաստան (2004-ին` բանաձևով).

18. Վենեսուելա (2005-ին` Պառլամենտի բանաձևով).

19. Գերմանիա (2005-ին` Պառլամենտի բանա-ձևով).

20. Լիտվա (2005-ին` բանաձևով).

21. Չիլի (2007-ին` բանաձևով):