Նա գաղափարախոս էր և գաղափարակիր...


Հերոսները երբեք չեն մեռնում: Նրանք ապրում են ու կապրեն` քանի դեռ հայրենի հողի վրա մաքառում ու արարում է հայը: Կան անուններ, որ հավերժ հնչելու են երախտագետ սերունդների շուրթերից: Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆՆ այդ վառ անհատականություններից էր... Իր ամենաջերմ հուշերով է մեզ հետ կիսվում «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, «Ազատագրական բանակ» ջոկատի մարտիկ, Լեոնիդ Ազգալդյանի զինվոր Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ: - Ինչպիսի՞ն էր Լեոնիդ Ազգալդյան մարդը և հրամանատարը: Ինչպե՞ս կամբողջացնեիք նրա կերպարը: - Նժդեհն ասում էր, որ հրամանատարը պիտի լինի ավելին, քան սովորական մահկանացուն, զինվորը պիտի տեսնի հրամանատարի մեջ ավելին, քան սովորական մարդն է: Այս առումով, կարծում եմ, Լեոնիդը եզակի կերպար էր` Արցախյան հերոսամարտում: Կարևորագույն հատկանիշներից մեկն այն է, որ Լ. Ազգալդյանի ձգողականությունն իմ բնորոշմամբ, բազմաբևեռ էր: Այսինքն` սովորաբար մագնիսը երկու բևեռ է ունենում` դրական և բացասական, բայց Ազգալդյանը բազմաբևեռ էր, դեպի իրեն էր ձգում ահռելի տարբերություններ ունեցող մարդկանց: Նրա շուրջ համախմբվում էին ամենատարբեր հատկանիշներ ունեցող մարդիկ, ովքեր մեկ այլ պարագայում իրար հետ լինել չէին կարող: Սովորաբար հայ իրականության մեջ ընդունված մի երևույթ կա, երբ մարդը ֆիզիկապես շատ առողջ է, երբեք չի մտածում իր խելքի մասին: Եվ հակառակը` մարդիկ, ովքեր մտավոր մեծ կարողություններ ունեն, երբեք չեն մտահոգվում իրենց ֆիզիկական կարողությունների մասին, երբեմն էլ վերևից են նայում խելքի հետ բարեկամական խորթ կապեր ունեցողներին: Լեոնիդն այս առումով եզակի էր: Ո´չ մտավոր, ո´չ էլ ֆիզիկական կարողությունների առումով թերացումներ չուներ: Նա եղել է 2-3 մարզաձևից Հայաստանի հավաքականի անդամ, Խորհրդային Միության սպարտակիադայի հաղթող: Այսինքն` հաղթողի նրա հոգեբանությունը դեռևս դպրոցական տարիներից է ձևավորվել: Դրան զուգահեռ` եղել է ֆիզիկայի և մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադաների հաղթող: Սա´ է նրա անխոցելիության խորհուրդ ներից մեկը: Նա գաղափարախոս էր և գաղափարակիր: Այդ բոլոր շնորհները մեկ մարդու, մեկ էության մեջ պարփակվելու թագուպսակը նրա բարոյական հանճարն էր: Նա բազմակողմանիորեն անխոցելի էր: Նրա կողքին, թերևս, կարելի է դնել միայն Մոնթեի կերպարը: Ձայնագրություններից մեկում, երբ Լեոնիդը խոսում է պատերազմի մասին, ասում է` Հայ մտավորականությունը բարձունքի վրա չգտնվեց և կրավորական կեցվածք է ընդունել, իսկ Նժդեհն ասում էր` ժողովրդի ճակատագրի դարբինն իր մտավորականությունն է: Լեոնիդը նաև եզակի մտավորական էր, և իր շուրջ համախմբվեցին այն մտավորականները, ովքեր իրենց մեջ կամք գտան նետվել մարտի: Սա խիստ որոշիչ էր: Խորհրդային բանակը երբեմն անվանում էին բանվորագյուղացիական, իսկ նա իր կերպարով և իր շուրջ հավաքված մտավորականներով ապացուցեց, որ Հայկական բանակն այդպիսին չէ, այլ համազգային է, որտեղ առաջնային դերը նաև մտավորակա նությանն է: Նա ինձ համար նաև մարգարե էր: Դեռևս միտինգների վաղ շրջանում, երբ բոլորը կուրծք էին ծեծում, ամպագոռգոռ ելույթներ ունենում, Լեոնիդն այն եզակի մարդկանցից էր, ով հասկացավ, որ դա զինված պայքարի է վերածվելու և հեռացավ` զենք պատրաստելու: Նա միայն սովորական զինվոր կամ հրամանատար չէր, նա գիտնական էր, որը մինչև պատերազմը սկսվելը հասկանալով, որ դա անխուսափելի է և սին պատրանքներ չտարածելով ժողովրդի մեջ` իր գիտնական ընկերների հետ քաշվեց լեռները և սկսեց զենքեր փորձարկել: Նրա կերպարը շատ հատկանշական է` որպես կամքի տիտան` երբ պատերազմող, ընկճված, լքված Շահումյանի լեռներում կանգնած` նա հայտարարում էր. «Սա Հայաստանն է և վերջ»: Հենց այս վճռականությունը, կամքը կռեց Արցախի անկախությունը: Քանի˜-քանի˜ հայկական հողակտորներ կարոտ մնացին նման վճռականության և հիմա օտարի սմբակների տակ են: Մարդ կոչվելու, ազգ կոչվելու իրավունք չունեցողներն են տիրում հայկական սրբություններին: Այդ հողակտորները չունեցան այն զորահրամանատարը, որ նույն կամքով, հզոր հոգեբանությամբ ու կեցվածքով կանգներ ու ասեր` «Սա Հայաստանն է և վերջ»: Բացառիկ կարգապահ մարդ էր առաջին հերթին` ինքն իր նկատմամբ: Ջոկատում խիստ կարգապահություն էր պահպանվում, ինչը բնորոշ չէր անգամ ռուսական բանակին: Նա ամենաչնչին բացթողման համար կարող էր ջոկատից հեռացնել լավագույն զինվորին: Նման դեպքեր եղել են: Իսկ երբ նրան թախանձագին խնդրում էին այս մի անգամը ներել, նա շատ հստակ ձևակերպում ուներ` մեկին մի հանցանք ներել, նշանակում է ջոկատի յուրաքանչյուր զինվորին մեկ հանցանք նախօրոք արտոնել: Այդ կարգապահությանը զուգահեռ` ծայրահեղ բարի էր: Եղել են դեպքեր, երբ տեսել է որ զինվորներից մեկը խրամատում քնել է, ուղարկել է քնելու և կանգնել նրա փոխարեն: Սա իհարկե չի կարող հակասել բարոյականության, խղճի վրա հիմնված կարգապահությանը, իսկ զինվորն արդեն պատրաստ էր ամեն ինչ անել, որ հանկարծ երկրորդ անգամ խախտում չկատարի: Նա գերազանց ճանաչում էր իր յուրաքանչյուր զինվորին: Լեոնիդն Արցախյան պատերազմում Նժդեհի ամենամեծ հոգեզավակն էր` առանց նրան ուսումնասիրելու: Պահպանված տեսանյութերից մեկում հերթական մարտից առաջ իր հրահանգներն է տալիս և ասում` կրակում ենք բոլոր զինված մարդկանց, ոչնչացնում ենք թշնամուն և ոչ մի կրակոց` անզեն մարդկանց, երեխաների, կանանց ուղղությամբ: Նույնը տեսնում ենք Նժդեհի հրամանագրերում` անխնա եղեք թշնամու նկատմամբ, ավելի քան ասպետ` կանանց, երեխաների, ծերերի հանդեպ: Ակամայից զուգահեռներ ես անցկացնում... Սա հայի ասպետական կերպարն է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ