ՃԻՇՏ ԽՈՍՔԸ ՔՆՈՒՄ Է ՀԻՄԱՐ ԱԿԱՆՋՈՒՄ


Հունիսի 22-ին լրացավ Հայաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունները նորմալացնելու համաձայնագրի և այսպես կոչված «Ճանապարհային քարտեզի» ստորագրման երկրորդ ամիսը: Ի՞նչ է փոխվել այս երկու ամսում: Ինչպես մինչ այդ «ճանապարհային քարտեզի» ստորագրումը մեր պետությունների միջև որևէ կապ չկար, այնպես էլ հիմա° չկա: Ո°չ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, ո°չ սահմանն է բացվել: Նույնիսկ այդպիսի հեռանկարի նշույլը չի զգացվում: Թուրքական մամուլում դեռ երկու ամիս առաջ լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվելու Վրաստանում այդ երկրի ներկայիս դեսպանը, հավանաբար` համատեղության կարգով: Այնուհետև այդ լուրերն էլ չքացան: Փոխարենը նույն մամուլը մի ամենաիսկական վայնասուն բարձրացրեց, թե թուրք հասարակության ամենալայն շրջանակները կատաղորեն դեմ են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու կառավարության մտադրությանը: Վստահաբար կարելի է պնդել, որ այդ վայնասունն անհիմն չէ: Ո°չ թուրք կառավարությունը, ո°չ թուրք հասարակության մեծամասնությունը այսօր դեռ պատրաստ չեն և չեն էլ ցանկանում նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Չնայած Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկ անգամ չի հակառակը հավաստել: Մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ առիթներով շեշտում է, թե «հարաբերությունների նորմալացման բանակցությունները չեն ընդհատվել, աշխատանքը շարունակվում է»: Բայց այդ ի՞նչ աշխատանք է, որի արդյունքը… տեսանելի չէ: Եվ ոչ միայն մեզ` Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիներիս, այլև` Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Այդ բարձրաստիճան դիվանագետը «Ռոյթըրզ» գործակալությանը անցյալ շաբաթավերջին տված հարցազրույցում շեշտել էր, թե ինքը նույնպես հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում «որևէ փոփոխություն չի տեսնում»: -Թուրքիան մարտավարական հետքայլ է կատարել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` այդ նախաձեռնության նկատմամբ երկրի ներսում առկա թշնամական հակազդեցության պատճառով,-ասել է Սեմնեբին:- Սակայն դա վերջնական շրջադարձ չէ: Մենք հուսով ենք, որ երկխոսությունը կշարունակվի… Եթե միջազգային դիվանագիտության մեջ մեկն ասում է` «հուսով ենք», նշանակում է իրականում ոչ մի հույս էլ չկա: Ուշադրություն դարձնենք Սեմնեբիի հաջորդ արտահայտության վրա. - Ես սա դիտարկում եմ որպես Թուրքիայի մարտավարական քայլ դեպի հետ: Սակայն, ըստ էության, ես փոփոխություն չեմ տեսնում Էրդողանի կառավարության որդեգրած նոր արտաքին քաղաքականության մեջ: Եթե այս փակագիծն էլ փորձենք բացել, կտեսնենք, որ Եվրամիությունը, ի դեմս իր Հարավկովկասյան հատուկ ներկայացուցչի, արձանագրում է, որ Թուրքիան հետքայլ է կատարել Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելու քաղաքականությունից: Իսկ այն հավելումը, թե իբր դրա մեջ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ազդակներ չկան` ընդամենը քողարկված հորդոր է` որպեսզի Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ այդպիսի անցանկալի փոփոխություն չկատարի: Նույնպիսի մի վատ քողարկված հորդոր է նաև Սեմնեբիի կատարած հաջորդ դիտարկումը` - Շատ կարևոր է,- ասել է նա,- որ Հայաստանի ու Թուրքիայի միջև խաղաղ գործընթացում դադարը չափազանց երկար չտևի, այլապես շարժառիթը կարող է կորչել: Միջազգային պրակտիկայում այսպիսի մտքերը պատահաբար չեն արտահայտվում, այն էլ այդքան բարձր մակարդակի դիվանագետների շուրթերով: Սա նշանակում է, որ Սեմնեբին ամենևին համոզված չէ, թե հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացում առկա դադարը երկար չի տևի: Սեմնեբին ակնհայտորեն խրախուսում է Թուրքիայի կառավարությանը` վերջ տալու այդ դադարին: Ոչ միայն խրախուսում է, այլև օգնության ձեռք է մեկնում Թուրքիայի կառավարությանը` ընդգծելով, որ այդ դադարի հիմնական պատճառը` հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծման բանակցային գործընթացը, ոչ միայն սառեցված չէ, այլև մտել է առավել ակտիվ փուլ: - Եթե դիտարկենք հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը,-ավելացնում է Սեմնեբին,- ակնհայտորեն կտեսնենք, որ այն ակտիվացել է: Մեկ ամսվա ընթացքում երկու երկրների նախագահները (Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Ռ.-Հ.) երկու հանդիպում են ունեցել, շուտով տեղի կունենա ղեկավարների երրորդ հանդիպումը…Կողմերն այսօր գիտակցում են այն հնարավոր կորուստների չափը, որոնք խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում անխուսափելիորեն լինելու են… Բոլոր դեպքերում Վրաստանում եղած պատերազմը ցույց տվեց ռազմական գործողությունների վտանգավորությունը… Այդ պատերազմը նաև ահազանգ էր երկու կողմերին, թե որքան խոցելի են նրանք…»: «Ռոյթըրզ» գործակալությանը տված խնդրո առարկա հարցազրույցի ամենաուշագրավ այս հատվածով Սեմնեբին մի կողմից հասկացնում է Թուրքիայի կառավարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեմ հանդես եկող կատաղի ընդդիմախոսների բերանը բուն Թուրքիայում կարելի է փակել` մատնանշելով, թե ի՞նչ եք ոռնոց գցել, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը մեծապես ակտիվացել է: Մյուս կողմից վրացական պատերազմի օրինակը մատնանշելով` Սեմնեբին սթափության կոչ է ուղղում Հայաստանին ու Ադրբեջանին, որ հանկարծ տուրք չտան ռազմական խոշորամասշտաբ գործողությունները վերսկսելու գայթակղությանը: Ընդսմին, այս հարցազրույցը համաշխարհային հանրությանը ներկայացրած «Ռոյթըրզ»-ի մեկնաբանը ազնվություն է ունեցել իր կողմից հավելելու, թե «հայ-ադրբեջանա կան հակամարտության կարգավորմանը առավելաբար խոչընդոտում են Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները»: Ցավալի է, որ այդ հավելումը արել էր ոչ թե ինքը` Պիտեր Սեմնեբին, այլ` մեկնաբանը: Ափսոսանքի է արժանի, որ Եվրամիությունն ու Հարավային Կովկասում նրա հատուկ ներկայացուցիչը մինչև այժմ էլ քաջություն չեն ցուցաբերում` իրերն իրենց իսկական անունով կոչելու, Բաքվի ռազմամոլների ականջները քաշելու, պատերազմը վերսկսելու նրանց սպառնալիքներին Միացյալ Եվրոպայի կտրուկ հակազդեցության սպառնալիքով պատասխանելու համար: Մինչդեռ մեր ժողովրդական իմաստությունը վկայում է, որ «ճիշտ խոսքը պիտի էշի ճակատի'ն ասես»: Այլապես` չի հասկանա, կամ կձևացնի, թե ասվածն իրեն չի վերաբերում… Ավելի ճիշտ` չհասկացողին վայել նոր ասելաձև պիտի գտնել…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ