«ՀԱՊՃԵՊ ՊՏՈՒՅՏ ՄԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՆ» ԹԱՂԵՐՈՒՆ ՄԵՋ»


Նույնիսկ «ամենամարզված կինոֆանատներն» անկարող էին առավոտից գիշեր գտնվել երևանյան «ծիրանապաշարման» բոլոր 10 «կինոամրոցներում»: Մանավանդ` անթաքույց մղում ունեին 11-րդի պատվավոր հյուրերին` հանրահայտ կինոռեժիսորներ Կիմ Կի-դուկին (Հարավային Կորեա), Ցզյա Չժանկեին (Չինաստան), Օթար Իոսելիանիին (Վրաստան), Ամոս Գիտային (Իսրայել), Քշիշտոֆ Զանուսիին (Լեհաստան), դերասանուհի Աննա Մուգլալիսին (Ֆրանսիա) համաշխարհային հռչակ բերած և արտամրցութային մյուս 230 հին ու նոր ֆիլմերից անմիջական տպավորություններ քաղել:

Հընթացս բազմաթիվ հիասթափություններ ապրեցին: Զորօրինակ, Օպերայինում նախաձեռնված բացման արարողությանը հարավկորեացի հյուրի հնչեցրած ազգագրական երգի` իր «Արիրանի» լեյտմոտիվը շուրթերին երբ համակ ուշադրությամբ փորձեցին կենտրոնանալ կինոպաստառին, երկար չդիմացան շեշտված դաժանության փորձություններին: Զուր էր Կիմ Կի-դուկը հորդորում չլքել կինոսրահները, մինչև վերջ համբերատար դիտել ինքնակենսագրական հարուստ նյութով էկրանավորված ֆիլմերը: «Հետահայաց ցուցադրություններում» ընդգրկված նրա 6 ֆիլմերից կիսադատարկ դահլիճում չավարտվելու բախտավորություն ունեցավ միայն 11-ամյա վաղեմության «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ...և նորից գարունը»: Իհարկե` «ճաշակին ընկեր չկա»: Այս ասացվածքը բազմիցս վերահաստատեց իր կենսաբուխ հիմնավորվածությունը: Գորշավուն իրականության և վեհաշուք բնության պատկերների իրենց նուրբ գեղանկարչական հակադրամիասնությամբ շատերին հմայած «չինական յոթնյակի» ներքին հանդարտ ու հատու զարգացումներն էլ ոմանց ընկալմամբ անհրապույր էին:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ միջազգային կինոխմորումներից գաղափար կազմելու համար սոսկ «Ոսկե ծիրանին» չապավինող ները գերադասեցին երևանյան տապից «ծիրանամարաթոնում» չուժասպառվել: Եվ, առանց ավելորդ ճիգերի, սեփական համացանցային կապի միջոցով անշտապ թարմացրեցին երբևէ իրենց հրապուրած բազմաթիվ «բրենդային ծիրանաֆիլմերից» պատկերացումները:

«Ծիրանամոլներից» ոմանք էլ օր օրի ավելի կասկածոտ ընդունեցին միջազգային մամուլի 20 անվանի ներկայացուցիչներով թողարկված ամենօրյա երկլեզու օրաթերթի երբեմն անհիմն բառազարդված անդրադարձները: Առավելապես անհաջող թարգմանված ֆիլմերի նյարդացունց թրթիռով մատուցված ենթագրերի հանգույն: Այդպես էլ չըմբռնեցին, թե ինչու, օրինակ, Ուբերտո Պազոլինիի «Խաղաղ կյանքը» («Still life», Մեծ Բրիտանիա/Իտալիա, 2013թ.) համառորեն «Նատյուրմորտ» էր ներկայացվում, նույնիսկ խաղարկային մրցույթում «Ժյուրիի դիպլոմ» ստանալուց հետո: Ջանացին «Ոսկե ծիրանի» լուսաբանմանը հավատարմագրված հայկական ԶԼՄ-ների մեծաքանակ ներկայացուցիչներով անցկացվող մամլո ասուլիսների www.gΖiff.ΖΗ կայքէջում տեղադրված ամբողջական տեսագրություններով ճշգրտել չդիտված նոր ֆիլմերի ու դրանց ստեղծագործական խմբերի գեղարվեստական ներուժը: Ավա˜ղ, նախնական ցուցադրությունների մշտական մասնակիցների բարձրաձայնած հետաքրքրություններում միայն պարապ խոսքուզրույց որսացին: Դեռ լավ է, որ Միքայել Ստամբոլցյանն ու Րաֆֆի Մովսիսյանը հաճախ կարողանում էին գեթ բանախոսների համար իմաստավորել և վերջնական ձախողումից էապես փրկել հիմնականում ձևական բնույթի ամենօրյա «եռահարկ» այդ հավաքները:

Այդուհանդերձ, երևանցիների մշակութային առօրյայի և կովկասյան տարածաշրջանի ամենացայտուն և սպասված իրադարձությունն է մնում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Կարծում ենք, միանգամայն օրինաչափ է հանրային չնվազող պահանջարկը. մարդիկ միջազգային մշակութային կենդանի փոխշփումների են կարոտ: Եվ այն ուշագրավ հանգամանքը, որ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին ձոնված 11-րդ կինոհանդիսության 8-օրյա գերհագեցած ռիթմն էլ ամենևին չխզվեց ընտրված 70 մրցութային տարաժանր ֆիլմերի միջև տասնյակ անվանակարգերում ծավալված թեժ պայքարի հաղթողների հանրահռչակմամբ: Հայաստանյան ամենախոշոր ու հարուստ երկրների նախանձը շարժելու չափ թանկարժեք մշակութային այս իրադարձության մասնակիցները բուռն հետաքրքրությամբ «գրոհեցին» «ծիրանային էպիկենտրոն» «Մոսկվա» կինոթատրոնի 4 մեծ ու փոքր ցուցասրահները: Արդեն տեսած ֆիլմերը, անկախ «Ոսկե» և «Արծաթե» «Ծիրաններ» շահած լինելու «ծանրակշիռ փաստարկից», կամա-ակամա, չցանկացան կրկին դիտել: Նախընտրեցին Փարաջանովին նվիրված ցուցահանդեսի (հեղինակ` Յուրի Գարմաշ) լուսանկարներն ու դրանց իմաստուն ինքնագրերը կրկին դիտել:

Ընկերային մտերմության սրտաճմլիկ, բայց և արտառոց արտահայտություն գտավ «Արմեն Մազմանյանի անվան» մրցանակ սահմանելու տխուր փաստը («Լավագույն հայկական դեբյուտ». «Հարություն», ռեժիսոր` Ալեն Մանուկյան, Հայաստան, 2013թ.): Զարմացան, որ Աննա Մելիքյանի` հանրային կինոհետաքրքրություն հարուցած «Աստղը» մրցանակային գեթ «ծիրանաչրի» չի արժանացվել: Շողիկ Թադևոսյանի և Արեգ Ազատյանի «ընտանեկան կապալի» ակնհայտորեն ցածրարվեստ «Ռոմանտիկների» «արծաթապատումը» իսկապես «ծիրանազավեշտ» էր: Եվ, չնայած ուշ երեկոյին, համերաշխորեն հաստատվեցին Կապույտ դահլիճում` վայելելու Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ոսկե ծիրան»-ակիր «Ցեղը» (Ուկրաինա, 2014թ.), իսկ Կարմիրում` 11-րդ փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակակիրներից Ցզյա Չժանկեի «Նատյուրմորտը» գեղարվեստական կինոժապավենները:

Հ.Գ. Նրանք, ովքեր ուկրաինացի կինոռեժիսորի հեղինակած սցենարում որսացին Մարիամ Պետրոսյանի «Տունը, որ տեղ...» գրքի գաղափարական և կառուցվածքային հետագծերը, վերստին խորասուզվեցին համացանցային լրատվության հեղինակավոր կայքերում: Համադրեցին ակնառու զուգահեռները և տրտմեցին կրկին. «Մի՞թե Սլաբոշպիցկին չէր կանխատեսել, որ 2010-ին «ՌԴ սահմաններից դուրս ստեղծված ռուսալեզու լավագույն գիրք» գլխավոր մրցանակին արժանացված երկի ընթերցողներ կարող են գտնվել. եթե ոչ մրցութային հանձնախմբերում, ապա գեթ բազմաթիվ փառատոնային դահլիճներից որևէ մեկում»: Օդում կախված մնաց հարցերի հարցը...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ