ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ
Հայրենապատումի ասքամատյան
Հայ մանկական գրականության պատմությանն ու տեսությանը, հայ դասական և ժամանակակից մանկագիրներին նվիրված բազմաթիվ գրքերի հեղինակ է գրականագետ, հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանը: Վերջերս հրապարակված «Հավերժական կանթեղ» («Յոթնապատում Հայաստանի մասին») հրապարակախոսական էսսեն նոր խոսք է հրապարակախոսական ժանրում` մեր երկրի պատմական անցյալի ու նորօրյա իրողությունների երևակումներով:
Գրքի առաջին պատումը` «Դարը մեր` ցավի ու հուսո», անդրադարձ է մեր անցած պատմական ճանապարհին: Ճանապարհ, որն ի վերջո հասնելու էր մեր գոյի, ինքնության, ապրելով հաղթելու Մեծ սկզբին: Հրապարակախոսը չի շրջանցում նոր դարի բերած ոչ լույսը, ոչ էլ «դժվար երկունքով ընձյուղված ծիլերը և նրանց արմատներին փաթաթվող փշոտ գալարները».
- Չթողնենք, որ դարամուտի գարնանաբեր անձրևն ավելի շատ մոլախոտ ծնի, քան դալար շիվ, ավելի շատ թունավոր սնկեր, քան` ազնիվ կաթիլներով ցողված կանաչ թփեր:
Սա արդեն ապրողներիս ու մեզանից հետո եկող սերունդներին միտված պատվիրան է, որ երբևէ չի հնանա ժամանակների հոլովույթում:
Հաջորդում են հայոց հողի, քարի, ջրի մասին ասքերը:
Հող, սրբության սրբոց հող-հայրենի.
- Ունկնդրենք հողի ասքը,- գրում է հեղինակը ու շարունակում.- հողը` այդ մենք ենք, մեր պատմությունը, մեր հիշողությունը, ի սկզբանե` ինքը մեզնով, մենք` իրենով զորավոր:
Մեր բաբախող սրտի «զարդն» է հայոց քարը` «Քարը մեր` ամրակուռ ու ոգեղեն»:
Քարի ասքում էլ է հեղինակը տագնապներ հնչեցնում, քանզի նոր ժամանակները, անտարբերության դեպքում, կարող են խաթարել «մեր ստեղծագործ ոգու անմահ վկաների» երթը գալիքի ժամանակներում: Եվ կրկին հորդոր.
- Կիսատ կառույցը կիսված սիրտ է, զարկերակով ժամանակին արյուն չհոսեց, կանգ կառնի... Արյուն տանք դարերում ոսոխից արյունոտված, հողմերից հողամահար ված-կիսված, բայց երբեք-երբեք իր ոգին չկիսած մեր քարին:
Եվ այսպես շարունակվում է ասքը մեր կենարար ջրի մասին, որի առաջին` Նոյյան ժամանակների ջրհեղեղի շիթերով է սնվել մեր արմատը, իսկ մեր խիղճը նման է մեր «զուլալ ջրերին»: Ուրեմն, որ հողը նորից ճաք չտա ծարավից, օազիսը նորից աղուտ չդառնա, այգին` քարուտ, ծովը` լիճ, գետը` առու, սթափվել է պետք, փոխել է պետք մեր անտագնապ վերաբերմունքը` հորդորում, տագնապ է հնչեցնում հեղինակը: Եվ հիշեցնում է մեր կիսակառույց ջրամբարների, «նիհարող» ու քայքայվող ջրանցքների, Երևանյան ցեխակոլոլ լճի, մեր անջուր ավազանների, լիարժեք ապաքինման կարիք ունեցող Գեղամա գեղուհու` Սևանա լճի մասին:
Մեր գոյի այս խարիսխներին անդրադառնալով, գրականագետ-հրապարակախոսը հայոց լեզվի առկայծող գեղեցկությամբ ամբողջացնում է բուն ասելիքը` տողերի շաղախումով ամբողջացնում է բուն ասելիքը` մեր հայացքներն ուղղելով ժամանակի խաչմերուկին ու հորդորում.
- Ուրեմն, միաբանվենք հենց այս դժվար ժամանակի մեջ, ինքներս մեզ հաղթահարելով` միաբանությամբ զորացնենք ինքնության և անկախության մեր քայլերը, զորացնենք մեր Հողը, մեր Գիրը, մեր Ջուրը, մեր Քարը, մեր Երգը, մեր Ոգին, մեր Երգ-Երգոցը` մեր Հայաստանը:
Լյուդվիգ Կարապետյանի «Հավերժական կանթեղը» բոլորանվեր սիրո, տագնապների, հույզերի ու հույսերի խոստովանանք ու հավատամք է` արժանի դրվելու յուրաքանչյուրիս սեղանին: