ՍՐԲԱԴԱՍՈՒՄ


Այսօր խորին խոնարհումով ու երկյուղածությամբ համայն հայության ու աշխարհի առաջադեմ մարդկության հայացքը հառվելու է Հայաստանին, որովհետև տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Ինչպես նշել է սրբադասման արարողության և հիշատակի ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը`

- Ապրիլի 22-ին քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչների նիստն է լինելու, որի թեման է` եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանությունների:

Այդ նիստին ներկա են լինելու մեզ հետ գտնվող շուրջ 80 ներկայացուցիչներ` տարբեր եկեղեցիներից: Ապրիլի 23-ին արդեն Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունն է լինելու: Մեկ օր առաջ կլինի Հսկման արարողությունը, որին ներկա են լինելու մեր քույր եկեղեցիների ներկայացուցիչներն ու մեր հավատացյալ ժողովուրդը:

Հսկման արարողությունը նախապատրաստություն է բուն սրբադասման արարողության:

- Մասունքները հատուկ մասունքարարների մեջ են դրվելու ապրիլի 22-ի երեկոյան և հաջորդ օրը ներկայացվելու են սրբադասման արարողությանը, որտեղ լինելու է մասունքների հարգանքի ընծայում բոլոր ներկաների կողմից: Սրանք այն մասունքներն են, որոնք տարիներով պահվել են Դերզորում, Մայր Աթոռում կամ Կիլիկիո կաթողիկոսության ներքո,- մանրամասնել է հանձնախմբի անդամ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նրա խոսքով` սրբադասումը անհատական չի լինելու, այլ հավաքական: Սրբադասման համար անհրաժեշտ է նոր սրբապատկեր, մասունքներ, նոր շարական:

Ի դեպ, արդեն շուրջ 400 տարի նման արարողություն տեղի չի ունեցել: Ասել է թե` 4 դար որևէ մեկը չի սրբադասվել:

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը տեղի կունենա ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: