Հյուրասրահ


ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ ժամանակակից հայ թատրոնի այն բացառիկ գործիչներից է, ում դեմ հաճախ են «սրեր ճոճել» միջակությունները` ձգտելով հավասարակշռությունից և ստեղծագործական ուղուց հանել նշանավոր արվեստագետին, մարդուն, ով ամենաանպաշտպանվածներից մեկը լինելով, երբեք չի պատասխանել մեղադրանքներին ու վիրավորանքներին. աշխատել ու ստեղծագործել է` համոզված լինելով, որ մի օր բոլոր նրանք, ովքեր դավել են ու խարդավել` «դարձի են գալու»... Ու գալիս են... ԵՎ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐՆ ԵՆ ԵՂԵԼ ՇԱՏ, ԵՎ` ՍԵՐԸ... - Բազմիցս է խոսվել այն մասին, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքի լուծարումը ոչ թե ստեղծագործական-կառուցվածքային խնդիր էր, այլ` անձի, տվյալ դեպքում` Ձեր դեմ ուղղված քայլ... - Արդեն երրորդ տարին է, որ խոսվում է ինձ հետ կատարվածի և Սունդուկյանի անվան ազգային թատրոնի ճակատագրի մասին: Ժամանակին բուռն քննարկումներ ծավալվեցին, շատերն ընդդիմացան ու ըմբոստացան ընդունված որոշման դեմ, իմ լավագույն բարեկամները դատապարտող խոսքեր հնչեցրեցին... Ես ուզում եմ մոռացութ յան տալ այդ ամենը, որովհետև ինձ համար կարևորը ստեղծագործությունն է` որ թատրոնում էլ այն լինի... Վահե Շահվերդյանին «պատժելու» համար չարժեր ավերել Սունդուկյանի անվան թատրոնը, չարժեր այնտեղ մտնել ջարդարարական կրքով ու փորձել ջնջել-մոռացության մատնել արվածը: Իսկ շատ բան էր արվել... Թատրոնը երեխայի է նման, չի կարելի նրան վիրավորել, խռովեցնել: Թատրոնն ինձ համար մեծագույն արժեքներից մեկն է, որը երբևէ ստեղծել է մարդկությունը, այդ պատճառով էլ ես ցավով եմ տանում թատրոնի դեմ գործված ամեն մի «հանցանք»... Հիմա տխրում եմ, երբ մտնում եմ Սունդուկյանի անվան թատրոն, ցավ եմ ապրում` տեսնելով անորոշությունը: Վերջին շրջանում արդեն շատ սունդուկյանցիներ էլ են տագնապներ հնչեցնում: Ուրեմն, պետք է լրջորեն մտածել մեր գլխավոր թատրոնի ապագայի մասին: Ինչ վերաբերում է իմ դեմ ուղղված քայլին, ապա ասեմ, որ ես հիշաչար չեմ, ես աշխատում եմ` ձգտելով չնկատել այն ամենը, ինչն ուղղվում է իմ դեմ: - Թատերական աշխարհում մի շրջանառվող ասույթ կա` Վահե Շահվերդյանի դեմ ելնում են նրանք, ում նա լավություններ է արել... - Ինչ արած, իմ ճակատագիրն էլ այդպես է դասավորվել: Ես իմ ողջ գիտակցական կյանքում աշխատել եմ մարդկանց սատարել, շնորհալիների համար ճանապարհ բացել... Մարդկային երախտամոռությունն ամենասարսափելի բանն է աշխարհում: Բայց ես վերջապես հասկացա, որ դա էլ գոյություն ունի: Երախտամոռ են դառնում նրանք, ովքեր իրենց հոգու խորքում գիտեն ու հասկանում են, որ մեն-մենակ իրենք ոչինչ չէին կարող անել, չէին կարող հարթել սեփական ստեղծագործական ուղին: Ու նաև չարանում են, երբ տեսնում են, որ իրենց կողքին չէ նա, ով իրենց համար ամեն ինչ արել էր, ստեղծել էր բարենպաստ պայմաններ ստեղծագործելու համար: Ես շատ վաղուց չեմ պատասխանում այդ մարդկանց. պարզապես խղճում եմ ու շարունակում բեմադրություններ անել: Պուշկինն ասում էր. «Հագեցում կա պայքարի մեջ»: Ես այդ հագեցումը տեսնում եմ իմ ստեղծագործական գործունեության մեջ: Երբ բեմադրություն եմ անում` մոռանում եմ ամեն ինչ, անգամ նրանց, ովքեր շարունակելով ինձ հետ աշխատել` տրվում են խարդավանքներին: - Երևի հենց այդ պատճառո՞վ եք այժմ բեմադրում Շիլլերի «Խարդավանք և սեր» դրաման... - Ճիշտ նկատեցիք. ոչ թե «Սեր և խարդավանք», այլ` «Խարդավանք և սեր»: Ինձ համար գլխավորը խարդավանքի թեման է, խարդավանքի «անատոմիայի» բացահայտումը: Ի՞նչ է խարդավանքը, ինչու՞ են բնության արարած մարդիկ ելնում իրար դեմ, խարդավում ու դավաճանում... Սա փիլիսոփայական հնչողության հարց է, որն ուզում եմ պարզել յուրովի: Այո, անգամ սեփական կենսափորձս էլ «պատվար» դարձնելով... - Դուք հիմա գլխավորում եք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը: Վերադարձը դեպի ակունքները հե՞շտ էր: - Ես շատ քիչ էի հեռացել Վանաձորի թատրոնից: Ղեկավարելով Սունդուկյանի անվան թատրոնը` հետևում էի այս թատրոնին, ժամանակ առ ժամանակ օգնության ձեռք պարզում: Միշտ չէ, որ հաջողվում էր հուշել ու օգնել, սակայն երբ իմ կարիքն զգացվում էր` չէի հապաղում: Ինձ համար միշտ թանկ է եղել այս թատրոնը, որովհետև իմ առաջին դերերը խաղացել եմ այստեղ, այս թատրոնն է իմ մեջ բնավորել սերը թատերարվեստի նկատմամբ: Քսանհինգ տարի ղեկավարել եմ այս թատրոնը, նրան բերել միջազգային ճանաչում... Երբ ինձ առաջարկեցին նորից ղեկավարել թատրոնը` չմերժեցի, սակայն մեծ էր հիասթափությունս, որովհետև շատ բան էր այստեղ ավերվել, փոխվել էին նաև բարոյական ըմբռնումները: Մի համընդհանուր դարձող չարացածություն կար ոմանց մոտ... Սկսեցի հիմա էլ այդ չարությանը դիմանալ: Ու դեռ դիմանում եմ, որովհետև ոմանք շարունակում են կռվել իրենց չստացվածության ու ձախողվածության համար, պատվիրված հոդվածներ են գրում... Բայց նրանք չեն իմ գիտեցած աբելյանցիները: Ես եկել եմ իմ թատրոնի և քաղաքի համար, այն հանդիսատեսի համար, ով գիտե գնահատել թատրոնը: Երբ հանձնեցի Շեքսպիրի «Լիր արքայի» իմ բեմադրությունը, ես տեսա հանդիսատեսի կարոտն ու սերը: Դա մեծ երջանկություն է: Ես ինքնահաստատվելու խնդիր չունեի: Արդեն նորացող թատրոնը պիտի ինքնահաս տատվի, պիտի վերադառնա իր ակունքներին: - Դուք մշտապես ապրում եք թատրոնով: Եվ այն տպավորությունն է, թե` անձնական կյանք չունեք, թե անգամ տուն էլ չեք գնում... - 1972-ից, ինչ անցա գործուն ստեղծագործական կյանքի` ես կարծես մոռացա, որ մարդու կյանքում առաջնայինն ընտանիքն է: Իհարկե, իմ անձնական կյանքն էլ ունեմ: Կինս ու երեխաներս երևի մի տեսակ նեղացած են ինձանից, որ իմ առաջին ընտանիքը թատրոնն եմ դարձել, բայց, բնականաբար, ինձ համար թանկ է ընտանիքս: Կիսատ, երկատված է մարդու երջանկությունը, եթե չկա անձնական կյանք, չկան շրջապատող հարազատ դեմքեր: Դուստրս ապրում է Միացյալ Նահանգներում, բայց ես մշտական կապի մեջ եմ, որովհետև կիսատ կլինի իմ կյանքը, եթե երբևէ զգամ նրա բացակայությունը: Որդիս իմ կողքին է, իմ կողքին են թոռներս... Նրանք չեն միջամտում իմ ստեղծագործական կյանքին, չնայած գիտեմ, որ շատ խորն են տանում այն ամենը, ինչ կատարվում է ինձ հետ: - «Ավանգարդ» թերթը միշտ էլ Ձեր ստեղծագործությանը պատշաճ ուշադրությամբ է հետևել, իր անհանգստությունն է դրսևորել Ձեր ստեղծագործական ընթացքի և Ձեր դեմ նյութված դավերի հանդեպ... - Այո, ես միշտ զգացել եմ թերթի ուշադիր վերաբերմունքը: Խորապես շնորհակալ եմ բարոյական աջակցության համար: Երևի ճշմարիտ խոսք է, որ հին ընկերները չեն դավաճանում: «Ավանգարդն» ինձ համար միշտ հին ու լավ ընկեր է եղել: Ես հպարտ եմ, որ նման ընկեր ունեմ: Չէի ուզենա, որ լիներ այս խոսակցությունը, որքան կփափագեի, որ խոսակցությունը ծավալվեր թատրոնի ու նրա կերպի շուրջ, բայց երևի նաև նման խոսակցություն էր պետք, որպեսզի ես ինձ մի քիչ թեթևացած զգայի: Շնորհակալություն:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ