Հա՞ որ


ԱԶԳԱՅԻՆ վիճակագրական ծառայությանը ստախոսության` ուռճացված և լավատեսական տվյալներ հրապարակելու մեջ մեղադրանքներն անհիմն են. դրանք թերևս ճիշտ կլինի այս կառույցի նախկին հրապարակումներին վերագրել: Համենայն դեպս, հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող` շաբաթավերջին հրապարակ ված վիճակագիրների զեկույցն ավելի հոռետեսական է, քան, ասենք, ընդդիմության հանրահավաքներում հնչող համաներման գնահատականները: Մնում է ենթադրել, որ կամ վիճակագիրներն են իրատես դարձել, կամ, որ ավելի հավանական է, զեկույցում բնութագրվող սոցիալ-տնտեսական իրավիճակն է զգալիորեն վատթարացել: Ինչ խոսք, հոռետեսներն ու շահագրգիռ մյուս շրջանակները սպասվածի համաձայն պնդում են, թե եթե ԱՎԾ-ն է նման թվեր հրապարակում, ուրեմն իրականում իրավիճակը շատ ավելի վատթար է: Այնուամենայնիվ, հենվելով զեկույցում ներկայացված տվյալների վրա` դիտարկենք հետաքրքրական մի փաստ: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեր հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությունը 12,2 տոկոսով նվազել է: Իհարկե, սա նշված զեկույցի ամենահուսահատեցնող ցուցանիշը չէ` եթե հաշվի առնենք, որ շինարարության անկումը շատ ավելի խոսուն` 52,1 տոկոսով է ներկայացվում: Խնդիրն այն է, որ էլեկտրաէներգիա «արտադրող» մեր երկիրը հարևան հանրապետություններին հոսանք է առաջարկում և վաճառում, ու մշտապես շատ է խոսվում արտահանման շատ ավելի լուրջ ծավալների ու շրջանառության մասին… Հիմա, ըստ վիճակագիրների, այնպես է ստացվում, որ հենց սպառման ծավալներն են զգալի անկում արձանագրում: Անցել են նաև զանգվածային գազաֆիկացման ժամանակները, և հոսանքի սպառման ծավալների անկումը գազով փոխարինելուն վերագրելը անլուրջ կլինի: Հետևաբար վճարունակության անկումն ու էլեկտրաէներգիայի գնի չպատճառաբանված բարձրացումը, փոխլրացնելով իրար, նշված անցանկալի ցուցանիշին են հանգեցրել: Նույն ժամանակահատվածին վերագրվող 15,7 տոկոսանոց ընդհանուր տնտեսական անկումը լավագույն դեպքում նշված 12,2 տոկոսի մի մասի պատճառը կարող է դարձած լինել: Այս թվի «մյուս կեսը» անհիմն գնաճի հետևանք է, ու հիմա էլ նույնքան հիմնավոր նախադրյալներ կան ցուցանիշների շարունակական նվազման: ԳՆԱՃՆ այդպես էլ ոչ մի ոլորտ «աչքաթող» չի անում, ու այստեղ բոլորովին էլ չի կարևորվում, որ այս կամ այն ապրանքատեսակի ու ծառայության գնի բարձրացումը ավելի հաճախ չի տեղավորվում մարդկային տրամաբանության շրջանակներում: Ասվածն անվերապահորեն վերաբերում է նաև նորերս բարձրացված ջրի սակագնին: Այս դեպքում էլ, եթե հավատանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավաստիացումներին, ապա կարող էր թվալ, թե միմիայն սպառողների շահերով առաջնորդվող այս մարդիկ հնարավորն արել են ավելի քան «համեստ» սակագին հաստատելու ուղղությամբ: Մինչդեռ թվերը, որոնք շարունակաբար ազգաբնակչությանն են հրամցվում, բառի բուն իմաստով օդից են վերցված: Եվ, դիցուք` «Երևան Ջուր» ընկերության օրինակով, մանկամտություն կլինի հավատալ, թե ջրամատակարարը խաբեությամբ չի զբաղվում և ինչ-ինչ հիմնավոր պատճառներով է ստիպված լինում սակագին վերանայել, իսկ գնակարգավորողն էլ սպառողի «արևով է երդվում»: Այսպես, զարմացնող խոստումներով ինքնագովազդած ֆրանսիական ընկերությունը, երբ իր առաջին անելիքը գների բարձրացումը համարեց, այն ժամանակ խոստանում էր ներդրումային ծրագրերն ավարտին հասցնելուց հետո վերանայել վճարաչափերը: Համենայն դեպս անցնող տարիներին հօգուտ սպառողի ոչինչ էլ չարվեց, ու ներկայումս 181 դրամ արժեցող ջրի մեկ խորանարդի համար մենք վաղուց արդեն 130 դրամ պետք է վճարեինք: Հեռու չպետք է լիներ նաև այն օրը, երբ այդ գինը նվազելով 75 դրամի հասներ: Նույն «հաջողությամբ» մոռացվել են նաև ամենուր շուրջօրյա ջրամատակարարման մասին խոստումները, և հատկապես ամառային ամիսներին այս խնդիրը մարդկանց կենցաղը կեղտաջրող առաջիններից մեկն է դառնում… Այսքանից հետո իսկապես դժվար է իրար հաջորդող «հիմնավորումներին» հավատալ: ԿՅԱՆՔԻ վատթարացող պայմաններն ամենուր առայժմ անջնջելի իրենց դրոշմն են թողնում մոլորակի բնակչության կենսամակարդակի վրա: ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով` աշխարհում ներկայումս մեկ միլիարդ 20 միլիոն մարդ քաղցած է: Ասվածն ավելի որոշակի ներկայացնելու համար նշենք, որ սույն վիճակագրությունը աշխարհի ամեն մի վեցերորդ բնակչի մասին է: Կարելի է վերհիշել, որ նման թվեր միշտ են ներկայացվում, բայց հարցն էլ հենց այն է, որ անցյալ տարվա համեմատությամբ քաղցածների թիվը շեշտակիորեն ուղիղ 11 տոկոսով աճ է արձանագրել: Իսկ նման իրավիճակում թերևս ուրիշ ոչինչ չի մնում, քան միայն հույսով ու լավատեսությամբ շարունակել սովել, հյուծվել, հրաժարվել կենցաղային տարրական «շնորհներից»: Ոմանց բախտը կամ առողջությունը կարող է և բավարարեն` խոստացվող բարեկեցությունը տեսնելու: