Իրատեսության հրամայականով


Տիգրան Սարգսյանի կառավարությունը ձևավորման օրից նոր առաջնահերթությունների առանցքում հեղինակության բարձրացման խնդիրը դրեց: Այն ժամանակ իհարկե դժվար էր կանխատեսել, որ գործադիրի բարձրացող վարկի պարգևելիք դափնիների փոխարեն ճգնաժամն է մեր երկրի ու նրա փխրուն տնտեսության ուսերին իջնելու: Ակնհայտ է սակայն, որ անգամ նման իրավիճակում գործադիրն իր նախնական գերխնդրից չի հրաժարվելու: Համենայն դեպս կառավարության վերջին նիստում վարչապետի հնչեցրած ու սպասվածից ավելի լայն արձագանքի արժանացած հորդորներն, ըստ ամենայնի, անգամ ծանրագույն իրավիճակում նախնական ծրագրերից չհրաժարվելու նպատակին են միտված: Իսկ գործադիրի ղեկավարի խորհուրդ-պահանջները երկու մասի հիմնականում կարելի է բաժանել. ավելի շատ աշխատելու նպատակադրմամբ կրճատել պաշտոնյա ների արձակուրդի համար նախատեսված ժամկետը, և հանգիստն էլ միմիայն մեր երկրի սահմաններում կազմակերպել: Ինչ խոսք, առանց այն էլ սահմանափակված հանգստյան շաբաթները հանրապետությունում անցկացնելով` պաշտոնյաները գոնե ճանապարհներին վատնելիք ժամանակը կխնայեն: Բայց Տիգրան Սարգսյանը բնավ էլ նախարարների ու նրանց տեղակալների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների ժամանակն արդյունավետ տնօրինելու խնդրով չէ մտահոգված, բնականաբար… Վաղուց և բավականաչափ շատ է խոսվել այն մասին, որ հանգստյան սեզոնի ժամանցին ու զվարճանքներին հատկացվելիք միջոցները նախընտրելի է ոչ այնքան հարևան Թուրքիայում, այլ հենց մեր երկրի բազմաթիվ գողտրիկ հանգստավայրերից մեկում ծախսել: Այս առումով տնտեսական ճգնաժամը գուցեև առարկայացրեց մտահոգությունը` մեր իսկ ունեցած հնարավորությունների իրացմանը նպաստելու համար վերջապես գործնական նախահիմքեր ստեղծելով: Առաջին հայացքից` Տիգրան Սարգսյանի հորդորի աշխարհագրությունն այնքան էլ ընդգրկուն չի կարող լինել և, ասենք, ոչ ավել քան մի հարյուր մարդու վրա կարող է այն տարածվել: Պարզ է նաև, որ հայրենի պաշտոնյաները իրենց մեկ-երկու շաբաթվա հանգստի ընթացքում ծախսվելիք անգամ ոչ այնքան համեստ միջոցները տեղայնացնելով` տնտեսական ճգնաժամի ահագնացող գրոհը չեն կարող զսպել: Անգամ հայաստանյան զբոսավայրերում մատուցվող ծառայությունների տիեզերական լինելու չափ բարձր գները չեն կարող ավելի շատ հանգստացողներ «հավաքագրել»… Հետևաբար մնում է հուսալ, որ հայրենի պաշտոնյաներն իրենց նախասիրությունների վերանայմամբ լավ օրինակ կծառայեն հանրության այն հատվածին, որ ներկա պայմաններում արձակուրդներն ավելի հետաքրքիր դարձնելու նյութական միջոցներ դեռևս ունի: Սա էլ հենց հայկական զբոսաշրջության ամենախոցելի կողմն է դարձել, քանի որ վճարունակության մակարդակն ու ծառայությունների գները ոչ մի կերպ չեն համադրվում: Արդյունքում` տեղական հանգստավայրերից օգտվելը մենաշնորհ հիշեցնող ինչ-որ երևույթի է նմանվում. հատկապես հանրության այն հատվածի համար, ում պարագայում վճարվելիք գումարը գրպան չի թեթևացնում և բացարձակապես չի անհանգստացնում գրպանատերերին: Նախքան ճգնաժամը, ասենք անցյալ տարի, երբ դարձյալ քիչ չէր խոսվում Հայաստանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու մասին, ծառայությունների սակագների վերանայման խնդիրը զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչներին դարձյալ չէր անհանգստացնում: Միևնույն է, գոյություն ուներ բարձրարժեք ծառայությունների դիմաց վճարունակ թեկուզև քիչ, բայց այն հատվածը, որոնց հույսով էլ գոյատևում և զարգացման հույսեր էր շարունակում փայփայել տեղական զբոսաշրջությունը… Հիմա, երբ կարելի է ասել, թե բոլորի գործերն են վատացել, թերևս ամենահարմար ժամանակն է` սպառողների հնարավորություններով ու ցանկություններով առաջնորդվելու: Ասել է թե` գործող սակագները շեշտակիորեն նվազեցնելու: Եվ, բնականաբար, նման քայլերի կարելի է գնալ ոչ թե, ասենք, միջին խավի «խաթեր համար», այլ տեղական զբոսաշրջությունը խորհրդանշական գոյությունից փրկելու, դրանից ցանկալի ու վերջապես իրատեսական հասույթ ստանալու, և, որ ներկա իրավիճակում պակաս կարևոր չէ` դժվարին ժամանակներ ապրող հայրենի տնտեսության կենսագործունեությանը օժանդակելու նպատակով:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ