Ծաղկաձորյան մնջախաղային ղողանջներ


2001-ին նախաձեռնված առաջնեկից` «Նազենիկից» հետո Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը 2008-ին վերածնվեց Ծաղկաձորում: Երկամյա պարբերականությամբ կայացվելով` հայտնվեց երևանյան արվեստասերների հետաքրքրությունների շրջանակում: 2010-ից, ի նշանավորումն 75-ամյա հոբելյանի, փառատոնը սկսեց կրել Լեոնիդ Ենգիբարյանի անունը:

2012-ին, որպես Ծաղկաձորի «թատերայնացման» քարե խորհրդանիշ, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվեց Դավիթ Մինասյանի հեղինակած նրա հուշարձանը: Ս.թ. օգոստոսի 10-ին այնտեղ ծրագրված է Մնջախաղի թատրոնների 4-րդ փառատոնի մեկնարկը:

- Քաղաքապետի վկայությամբ` այս տարի արդեն, սքանչելի հանգստավայրում փառատոնը կրկին վայելելու ակնկալությամբ, ծաղկաձորյան տարազգի հովեկները նախապես զբաղեցրել են գրեթե բոլոր հյուրանոցների համարները,- ասում է Երևանի մնջախաղի պետական թատրոնի և փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր ԴԱԴԱՍՅԱՆԸ:- Զարգացման այսպիսի ընթացքն ակնկալում էինք, քանի որ հատուկ քաղաքականություն էինք վարում մնջախաղային ժանրի հանդեպ հանրային հետաքրքրությունը սրելու համար: Այս միտումով էր, որ հանձն առանք մայրաքաղաքային արվեստասերների անվճար տեղափոխությունը նաև:

Հայտեր շատ ենք ստացել` Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Թայլանդից, Իրանից: Կրկին ցանկություն հայտնեց մասնակցելու հենց մեր փառատոնով բացահայտված ճապոնացի հայտնի մնջախաղաց Մակոտո Ինոունեն, ով, ինչպես նախորդից հետո, մեկ ներկայացում էլ, երևի օգոստոսի 19-ին, Երևանում կխաղա. Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ մենք ապաստան ենք գտել վերջին տարիներին: Շուտով փառատոնային նորաստեղծ կայքէջում կտեղադրենք ճշգրտված խաղացանկը:

Փառատոնային դրամագլխով պայմանավորված, փոփոխեցինք 4-րդ փառատոնի «հայաստանյան բովանդակությունը»: Նախ, ստվերեցինք մեր ակտիվությունը: Չեք տեսնի նաև «Օվասիս», «Միհր», «Միմ ստուդիո» մշտական մասնակիցներին: Կներկայացվեն ժամանցային նոր արտասովոր հնարքներ, կրկեսային ժանրի ամբողջ գունապնակը, ավազանկարչություն: Թող որ դրանք մնջախաղի ժանրին անմիջականորեն չեն հարում, բայց գայթակղիչ երանգներ կհաղորդեն բացօթյա հանդիսանք ներին: Գուցե և հաստատվեն մեր մշակութային դաշտում, ինչպես, ասենք, կենդանի քանդակների արվեստը, կրակե շոուները: Երիտասարդների երեկոյան ժամանցը կաշխուժացվի դիսկոտեկային ակումբի գործարկմամբ: Բացմանը կներկայացվի մանրապատումների զվարճալի ծրագիր, փակմանը` հատված Յուրի Կոստանյանի «Աթոռը» մենախաղից: Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում հիմնական ծրագիրն իրագործելուց հետո փորձ ենք անելու հաջորդ օրը Դիլիջանում, հրաշալի մի ամֆիթատրոնում, մասնակից հյուրերով ներկայացնել խաղացանկի յուրօրինակ ծաղկեփունջը: Այսպիսով հնարավոր կլինի ի վերջո գործնականում դիտարկել, հստակեցնել նաև փառատոնի մարզային աշխարհագրության ընդլայնումը:

Փառատոնը թափ է առնում և ակնհայտ երևում է զարգացումը: Այս ուղղությամբ առանձնակի ջանքեր ենք գործադրում, որպեսզի կենտրոնացնենք պետական այրերի ուշադրությունը մեր ժանրի պատշաճ պահպանման, մնջախաղի թատրոնի արժանապատիվ գոյատևման վրա: Խնդիրը քաղաքի բաբախող սրտում մշտական փոքրիկ կացարան ունենալն է, որն, ըստ իս, մշակութային ժամանցի սիրահարներին մշտապես կանչող, մնջախաղային ուղղվածության ինքնատիպ կենտրոն կդառնա: Այժմ այլընտրանքային տարբերակների նոր նախագծեր են ակտիվ քննարկվում: Տարեվերջին թատրոնի կազմավորման 40-ամյակն ենք նշելու: Լավագույն ընծան շենքի կառուցման պաշտոնական մեկնարկը միայն կարող է լինել: Վերջնական արմատական լուծմամբ: Հույս ունեմ, հավատում եմ և վստահ եմ, որ անպայման կլինի: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ