Վտանգված է... զրուցելու արվեստը


Ուշադրություն դարձնենք` «զրուցելու արվեստը», ինչը նախևառաջ գեղեցիկ, ընկալելի, տրամաբանական խոսք է ենթադրում: Մինչդեռ անհամար են մեղանչանքները մեր լեզվի դեմ: Տպագիր ու էլեկտրոնային մամուլում սովորական դարձած ուղղագրական սխալները վերագրվում են անփութությանը, հեռուստաէկրանից` հատկապես սերիալներից հնչող խոսքը զարհուրելի է. փողոցային խառնալեզու + տառասխալով արտաբերվող բառեր: Իսկ դա նշանակում է, որ ոսկեղենիկ մեր լեզվին չեն տիրապետում ու շատ ցածր ճաշակ ունեն սցենարների հեղինակները, խմբագիրները (եթե, իհարկե, կան այդպիսիք), դերասանները: Ընդ որում` բոլորն էլ բարձրագույն կրթության դիպլոմներով: Դե, դիպլոմը որ կա, վճարվող աշխատանք էլ ունես, ուրեմն կրթությո˜ւնն ում է պետք...

Պարզվում է, սակայն, լեզվասպանության այս պրակտիկային հավելվել է մեկ այլ աղետ ևս` այսպես կոչված վիրտուալ «խոսքը»: Ինչպես գրել է BBC.ru-ն` հաղորդակց վելը կենդանի զրույցներից ավելի ու ավելի է տեղափոխվում վիրտուալ ոլորտ: Եվ ավելանում են դժգոհությունները, որ համացանցում և բջջայինների տեքստերով հաղորդակվելը մեր առօրյայից վտարում է զրուցելու արվեստը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգեբան Շերի Թերքլը նախազգուշացրել է, թե բոլորիս սպառնում է զրուցելու ունակությունը կորցնելու վտանգը: Ուսումնասիրությունները փաստել են, որ վիրտուալ հաղորդակցվելը թեև նպաստում է ժամանակ շահել, բայց նաև մարդկանց մեջ սպանում կամ մոռացնել է տալիս խոսելու ցանկությունը: Հեռախոսային ընկերություններն էլ հաստատել են, որ բաժանորդների մեծ մասը իրենց տրված բոնուսային անվճար րոպեներն օգտագործում են ոչ թե խոսելու համար, այլ տեքստեր ուղարկելու:

Կա այսպիսի մի վիճակագրություն. միմյանց հետ հաղորդակցվելու ավանդական եղանակից (իմա` խոսելուց) «հրաժարվում» են հիմնականում 16-24 տարեկանները: Մի սոցհարցման արդյունքներով` հարցվածների 54 %-ը նույնիսկ ծնողների ու մտերիմների հետ «խոսում» է կարճառոտ տեքստերով (SMS-ներով), 49 %-ը, բարեբախտա բար, դեռևս նախընտրում է կենդանի շփումը, 45 %-ը` հեռախոսային:

Փաստորեն` մարդիկ թվային աշխարհը գերադասում են իրականից: Համենայն դեպս, բրիտանացի մասնագետներն այս եզրակացությանն են հանգել: Եվ նրանց այս ահազանգի արձագանքը չի ուշացել: Վերջերս Լոնդոնում բացվել է մասնավոր ակումբ, որի նպատակը զրուցելու արվեստը վերականգնելն է: Ակումբի տիրուհին` Դիանա Մաթեյը, կազմակերպում է թեյախմություններ, որոնց ընթացքում զրույցի որևէ թեմա է ընտրվում: Նա ակումբի անդամներին սովորեցնում է զրույցը սկսելու և զարգացնելու նրբությունները, հուշում էթիկայի կանոնները: Օրինակ, թե որքան անկիրթ է` զրույցի ժամանակ նայել ժամացույցին կամ բջջային հեռախոսին. դա զրուցակցի կողմից կընկալվի որպես հետաքրքության պակաս կամ զրույցն արագ ավարտելու (գուցեև` անավարտ թողնելու) ցանկություն: