Իսկ ինչո՞ւ ոչ, եթե…


Լուկաշենկոյի խորհրդային մեթոդները, բնականաբար, ծաղրելու լավ առիթ են միջազգային ասպարեզում: Արևմտյան Deutsche Welle պարբերականը, օրինակ, հեգնել է, որ տնտեսական ճգնաժամը «Բատյան» բուժում է կարգապահական միջոցներով: Արտառոց կամ փնովելի ոչինչ չկա, կարծես թե: Եթե, իհարկե, Սովետմիության ձևականությունը չի իշխում: - Բելառուսի ղեկավարությունը ձեռնարկել է ամրապնդել բնակչության աշխատանքային կարգապահությունը, որը (բնակչությունը¬խմբ.), ինչպես պարզել են Մինսկում, ճգնաժամի ընթացքում սկսել է անտարբեր աշխատել: Ծույլերի և գործալիքների որոնումը հանձնարարվել է ուժային գերատեսչություններին: Իրավապահներն արդեն եռանդուն ձեռնամուխ են եղել` իշխանությունների կարգադրության կատարմանը: Սակայն անկախ փորձագետները համոզված են, որ այդպիսի «կարգապահական սրացումները» դրական արդյունքներ չեն բերի,¬ նշված է հրապարակման նախաբանում: Խորհրդային մարդկանցից շատերն արդեն մոռացել են, բայց փաստորեն Արևմուտքում դեռ հիշում են անդրոպովյան ժամանակները: Լուկաշենկոն էլ ոչ միայն հիշում է, այլև տպավորված է դրանցից: Իրավապահ մարմինների ղեկավարներին նա հայտարարել է. - Մենք ունենք Անդրոպովի ժամանակների սովետական փորձը: Ինչ¬որ մեկին դա դուր է գալիս, թե ոչ, բայց մենք համարյա այդպես պետք է յուրաքանչյուրին ստիպենք աշխատել: Հետո ուժայիններից պահանջել է. - Խնդրեմ` բոլորին ստիպեք աշխատել: Ու երկրում թափ է առել ստուգումների և հսկողական միջոցառումների ալիքը` բացահայտելու գործալիքներին ու պորտաբույծներին: Բրեստում, Գրոդնոյում, Գոմելում և մյուս քաղաքներում ստուգվում են խանութների այցելուները, ովքեր պետք է բացատրություն տան, թե աշխատանքային ժամին ինչո՞ւ են խանութներում: Մի՞թե, իսկապես, բոլոր բելառուսցիները, կամ թեկուզ նրանց ճնշող մեծամասնությունն այնքան ապահովված է աշխատանքով, որ դեռ կարող են գործից էլ փախչել: Մեզ համար դա, թերևս, անպատկերացնելի է. մեզանում շատերն անգործությունից օրվա բոլոր ժամերին ուր ասես գնում են` ժամանակ սպանելու… Ինչևէ: Իսկ Վիտեբսկի դպրոցներում և բուհերում հայտնվել են «ստուգողական տետրեր», որոնցում նշվում է, թե ով որ ժամին է գալիս ու երբ գնում: Բրեստի բուհերում ստուգվում են համակարգիչների «ավելորդ» խաղերը, դրանցում առկա լուսանկարներն ու տեսանյութերը: Իհարկե, այս ոճը չի կարող ընդունելի լինել բոլորի համար: Աշխատանքի նախկին նախարար Ալ. Սոսնովն այս արշավը «զառամախտ» է անվանել: Իսկ մանր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Ս. Բալիկինն այն բնութագրել է «զավեշտ»: Այդպես էլ կա: Որպեսզի մարդիկ լավ աշխատեն` տնտեսական խթաններ են պետք, այլ ոչ թե ինքնահնար խստություններ` ինչպես խորհրդային ժամանակներում: Այս կարգի հեղինակ Յուրի Անդրոպովը պատմության մեջ մնաց ժողովրդի բազմանշանակ բնութագրով` «Ուզում էր կարգուկանոն հաստատել, բայց չհասցրեց»: Եթե նա ավելի երկար էլ ապրեր, միևնույն է` չէր հասցնի: