ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆ


Թատերական գործիչների միության վարչության նիստում, ի թիվս այլ հարցերի, օրերս նորից բարձրացվեց Սունդուկյանի անվան թատրոնի հարցը: Մասնավորաբար ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը պահանջ դրեց միության վարչության ու քարտուղարության առջև` մոռացության չտալ այն շահագրգիռ վերաբերմունքը, որով ստեղծագործական միությունը ձգտում էր ամեն ինչ անել` վերականգնելու համար Մայր թատրոնի ստեղծագործական ճշմարիտ ընթացքը: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ձևավորված կրքերը, որոնց «մեկնարկը» հայտարարվեց 2008-ի օգոստոսից, տակավին չեն լռել` օրավուր մեծացնելով անհանգստություններն ու մտահոգությունները, օրավուր ծնունդ տալով նոր խոսակցությունների: Արդեն տևական ժամանակ չունենալով գեղարվես տական առաջնորդ և գործունեության հստակ ծրագիր, թատրոնը, ըստ էության, նմանվել է անղեկ ու անընթացք նավի: Դրա կառավարմամբ զբաղվող գեղարվեստական խորհուրդն անգամ ի զորու չէ լուծելու ձևավորված հիմնահարցերը, քանզի այս խորհուրդն ընդամենը խորհրդակցական մարմին է` առանց սկզբունքային և կոնցեպտուալ վճիռներ կայացնելու իրավասությունների: Եթե հայտնի է, որ ցանկացած խաղացանկային թատրոնի հիմքում ծրագիրն է, գեղարվեստական հղացումների և ընթացքի փիլիսոփայությունը, ապա, չունենալով ղեկավար, թատրոնն այսօր զրկվել է հենց ընթացքի փիլիսոփայությունից` տարերային, երբեմն հիմնավոր ու խորքային բացատրութ յուններ չունեցող «միջոցառումներով» լոկ ձևավորելով իր գործունեությունը, որն անգամ հակասում է «ազատ բեմի» գաղափարախոսությանն ու գեղարվեստական նպատակադրումներին: Հենց իրավիճակն ու անորոշությունը, ստեղծագործական խարխափումներն էլ ծնունդ են տալիս բազմաթիվ խոսակցությունների ու մտահոգությունների, երբեմն իրականությանը չհամապատասխանող, բայց ներքին մտավախություն պարունակող հայտարարությունների, որոնք առնչվում են թատրոնի լուծարմանը, խաղացանկային թատրոնի չգոյությանը, թատրոնի շենքում այլ թատերական օրգանիզմների տեղակայմանը և այլն: Իրական ու անիրական, մտացածին և հիմնավոր տագնապները չեն կարող անտարբեր թողնել թատրոնի մարդկանց, բոլոր նրանց, ում համար թանկ է Սունդուկյանի անվան թատրոնը, ովքեր գիտակցում են, որ այս թատրոնն ազգային արժեք է` ազգային թատերական կուտակումների և հաստատումների յուրօրինակ հանգրվանը: Նրա պատմությունն անհնար է տարանջատել հայ նորագույն թատրոնի պատմությունից, իսկ վերջին տասնամյակի գործունեությունը` այն գեղարվեստական-գեղագիտական որոնումներից, որոնք էլ ճշգրտում են մեր թատերարվեստի ընթացքն ընդհանրապես և Սունդուկյանի անվան թատրոնի դիմագիծը` մասնավորապես: Աշխարհում հատկապես «մեծ» թատրոնների ստեղծագործական ճգնաժամերն ու «մահերը» ժամանակով և գեղագիտական կերպարանափոխումներով արդարացվող օրինաչափ գործառույթներ են, որոնք իրենց բացատրությունն ու հիմնավորումն ունեն: Դրանք նախապատրաստում են անցումներն ու վերանայումները, անգամ` շրջադարձերը: Սունդուկյանի անվան թատրոնն իր գոյության մոտ 90 տարիների ընթացքում ունեցել է նման պահեր, եղել են խոր ճգնաժամեր, որոնց միշտ էլ հաջորդել են ձևի ու բովանդակության նորահաստատումները, նոր թռիչքները: Հենց այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվեին նրանք, ովքեր վճիռներ էին կայացնում, ովքեր իրապես մտահոգված էին թատրոնի ճակատագրով: Մինչդեռ «ունքը շինելու փոխարեն աչքը հանելու» հոգեբանությունը, որում, խոստովանենք, ինչ-որ մազոխիստական և մաքիավելական տարրեր կային, ավելի շատ թատրոնը տարավ դեպի անէացում ու ոչնչացում, քան` հիմնավոր վերափոխում: Հենց սա էլ այսօր ոտքի է հանել շատերին, մասնավորաբար Հայաստանի թատերական գործիչների միության վարչությանը, նախագահությանը և քարտուղարությանը, որոնք այլևս չեն կարող հանդուրժելի համարել ստեղծված վիճակը: Նրանք չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ թատրոնն աշխատի առանց գեղարվեստական ղեկավարի` վերածվելով պարզապես մշակութային հարթակի` «ազատ բեմի» չհիմնավորված-չարդարացված «կարգավիճակով»: Ո՞վ կկարողանա այսօր ղեկավարել թատրոնը, ո՞ւմ ծրագիրն է ընդունելի թատրոնով մտահոգվածների համար: Միությունն, իհարկե, իր թեկնածուին ներկայացրել է ՀՀ Մշակույթի նախարարին, համակողմանի խոսակցություն ծավալել` չբացառելով այլ թեկնածուների առկայությունը ևս: Կարևորն, իհարկե, թատրոնի ճակատագիրն է, նրա ընթացքը, տագնապների չգոյացումը: Թե´ ՀԹԳՄ վարչության նիստում, թե´ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ, քննարկման գլխավոր նյութը Ազգային ակադեմիական թատրոնն էր, որի առթիվ ծնված մտահոգություն-նամակի տակ իրենց ստորագրությունն էին դրել մեր թատերարվեստի շատ նշանավորներ, վարչության անդամներ: Անտարակույս, ոչ բնավ բացառիկության մենաշնորհով, ՀԹԳՄ-ն առաջարկել և առաջարկում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Խամաճիկների պետական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանի թեկնածությունը` Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Սա պրոֆեսիոնալ մտորումների և քննարկումների հետևություն է, որի հիմքում միայն համակրանքներն ու արվեստագետի անցած ճանապարհը չեն, այլև տարբեր ու խորքային ընկալումներ: Որքան էլ շատերն այսօր չհասկանան, այնուհանդերձ ժամանակակից թատրոնը բարդ կառույց է, որին «պետական ոչ առևտրային կազմակերպության» կարգավիճակ շնորհելով` հարցերը լուծված չես համարի: Ուրեմն, ՀԹԳՄ վարչության անդամները շատ լավ են հասկանում, որ Սունդուկյանի անվան ակադեմիականն այսօր կանգնած է լինել-չլինելու խնդրի առջև, որ արդեն որոշ «ինստանցիաներում» մտմտում են ինչ-որ «թատրոն-կոմբինատի», պրոդյուսերական կենտրոնի և էլի նման բաների մասին, որոնք ոչ թե նորարարություն են, այլ գավառային չտեսությունից ու դիլետանտությունից, բացահայտ քանդարարական կրքից ծնունդ առած օրապակաս մտավարժանքներ: Սունդուկյանի անվան թատրոնը ոչ պատահաբար է կրում ակադեմիական կոչումը. այն դպրոց է, ավանդույթների մեկտեղման ու հարստացման հանգրվան. փորձարարությունն այստեղ պետք է վերաբերվի ստեղծագործական գործընթացներին, բեմադրվող երկերի ձևի ու բովանդակության նորացումներին, բայց ոչ երբեք կառավարման չհիմնավորված «դրույթների» ներդրումներին, մի հարկի տակ մի քանի թատրոնների միավորումներին: Այդ ամենն, ի վերջո, մեզ կարող են տանել մի «արդյունքի» կրկնության, երբ վաճառվեց Արվեստի աշխատողների տունը` նախադեպ ստեղծելով նաև Երիտասարդական-փորձարարական թատրոնի վաճառքին… Դե, Սունդուկյանի անվան թատրոնի շենքն առավել գայթակղիչ է, կարելի կլինի մի քանի միլիոն դոլարով վաճառել և այդ քայլը բացատրել թատրոնի և ժամանակի միջև ձևավորված խզմամբ, նոր «էքսպերիմենտների» ներդրմամբ… Հայաստանի թատերական գործիչների միությունն իսկապես վճռականորեն է տրամադրված և թույլ չի տա, որ կործանեն ազգային ակադեմիական թատրոնը, որ նրա ճակատագիրը լուծեն «ինչ-որ տեղերում»` ինչպես նախարարի հետ հանդիպման ժամանակ պատկերավոր կերպով ասաց արդեն նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Ցույցեր ու հանրահավաքներ չեն կազմակերպվի, իհարկե, ՀԹԳՄ-ն պայքարի պոպուլիստական ձևերին չի դիմի, բայց նաև հայեցողի ու դիտողի կարգավիճակում չի մնա: