Մի մեռելահարցուկից հետո


Համացանցում հայտնված տեսանյութը շատերին էր սարսափեցրել. սառած արյան ֆոնին` բժշկական պատգարակին կապկպված աղջիկը գալարվում է, մռնչյուն արձակում և անբնական ձայնով անկապ ինչ-որ բառեր արտաբերում: Կարելի էր կարծել, թե նա հոգեկան հիվանդ է` նոպայի պահին: Ականատեսները, սակայն, պատմել են, որ երիտասարդ մեքսիկուհին այդ վիճակում է հայտնվել` եղբայրների հետ ոգեհարցում անելուց հետո:

22-ամյա Ալեքսանդրա Ուերտան իր 23 տարեկան Սերխիո եղբոր և 18 տարեկան զարմիկ Ֆերնանդո Կուեվասի հետ որոշել է հատուկ տախտակի օգնությամբ ոգիներ կանչել: Հիմա արդեն դժվար է ասել` ոգիներն արձագանքե՞լ են նրանց կանչին, թե՞ ոչ, բայց շատ չանցած` հարազատները ստիպված էին շտապօգնություն կանչել: Միստիկ այդ փորձից հետո նրանց տեսնողները պատմել են, որ 3-ն էլ սկսել են ոռնոց հիշեցնող ձայներ հանել, ծիծաղել ու դեսուդեն նետվել: Աղջիկը նույնիսկ փորձել է վնասել իրեն (տեղեկացրել է DΖily StΖr-ը): Երբ նրան հարցրել են, թե ինչո՞ւ է ծիծաղում, ասել է`

- Մենք շուտով մեռնելու ենք:

Բժիշկները փորձել են հանգստացնել Ալեքսանդրային, ասելով, որ հարազատներն անհանգստանում են: Իսկ նա թե`

- Նրանք էլ են մեռնելու:

Մտածելով, որ երեխաների մեջ դևեր են մտել, ծնողները տեղի հոգևորականին խնդրել են նրանցից դուրս հանել չարքին: «Բարեպաշտ» հոգևորականը հրաժարվել է աղոթել` հայտարարելով, թե նրանք հազվադեպ էին եկեղեցի հաճախում:

Բժիշկներին, իհարկե, հաջողվել է հակասթրեսային պատրաստուկներով նրանց «խելքի» բերել: Բայց, ինչպես երևում է, մեռելահարցուկը ուրիշ ջահելներին ևս հետաքրքրում է:

«Սթափվելուց հետո շատերն ասել են, որ տեսել են միայն պատրանքներ (հալյուցինացիա). բայց արդյո՞ք դա նրանց ներշնչանքի արդյունքն է` բժիշկները դժվարանում են հստակեցնել: Իսկ եկեղեցու ներկայացուցիչները գտնում են, որ ոգեհարցումը կապված է դևերի աշխարհի հետ և հավատացյալներին կոչ են անում չմասնակցել նման սեանսների: