ՔՍԱՆՆԵՐԸ ԵՎ ՔՍԱՆ ՀԱԶԱՐՆԵՐԸ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Դուք մեզ` քսաններիս կախում եք, բայց վաղը մեր ետևից քսան հազարներ են գալու:

ՊԵՆՆԵ

Այս տարվա ապրիլի 24-ին, Մեծ Եղեռնի 100-ամյակի օրը, առավոտյան ժամը 10-ին ես Ստամբուլի Բայազիդ հրապարակում էի: Ինչպես հայտնի է, 100 տարի առաջ այդ նույն հրապարակում էին կախաղանել 20 անմահ անուն հնչակյաններին: Այն, ինչին ականատես եղա, ինձ ապշեցրեց: Թուրքական իշխանությունները հավանաբար տեղյակ չէին, որ Հնչակյան կուսակցությունը ինչ-ինչ պատճառներով նախատեսված հանրահավաքը հետաձգել է` ամբողջ հրապարակը շրջափակել էին հրասայլերով, ջրցան մեքենաներով, զինված զինվորականներով: Իսկ գաղտնի ոստիկանները շրջում էին հրապարակում և իրենց հազիվ նկատելի սարքավորումներով պարբերաբար հաղորդում էին իրավիճակի ամենաանշան փոփոխությունները: Հեռուստատեսային շարժական կայանները, լրագրողները, ձայնագրողները, լուսանկարողները կազմ-պատրաստ սպասում էին: Առաջ անցնելով ասեմ, որ այդ օրը, Ստամբուլում, ես մասնակցեցի Ապրիլի 24-ը ոգեկոչող բոլոր սգերթերին, բայց ոչ մի տեղ, անգամ Թաքսիմ հրապարակում նման խստություն չտեսա: Եվ համոզվեցի, որ քսաններին կախաղանելուց 100 տարի անց էլ թուրքական իշխանությունները վախենում են Հնչակյան կուսակցությունից: Հնչակյան կուսակցությունից վախենում էր դեռևս արյունռուշտ սուլթանը` Աբդուլ Համիդը. հատկապես` Գում-Գաբուի, Բաբը-Ալիի ցույցերից, Սասունի, Զեյթունի ապստամբություններից հետո, իսկ իթթիհատականները, մանավանդ նրանց պարագլուխ Թալեաթը, սարսափում էին: Դրա վկայությունը 20-ների դատավարությունն է:

Ըստ էության Քսանների դատավարության միակ վավերական փաստագրությունը Թուրքիայում հրատարակված դատանիստերի սղագրությունների ստվարածավալ հատորներն են, որոնք ամփոփում են ոչ միայն Փարամազի ու կուսակիցների, այլև նույն 1915 թվականին տարբեր քաղաքներում հնչակյանների դատավարության սղագրութ յունները: Ընդ որում, այդ ստվարածավալ հատորները լույս են տեսել թե´ թուրքերեն և թե´ անգլերեն:

Հասկանալի է` թուրք հրատարակիչները այդ գրքերը չեն տպագրել պատմական ճշմարտությունը բացահայտելու կամ վերականգնելու համար: Նախաձեռնողների միտումը ակնհայտ է` թուրք, անգլերեն թարգմանության միջոցով նաև համաշխարհային ընթերցողին հավատացնել, որ հնչակյանները անջատողականներ, դավադիրներ ու խռովարարներ են եղել, որ Օսմանյան կայսրության ճակատագրական` Առաջին աշխարհամարտի օրերին նրանք ահաբեկչական խումբ են կազմել, որպեսզի մահասպանեն իթթիհատական կառավարության պարագլուխներին, երկիրը մասնատեն, անկախ կամ ինքնավար Հայաստան ստեղծեն: Այլ կերպ ասած` պետական հանցագործներ, դավաճաններ են եղել:

Իրավագիտության հետ առնչություն չունեցող անհատն անգամ չի կարող չնկատել, որ ամբողջ դատավարությունը վատ բեմադրված ու վատ ներկայացված զավեշտախաղ է, որը քրեական օրենսդրության հետ տրամաբանական որևէ առնչություն չունի: Ակնհայտ է, որ այս անհեթեթ զավեշտախաղը միայն մի´ հեղինակ, մի´ բեմադրող ունի` ներքին գործերի նախարար Թալեաթը: Նա սկզբից մինչև վերջ հետևում է դատավարությանն ու վերահսկում է, որովհետև ահաբեկված է: Իրենց լրատուն, իրենց գործակալը հավաստի տեղեկություն է հաղորդել, որ Կոնստանցայի պատգամավորական ժողովում հնչակյանները որոշել են մահասպանությամբ վերացնել իթթիհատական պարագլուխներին, առաջին հերթին իրեն` Թալեաթին:

Նա որոշում է կանխել հնչակյաններին և հրամայում է բռնագրավել բոլոր մասնաճյուղերի թղթածրարները, ակնառու կուսակցականներին ձերբակալել: Միայն մայրաքաղաքում, մի գիշերում, 120 հնչակյան հեղափոխական է բանտ նետվում:

Դատարանի նախագահի ամենածանր մեղադրականը, իրենց հիմնական հաղթաթուղթը, ըստ երևույթին, Փարամազի` բժիշկ Պեննեին գրած նամակն է համարում, հրապարակում է թարգմանությունը.

- …Ռուզվելտը Սպիտակ տանը սեղմեց սև եռակն ու էլեկտրական հոսանքը ահռելի հեռավորությունից հօդս ցնդեցրեց Պանամայի ջրանցքի վերջին թումբը: Նույն ճակատագիրն է սպասվում նաև երիտթուրքերին, մեզ ձեռքեր են պետք, որպեսզի սեղմեն սև եռակն ու Բարձր Դուռը խորտակեն: Որտե՞ղ են, սակայն, այդ ձեռքերը…:

Փարամազը ընդոստ բողոքում, հայտարարում է, որ որպես անձնական դատախազ ատյանում հանդես եկող մատնիչը` Արշավիր Սահակյանը, նույն ինքը` Արթուր Յասյանը, թարգմանելիս միտումնավոր աղավաղել է իր մտքերը: Արշավիր Սահակյանի թարգմանական խեղաթյուրումների դեմ հանդես են գալիս նաև Գեղամ Վանիկյանը, Վահան Բոյաջյանը` այնպիսի անառարկելի փաստերով, որ դատարանի նախագահը ստպված է լինում դավաճանին դուրս հրավիրել դահլիճից և նոր` թուրք թարգմանչին հանձնարարում է վերաթարգմանել դատական փաստագրերը:

Դատարանի խնդիրը դժվարանում է: Մեղադրող կողմի հիմնական, վկան ըստ էության, Արշավիր Սահակյանն էր, սակայն անբարեհուսության, զեղծարարության համար դատարանի նախագահն ինքն է ստիպված լինում զրկել իրավասություններից: Դատաքննությունը հայտնվում է փակուղում: Ակնհայտ է դառնում, որ Քսաններին ոչ թե մահապատժել, մեղադրանք ներկայացնել անգամ դժվար է լինելու:

Այդ վճռորոշ պահին ի հայտ է գալիս թուրքական նենգամտությունը, պատերազմական ատյանը մեկ շաբաթով հետաձգում է հնչակյանների դատալսումը: Պատրվա՞կը... ավելի քան անհեթեթ է, իբր սիրիացի արաբ անջատողականների դատը ավելի հրատապ, անհետաձգելի է: Հնարավո՞ր է պատկերացնել որևէ երկրի գերագույն ատյան, ընդ որում` ռազմական ատյան, որ մի դատալսումը չավարտած` մյուսին անցնի: Պարզվում է` Թուրքիայում հնարավոր է: Այն էլ` իթթիհատական Թուրքիայում: Մի շաբաթն, ըստ երևույթին, բավարար է եղել, որ Թալեաթն ու իր անձնական խորհրդականները քսան հնչակյաններին մահվան դատապարտելու` իրենց կարծիքով հիմնավոր պատճառ հորինեն: Մի շաբաթ անց Քսանների դատավարությունը վերսկսվում է, ու մեղադրականով հանդես է գալիս անձամբ ինքը` Թալեաթը: Նրա ցասումնալի նամակը դատարանի դահլիճում ընթերցում է ատյանի նախագահը` Նաֆըզ բեյը: Ներքին գործերի նախարարը բացեիբաց դատապարտում է Օսմանյան կայսրության հայերին, համարում է անհավատարիմ, դավադիր, դավաճան, ապերախտ հպատակներ, որոնք հնչակյան կուսակցության գլխավորությամբ ձգտում են ամեն կերպ խարխլել երկրի հիմքերը: Որպես փաստացի իրողություններ նամակագիրը վկայակոչում է հայրենիքի համար դժվարին` պատերազմական օրերին Վանի խռովությունը, Շապին Գարահիսարի դավադրութ յունը, Ուրֆայի դիմադրությունը, որոնք իբր հրահրել ու ղեկավարել է Հնչակյան կուսակցությունը:

Թալեաթը առանձնապես վտանգավոր հանցագործ է համարում Փարամազին, ով ռուսահպատակ լինելով հանդերձ, սպրդել է Ստամբուլ, հավաքագրել է մի խումբ անիշխանականների և ուզում է կործանել Օսմանյան կայսրությունը: Նամակի վերջում ներքին գործերի նախարարը ուղղակի հրամայում է ատյանին` օսմանյան հայրենիքի ապահովության համար ամենախիստ պատժի դատապարտել ամբաստանյալներին, որևէ մեկի հանդեպ զիջողամտություն չցուցաբերել:

Դատարանն այլ ընտրություն չուներ և չէր կարող ունենալ. շուտափույթ կատարեց ներքին գործերի նախարարի հրամանը` առանց իրավաբանական հիմնավորման, տարբերություն չդնելով Փարամազի ու գրել-կարդալ չիմացող սրճեփ Գառնիկ Բոյաջյանի միջև, քսանին էլ մահվան դատապարտեց:

Ասում են` մահապատժի օրը Թալեաթը պատերազմական ատյանի շենքում է եղել, գաղտնասենյակից հետևել է, թե ինչպես են Բայազիդ հրապարակում կախաղանում քսան հնչակյաններին: Նա թեթևացած շունչ է քաշել այն ժամանակ միայն, երբ մահապարտների անշնչացած դիակները բեռնատար են լցրել, Շահզատեի ուղղությամբ տարել...

Ներքին գործերի նախարարը այդքանով էլ, սակայն, չգոհացավ, ազգային մայր կուսակցությունից իր վրեժը լուծած չհամարեց: Նրա անմիջական կարգադրությամբ Կեսարիայում կախաղանեցին Մեծն Մուրադին, տասներկու այլ հնչակյան նվիրյալների, հնչակյանների զանգվածային մահապատիժներ ի կատար ածվեցին Խարբերդում, Հաճընում, Մարաշում, Բեյրութում, պատմագրությունը վկայում է, որ Վանում 120 հնչակյաններ են խողխողվել. թիվ, որ այնուամենանայնիվ, չափազանցված է թվում:

Այս բոլորով հանդերձ Թալեաթը կարողացա՞վ արմատախիլ անել, վերացնել հայոց մայր կուսակցությունը...

Զուր չէ, որ այս տարի, ապրիլի 24-ին, Ստամբուլի Բայազիդ հրապարակում վախենում էին հնչակյանների ցույցից...

1981 թիվ: 24-ը սեպտեմբերի: Հինգշաբթի: Առավոտյան, մոտավորապես ժամը 11-ն անց 15-ին 20-ից 22 տարեկան չորս բեյրութահայ երիտասարդներ ներխուժում են Փարիզի Հոսման պողոտայում գտնվող թուրքական հյուպատոսարան ու ավելի քան վաթսուն հոգու պատանդ վերցնելով` իրենց քաղաքական պահանջներն են առաջադրում: Սկսվում է ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողությունը, որի հրամանատարը հնչակյան Վազգեն ՍԻՍԼՅԱՆՆ էր, փոխհրամանատարը` դարձյալ հնչակյան Գևորգ ԳՅՈՒԶԵԼՅԱՆԸ: Անձնասպանական վրիժախումբը, չնայած վիրավորներ է ունենում, մինչև գիշերվա մոտ ժամը 2-ը շարունակում է մարտական գործողությունը և համաձայնվում է հյուպատոսարանի շենքն ու պատանդներին ազատ արձակել այն բանից հետո միայն, երբ ֆրանսիական իշխանությունները խոստանում են նրանց քաղաքական կալանավորի կարգավիճակ տալ:

Փաստորեն, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից վաթսուն տարի անց Ֆրանսիայի մայրաքաղաքում քաղաքական դատ տեղի ունեցավ, որի սկզբում մարտախմբի անունից հանդես եկավ Գևորգ Գյուզելյանը: Ծրագրային այդ հայտարարությունը արտահայտում է նույն դրույթները, որոնք ձևակերպված էին Հնչակյան կուսակցության մոտակա ու հետագա ծրագրերում: Միայն մի հատված.

- Սույն հայտարարությամբ ուզում եմ մի անգամ ևս լիովին ստանձնել 1981 թվականի սեպտեմբերի 24-ին թուրքական հյուպատոսարանը պատանդ վերցնելու պատասխանատվությունը և բացատրել պատճառները, որոնք դուք, պարոն նախագահ, հենց նոր ցանկացաք իմանալ:

Մենք համաձայնեցինք կատարել այդ գործողությունը, քանի որ համ-ընկնում է Հայաստանի ազատագրության նպատակին, Հայկական հարցի լուծման մեր հայեցակարգին: Մանավանդ որ վաթսուն տարվա անարդյունք, խաղաղ ջանքերից հետո մենք գտնում ենք, որ զինված պայքարը խնդիրն արծարծելու, այն շրջափակող լռության պատը փշրելու գլխավոր միջոցն է:

Հայկական հարցը միայն ցեղասպանության ընդունումը չէ: Այն գլխավորապես տարածքային իրավունքների հարց է, այսինքն հայ ժողովրդի` թուրքերի կողմից բռնազավթված Հայաստանը վերադառնալու, ինչպես նաև` ինքնորոշվելու, հայկական անկախ պետություն հիմնելու հարց:

Տարածքային իրավունքները մեր պատմական իրավունքներն են, որովհետև հայ ժողովուրդը այդ հողի վրա ապրել է երեք հազար տարի: Աշխարհի` թուրքերի գրաված այդ անկյունը ամբողջ հայ ժողովրդի բնօրրանն է:

Երկրորդը` ցեղասպանության ընդունումն ու հատուցումն է:

Ահա´ այն ամենը, ինչի համար դիմել ենք այդ քայլին: Մենք սպանելու չէինք եկել, մեր ոչ մի արածի համար չենք զղջում: Մենք կատարել ենք մեր պարտականության մի մասը միայն, մենք դեռ շատ անելիքներ ունենք, որովհետև մեր Հայրենիքը դեռևս ազատագրված չէ թուրքական լծից, հայերը դեռևս չեն վերագտել իրենց բուն ինքնութ յունը, արդարությունը վերադարձված չէ այն ժողովրդին, որը երկար տառապել է:

Ամբողջ մարդկության առջև մենք` հայ մարտիկներս, երդվել ենք զինվորագրվել մեր ազգային դատին, արդարության վերականգնմանը և այժմ հավաստում ենք երդմանը հավատարիմ մնալու մեր վճռականությունը:

Ու չնայած «Վան» գործողության արդարամարտիկները յոթ տարվա բանտարգելության դատապարտվեցին, իրենց պայքարը ավարտված չհամարեցին: Պատահական չէր, որ նրանք մատները հաղթական վեր պարզած, «Զարթնի´ր, լաո» ազգային մարտերգի հնչյունների ներքո դուրս եկան դատասրահից:

Ֆրանսիական բանտից ազատվելուն պես Գևորգ Գյուզելյանը Հայաստան եկավ, կազմավորեց «Մեծն Մուրադ» ջոկատը, Արցախ փութաց: Հնչակյան դրոշի ներքո մարտնչող մեծն մուրադականները մասնակցել են Մարտակերտի, Վաղուհասի, Դրմբոնի, Կիչանի, Չլդրանի, Առաջաձորի մարտերին, ամբողջ պատերազմի ընթացքում միայն մեկ զոհ են տվել: Գևորգ Գյուզելյանի գլխավորած ջոկատում մարտնչում էին երևանցի, վանաձորցի, բայց նաև հայրենադարձ ու սփյուռքահայ ազատամարտիկներ, ովքեր տոհմիկ հնչակյաններ էին:

Հուզիչ է հատկապես Վարդան ԷՇԿԻՅԱՆԻ պարագան: Նա Կիլիկիայում երդվյալ հնչակյան է եղել, իթթիհատական սպանդից մի կերպ ազատվել, ապաստանել է Պաղեստինում: Բայց, որպես գաղափարական կուսակցական, Արևելահայաստանում հաստատված, իր չտեսած խորհրդային կարգերն այնքան է փառաբանել, որ տեղական իշխանությունները համայնավարական քարոզչության համար մի քանի անգամ բանտարկել, կուսակցական հակառակորդները նույնիսկ մահափորձ են կազմակերպել: 1946-ին սկսվել է ներգաղթն, ու Էշկիյանին թվացել է, թե վերջ` ավարտվեցին հալածանքները: Դեռատի կնոջ, երկու տարեկան որդու` Գևորգի հետ հաստատվել է Հայաստանում, բայց չի հասցրել տուն կառուցել: Հարևանները լսում են, որ քար-քարի վրա դնելիս, Իթթիհատական կախաղանից փրկված Վարդան Էշկիյանին ամբողջ ընտանիքով ապրանքատար վագոններով Ալթայի երկրամաս են աքսորել: Ու չնայած Հայաստան վերադառնալու հույս չի ունեցել, միակ տղային նստեցրել է ծնկին, Մեծն Մուրադին նվիրված երգերն է սովորեցրել: Տունդրայի սառցակալած ճահճուտներում անգամ հնչակյան է մնացել: 1992-ին էլ արտասահմանյան չգիտեմ որ կայանի լուրերը լսելիս, որդուն` Գևորգին, ձայնել է.

- Տղաս, Հայաստանում հրաշքներ են կատարվում:

- Ի՞նչ հրաշք,- արձագանքել է Գևորգը, որ արդեն ամուսնացել էր ռուս կնոջ հետ, զավակ ունեցել:

- Հավատալս էլ չի գալիս, Արցախում ազգային-ազատագրական պատերազմ է սկսվել, գոյամարտին մասնակցելու համար Հայաստանում «Մեծն Մուրադ» ջոկատ է ստեղծվել: Ա˜խ, ոտքերս չեն զորում, որ…

- Որ ի՞նչ…

Հոր աչքերը տամկանում են.

- Եթե գնամ հասնեմ էլ, այս տարիքում ի՞նչ կարող եմ անել:

Գևորգը խղճում է հորը, ժպտում է, հանգստացնում.

- Մի´ մտածիր, հայրիկ, ես կգնամ, քո փոխարեն էլ կկռվեմ, իմ փոխարեն էլ: Հայրը գավազանը դրել է մի կողմ, հոդացավից փքված ոտքերը դժվարությամբ առաջ մղելով, փարվել է որդուն.

- Անթաղ պապերիդ օրհնությունը քեզ պահապան լինի, տղաս...

Ու նույն օրը, սիբիրյան ակնակուր գիշերին Գևորգը իրերը հավաքել, ճամփա է ընկել, որ ոուս կինը չհարցնի ո՞ւր է գնում, ինչո՞ւ, ինչքա՞ն ժամանակով:

Նույնը կարելի է ասել «Մեծն Մուրադ» ջոկատի մյուս հնչակյան մարտիկների` Հովհաննես ՊԱՀԱՏՈՒՐՅԱՆԻ, Հակոբ ՔԵՈՇԿԵՐՅԱՆԻ մասին: Վերջինս, իմիջիայլոց, մինչև հիմա էլ ապրում է իր ազատագրած Մարտակերտում, երեխաներ, թոռներ է մեծացնում:

«Մեծն Մուրադ»-ը հնչակյան միակ ջոկատը չէր, որ մարտնչում էր Արցախի ազատագրության, Հայաստանի պետականության վերականգ-նման համար: Արցախի տարբեր ռազմաճակատներում ահուսարսափ էր սփռում «Չելլո» ասպատախումբը, Մեղրիի սահմանները պաշտպանում էր «Փարամազ» ջոկատը:

1915 թվականի հունիսի 15-ին Պոլսի սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան հանված քսան հնչակյաններից միայն Փարամազն էր արևելահայ: Հայաստանի պետականության վերականգնումից հետո նա ծննդավայր վերադարձավ, որպես արձան հառնեց քաղաքի կենտրոնում, իր սիրած գետահովտում: Փարամազը մենակ չէ, նրա շուրջը այն տասնինը երդվյալ հնչակյանների հուշաքարերն են, որոնք տուն` ազատագրված Արևմտահայաստան վերադառնալուն են սպասում: