Եթե 40-ն անց եք


Ի՞նչ է կատարվում մարդկային օրգանիզմում` գիշերվա ընթացքում: Առաջին պահին դա կարող է անէական թվալ, սակայն մեզանից շատերը չեն կարևորում քնի անհրաժեշտությունը: Մի կողմից` մենք չենք ուզում «կյանքը քնով անցկացնել». գիշերային ժամանցները գայթակղիչ են: Բայց մյուս կողմից էլ` բնության պահանջն է այլ. չէ՞ որ առողջ կենսագործունեության համար մարդկային օրգանիզմը ի´ր ռեժիմն ունի, որի մշտական խաթարումը անվտանգ չէ: Այսպիսով.

ԺԱՄԸ 22-ԻՆ արյան մեջ կրկնակի մեծանում է արյան սպիտակ գնդիկների (լեյկոցիտների) քանակը: Իմունային այս համակարգը «ստուգում» է անցկացնում իր «տարածքում»: Մարմնի ջերմաստիճանն ընկնում է: Կենսաբանական ժամացույցն ազդարարում է, որ քնելու ժամանակն է:

ԺԱՄԸ 23-ԻՆ մարմինն ավելի ու ավելի է թուլանում, բայց բոլոր բջիջներում ընթանում են վերականգնողական պրոցեսներ:

ԺԱՄԸ 00-ԻՆ գիտակցությանն ավելի ու ավելի համակում է երազատեսությունը, իսկ ուղեղը շարունակում է տքնել` իր ծալքերում տեղավորելու օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունը:

ԺԱՄԸ 1-ԻՆ քունը շատ զգայուն է: Դիցուք` ժամանակին չբուժված ատամը կամ վաղուց վնասված ծունկը կարող են մորմոքալ ու խաթարել քունը մինչ առավոտ:

ԺԱՄԸ 2-ԻՆ բոլոր մարմնամասերը հանգստանում են. միայն լյարդն է ամբողջ ուժով աշխատում` քնած օրգանիզմը մաքրելով կուտակված խարամներից (անպիտան, ավելորդ նյութերից):

ԺԱՄԸ 3-ԻՆ ամբողջովին ֆիզիոլոգիական անկում է. զարկերակային ճնշումը նվազագույն սահմանում է, զարկերակն ու շնչառությունը շատ դանդաղ են:

ԺԱՄԸ 4-ԻՆ նվազագույնի է հասնում գլխուղեղին մատակարարվող արյան քանակը. ուղեղը պատրաստ չէ արթնանալ` փոխարենը ծայրահեղորեն սրանում է լսողութ յունը, և չնչին աղմուկից քնածը կարող է արթնանալ:

ԺԱՄԸ 5-ԻՆ հանգստանում են երիկամները, մկանները նիրհում են, դանդաղում է նյութափոխանակությունը, սակայն օրգանիզմն արդեն պատրաստ է արթնանալ:

ԺԱՄԸ 6-ԻՆ մակերիկամներն սկսում են արյան մեջ նետել ադրենալին և նորադրենալին, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը և հաճախացնում են սրտխփոցները: Օրգանիզմն արդեն պատրաստվում է արթնանալ` թեև գիտակցությունը դեռ նիրհում է:

ԺԱՄԸ 7-Ը իմունային (վարակամերժ) համակարգի աստեղային ժամն է: Ճիշտ ժամանակն է` մի լավ ճմլկոտվել և ցնցուղ ընդունել: Ի դեպ` այս ժամին դեղորայքը յուրացվում է շատ ավելի լավ, քան օրվա մյուս պահերին:

Հետևությունները թողնում ենք առողջությունը պահպանել ցանկացող բանական արարածներին: