ՎԵ´ՐՋ ՍԵՐՏԱՃԻՆ


Որքան մոտենում են խորհրդարանի ընտրությունները, այնքան նոր շունչ ու բովանդակություն են ստանում նախընտրական զարգացումները: Այս առումով մինչև անգամ հավանական է, որ աննախադեպ իրավիճակ ստեղծվի, ու թեժ մրցապայքարի պատրաստվող բազմաթիվ օլգիարխներ լքեն հարազատ կուսակցությունները: Իշխանական կուլիսներից եկող տեղեկությունների համաձայն` քաղուժերին և մեծահարուստներին միմյանցից տարանջատելու որոշումը արդեն իսկ վերջնականապես կայացված է: Հավաստիացվում է, որ նույնիսկ բացառություններ չեն հանդուրժվելու, և քաղաքականացված օլիգարխների առաջ պայման է դրվել` կա´մ բացարձակապես չմիջամտել ներքաղաքական անցուդարձին, կա´մ շնորհակալություն հայտնելով երկարատև համագործակցության համար` նախքան ընտրական գործընթացների լիարժեք մեկնարկը կուսակցություններից հեռանալու դիմումներ ներկայացնել: Հավանական է, որ սույն առաջարկի հասեցատերերն, այնուամենայնիվ, տարբերակներից երկրորդը նախընտրեն, քանի որ թեկուզև ոչ քաղաքական հարթությունում նրանք հասցրել են բազմաթիվ այս ու այն ընտրատարածքում առաջադրվելու և համապատասխան աջակցություն ստանալու պայմանավորվածություններ ձեռք բերել: Ակնհայտ է, որ քաղաքականասեր մեծահարուստներն իրենց ջանքերը չեն պատրաստվում ջուրը լցնել ու երբեմն անկեղծանում են, թե դեռ հարց է` կուսակցական լինելը մինչև հիմա ավելի շատ օգնե՞լ է իրենց, թե՞ խանգարել… Ասում են, որ շատերն են իրենց մտորումների վերջնարդյունքում հունից դուրս գալով սկսում են զայրացած տոնով թվարկել այն ծառայությունները, որոնք նախորդող տարիներին իրենք մատուցել են իրենց սատարած կուսակցությանը: Այլ հարց է, որ մեծահարուստներից որևէ մեկը ոչ հիմա, ոչ էլ առաջիկայում չի համաձակվի իր տրամադրությունները բարձրաձայն արտահայտել: Սակայն առանց քաղաքական աջակցության մրցապայքարին մասնակցելը հնարավորություն կտա՞ մինչ այժմ ընտրատարածքները մենաշնորհած օլիգարխներին` վերջապես սեփական ուժերն ու հեղինակությունը փորձարկել` առանց այս կամ այն քաղուժի վարկանիշից օգտվելու: Թերևս նմանների «արջի ծառայություններից» խուսափելու անհրաժեշտությունն է քաղաքական կուսակցություններին մղել նման որոշման, քանի որ վերջիններիս ընտրական փորձը վկայում է, որ մեծահարուստներին ընտրական ցուցակներում ընդգրկելն ու երբեմն էլ նրանց որպես քաղաքական հենարան օգտագործելն ավելի շատ վնասում է իրենց, քան օգնում: Հեղինակությունն իսկապես ավելին է, քան օլիգարխիայի կողմից «նվիրաբերվող» մի քանի հազար ձայնը: Ուստիև ճիշտ ժամանակն է` խնդիրը միանգամից ու վերջնականապես լուծելու: Եվ հարցը միայն նախընտրական զարգացումների տհաճ ընթացքով չպետք է սահմանափակվի: Օրենսդիրում, թե ԱԺ շենքից դուրս վերջիններիս դրսևորած վարք ու բարքին մեկ անգամ ևս անդրադառնալը միանգամից ավելորդ է: Ավելի կարևոր է, որ ուշացած, բայց կարևոր այս որոշումը օլիգարխիան իշխանությունից, կուսակցություններից զտելու տարիներով չարչրկված հարցն է լուծելու: Թվում էր, թե մեծահարուստներն այնքան հիմնավոր են սերտաճել քաղաքական համակարգին, որ սոսնձված հանգույցն այլևս երբեք հնարավոր չի լինելու քանդել: Մյուս կողմից էլ դեպի օրենսդիր նրանց հոսքը մեղմելը դեռ լիովին չի լուծում իշխանություն¬օլիգարխիա թնջուկը: Կարևոր է սակայն, որ գործնական այլ քայլը լավատեսություն է ներշնչում: