ԵԹԵ ԱՆԿԵՂԾ ՀԱՐԵՎԱՆ ԵՍ ՈՒ ԲԱՐԵԿԱՄ


 

Այսօր` Ապրիլի 24-ին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կազմակերպվելու է խաղաղ ցույց, որի ընթացքում կոչ է արվելու դատապարտելու և ճանաչելու Ցեղասպանությունը: Այս ճանաչումն ու դատապարտումը նոր հորիզոններ կբացեն տարածաշրջանում համագործակցության ձևավորման ճանապարհին:

«Արդեն մի քանի տարի Վրաստանում հայերի կողմից խնդիր է բարձրացվում ճանաչելու Ցեղասպանությունը, Ապրիլի 24-ը համարելու ոգեկոչման օր: Վրաստանի խորհրդարա նում մի քանի տարի առաջ տապալվեց հայ պատգամավորների նախաձեռնությունը, քանի որ վրացի պատգամավորները, ելնելով իրենց երկրի շահերից, քննարկման նյութ չդարձրեցին նախագիծը: Սակայն վերջին շրջանում ապրիլի 24-ին խորհրդարանը հոտնկայս հարգում է Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Օրերս Վրաստանի մի շարք հայկական, կրոնական, մշակութային և կրթական կազմակերպություններ դիմել են երկրի նախագահին, խորհրդարանի խոսնակին և Թբիլիսիի քաղաքային խորհրդի` սաքրեբուլոյի, նախագահին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Դիմումում, մասնավորապես, ասվում է. «Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարեդարձը: Այս տարելիցի  կապակցությամբ դիմում ենք մեր երկրի կառավարությանը, որը, չնայած պատմական և քաղաքական կոնյունկտուրային հանգամանքներին, բազմիցս է ապացուցել իր հավատարմությունը արդարությանը և մարդասիրական արժեքներին: Կոչ ենք անում ըմբռնումով և հարգանքով վերաբերվել վրացահայ քաղաքացիների արդար պահանջին` մեր երկրի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ»:

Դիմումը ստորագրել են մշակութային-լուսավորչական և երիտասարդական «Հայարտուն» կենտրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանի հայ մտավորականների, նկարիչների, երաժիշտների, հայ համայնքի երիտասարդական միությունները, Վրաստանի և Աջարիայի հայերի միությունները և այլն: Այս օրերին Երևանում գտնվող անվանի թարգմանչուհի, բանաստեղծուհի և հանրային գործիչ Անի-Անահիտ Բոստանջյանը տեղեկացրեց, որ վիրահայությունը վճռականորեն է տրամադրված. նա այլևս չի կամենում տեսնել, թե ինչպես բարեկամ երկիրը, որը նաև հայության հայրենիքն է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած շահերը վեր է դասում իր հայ քաղաքացիների բարոյական շահերից: