Ցնորվում են այսպե՞ս


Ռումինուհին պնդում է, պայծառատեսն էլ հավաստում, որ հանգուցյալ տատիկն իր հետ կապ է հաստատել այսպես կոչված «սելֆիի» օգնությամբ: Օքսֆորդյան բառարանի անգլերեն լեզվի խմբագրությունը 2013թ. «տարվա բառ» է ճանաչել «սելֆին»:

Հաճախ լուսանկարների հետ կապված են (կամ կապվում են) մռայլ պատմություններ: Օրինակ, վերջերս ԱՄՆ-ում բուռն արձագանք առաջացրեց իր իսկ հարսանիքին շտապող 26-ամյա աղջկա սելֆի-լուսանկարը. վարելով ավտոմեքենան, նա լուսանկարել էր ինքն իրեն ու մի քանի րոպեից վթարի ենթարկվել: Այդ լուսանկարը վերջինը դարձավ Կոլետի կյանքում:

Դառնանք հանգուցյալ տատիկի անդրշիրիմյան ազդանշանին:

Ռումինական Սկուրտեշտի փոքրիկ քաղաքի եկեղեցին միշտ լեցուն է տեղաբնակներով, ովքեր աղոթում են իրենց հայրենացուհի Միխայի (ազգանունն է - խմբ.) հոգու համար: Նրանք գտնում են, որ մահից հետո այդ կնոջ հոգին ենթարկվում է դժոխային տառապանքների: Այդ մասին նրանք իմացել են անդրշիրիմյան աշխարհից ստացված լուսանկարից, որը Միխայն ուղարկել է իր թոռնուհի Ջինայի հեռախոսին (գրել է «Մետրո» թերթը):

- Ես միացրեցի հեռախոսը և սարսափով տեսա իմ մեռած տատիկի դեմքը,- պնդում է Ջինա Միխայը:- Նրա վզին փաթաթված էր օձի նման ինչ-որ բան, իսկ լուսանկարը կարծես արված էր աշխարհը բաժանող վարագույրի անցքից:

Լուսանկարով հեռախոսը Ջինան տարել է պայծառատեսի մոտ, որը հայտարարել է, թե դրանով տատիկը նրան հաղորդագրություն է ուղարկել մյուս աշխարհից. իսկ վզին փաթաթված օձը խորհրդանշում է, որ հանդերձյալ աշխարհում նա պատժվել է ինչ-որ մեղքերի համար:

Ջինան չի բացառում, որ տատին պատժելու մեջ ինքը ևս մեղքի բաժին ունի. ռումինական ավանդույթի համաձայն` ինքը տատիկի գերեզմանի մոտ հյուրասիրություն չի կատարել: