ԱՂԲԱԲՈՒՅՐ ԲԻԶՆԵՍ


Աղբահանության սակագինը նույնպես հայտնվեց կատաղի գնաճի ճիրաններում: Նախօրեին հայրենի երեսփոխանների կայացրած որոշմամբ` Երևանի յուրաքանչյուր բնակիչ ամեն ամիս 400 դրամ կվճարի նշված ծառայության դիմաց: Մինչ այդ` աղբահանության սակագինն առավելագույնը 200 դրամի էր հասնում: Հարկ է կարծել, որ ԱԺ ընդունած որոշումն աղբը թանկարժեք բիզնեսի է վերածելու, քանի որ հետայսու նույն չափով պետք է վճարեն և´ բարձրահարկերի, և´ աղբատարներ չունեցող շենքերի բնակիչները, ովքեր իրենց աղբը ստիպված են «մոտեցնել» տեղափոխողներին: Գումար է կորզվելու նույնիսկ այն բնակարանների տերերից, ովքեր տվյալ հասցեում չեն բնակվում, և, բնականաբար, համապատասխան ընկերությունների կողմից նրանց որևէ ծառայություն չի մատուցվում… Ոչ միայն սակագնի կտրուկ թանկացումը, այլ նաև նոր որոշման տարօրինակ կետերն իսկապես հնարավորություն են տալիս Աղբահանության մասին նոր օրենքին աղբաբույր բիզնես անվանել: