ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ


«Վիճակագրական թվերը հիմք են տալիս արձանագրելու, որ զինված ուժերում օրինականության վիճակը կայուն է, իսկ հանցավորության կառուցվածքում և շարժընթացում անհանգստացնող միտումներ չկան»,- հավաստիացնում է ՀՀ զինվորական դատախազ Արմեն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ: Զինվորական դատախազության ամփոփագրերը թերթելիս, բնականաբար, առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին և դրական միտումները առավելապես պայմանավորում դրանց քանակով: Ըստ զինդատախազության տվյալների` 2006-ի առաջին կիսամյակում զինված ուժերում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների քանակը նվազել է 3 տոկոսով, և դրանցից 8-ը կատարվել են հակառակորդի կողմից: Զինծառայողների շրջանում կիսով չափ նվազել են նաև ծառայության հետ կապված դեպքերը: Աճել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերը, ինչը զինդատախազի կարծիքով` պայմանավորված է զինված ուժերում տեղի ունեցող դեպքերի հաշվառումը բարելավելու հետ: Այսինքն` իրականում աճ չկա: Նվազել են ինչպես հանցագործությունների հետևանքով մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերը, այնպես էլ ծանր մարմնական վնասվածքները: 2006 թ. առաջին կիսամյակում հանցագործությունների դեպքերը նվազել են 31-ով, 3-ով նվազել են ենթակայության կարգի և զինվորական պատվի դեմ ուղղված հանցագործությունները, 6-ով` հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, 8-ով` զինվորական ունեցվածքի և զինվորական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները: Հանցագործությունների քանակի և տեսականու առումով արտոնագրված փոփոխությունները միայն նվազում չեն արձանագրում, աճել են ծառայության սահմանված կարգի դեմ և զինվորական կառավարման մարմինների գործունեության դեմ ուղղված հանցագործությունները` համապատասխանաբար 13-ով և 5-ով: Զինդատախազը աճի պատճառները պայմանավորում է զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերությունների դրսևորման հետ: Նա գտնում է, որ միջանձնային հարաբերություններում առկա բացասական երևույթները հաղթահարելու գործում դեռևս լուրջ անելիքներ ունեն զորամասերի հրամանատարները, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները և վերադաս սպայակազմն` ընդհանրապես: Զինվորական դատախազության մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում պայքար են մղում այդ արատավոր երևույթի դեմ` քրեական գործերի նախաքննությամբ բացահայտված հանցագործությունների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերածնելու նպատակով կիրառում դատախազական ներգործության համապատասխան ակտեր: 2006-ի առաջին կիսամյակում նվազել են անձի կյանքի, առողջության և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունները, հակառակորդի կողմից կատարված սպանությունները, սեփականության, հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագոր ծությունները: Զինված ուժերում այսօր առավել տարածված են զորամասն ինքնագլուխ լքելու, դասալքության, ինչպես նաև անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի և ապօրինի այլ եղանակներով զինվորական ծառայության պարտականությունից խուսափելու դեպքերը: 2006 թ. I կիսամյակի ընթացքում աճել է զորամասն ինքնագլուխ լքելու և անդամախեղման միջոցով զինծառայությունից խուսափելու համար դատապարտ վածների թիվը: Նվազել է դասալքության համար դատապարտվածների թիվը, թվարկված հանցագործությունների համար դատապարտվածների քանակը կազմում է դատապարտվածների ընդհանուր թվի 55,1 տոկոսը` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 46,2 տոկոսի դիմաց: Այս աճը անհանգստացնում է իրավապահ մարմիններին, քանի որ դրա հիմքում զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունների խնդիրն է, ինչը բացասաբար է ազդում զինված ուժերի մարտունակության և կարգուկանոնի հաստատման վրա: Գաղտնիք չէ, որ, ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ զինված ուժերում բոլոր հանցագործությունները չէ, որ արձանագրվում են և արժանանում իրավական գնահատականի: Այդ իրողությունը չբացառեց նաև զինդատախազ Արմեն Խաչատուրյանը, շեշտելով, որ կա մի հանգամանք, որը նվազագույնի է հասցնում բանակում հանցագործությունների քողարկվածությունը, դա զինվորական ծառայության կանոնակարգված բնույթն է: Զինվորական կանոնագրքերով հատուկ սահմանված են զինծառայողների վարքագծի նորմերն ու կանոնները, և դրանց ցանկացած խախտում տեսանելի է հասարակությանը: Ահա թե ինչու զինված ուժերում բացառվում է ծանր և առանձնապես ծանր հանցագոր ծությունները թաքցնելու հնարավորությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զինդատախազության մարմինների կողմից զորամասե րում, ռազմական ոստիկանության ստորաբաժանումներում, զինվորական հոսպիտալներում անցկացված ստուգումներով բացահայտվել են զինծառայողներին մարմնական վնասվածքներ պատճառելու, զորամասն ինքնագլուխ լքելու և այլ հանցագործությունների վերաբերյալ դեպքերը սահմանված կարգով չգրանցելու և չհաշվառելու մի շարք փաստեր, որոնց կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր. Զինված ուժերում քողարկված հանցավորության դեմ պայքարը զուգակցվում է ռազմական ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքին: Համագործակցված աշխատանքի շնորհիվ հաջողվել է բացահայտել իբրև կենցաղային վնասվածք ներկայացված, բայց իրականում հանցագործությունների հետևանքով զինծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների մի շարք դեպքեր: Զինդատախազ Արմեն Խաչատուրյանը հավաստիացնում է, որ զինվորական դատախազության մարմինները հետևողական են արձանագրված հանցագոր ծություններին (անկախ ծանրության աստիճանից և հասարակական վտանգավորությունից) համարժեք իրավական գնահատական տալու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական և պատժողական քաղաքականություն իրականացնելու հարցում: 2006-ի առաջին կիսամյակում խստացել է պատժողական քաղաքականությունն սպաների հանդեպ: «Սպայի յուրաքանչյուր հանցավոր արարք կարող է բացասական օրինակ ծառայել ենթակաների համար: Բացի այդ, հանցանք կատարած սպաների նկատմամբ պատժողական քաղաքականության խստացումը կանխար գելիչ դեր է կատարում թե° սպաների, թե° նրանց ենթակաների շրջանում»,- պատճառաբանում է զինդատախազը: Նրա կարծիքով` զինվորա կան իրավապահ մարմինների կանխարգելիչ աշխատանքները բավարար արդյունավետություն ունեն: Համակարգի մարմինների վարույթում քննվող յուրաքանչյուր ծանր, առանձնապես ծանր և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների քննության ընթացքում հնարավորինս բացահայտվում և վեր են հանվում տվյալ հանցագործության պատճառներն ու նպաստող պայմանները և դրանով վերացնելու նպատակով համապատասխան միջնորդագրեր են ներկայացվում զորամասերի և զորամիավորումների հրամանատարությանը: Զինդատախազը կարևորում է արտագնա դատական նիստերի պրակտիկան, ինչը հանցավորության կանխարգելման աշխատանքներում իր ուրույն տեղն ունի: Պետական շահերի խախտումների բացահայտման և պետությանը պատճառած վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները նույնպես արդյունավետ են եղել: Զինդատախազության մարմինների կողմից 2006-ի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել են ուսումնասիրություններ և ստուգումներ, որոնք ընդգրկել են սպառազինության, ռազմաբժշկական, թիկունքային և ֆինանսական ծառայությունները, ուսումնասիրվել է նաև «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բուժման և փորձաքննության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտությունների նպատակով պետական հատկացումների օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրություններով և ստուգումներով արձանագրվել է պետության պատճառած 57.678.159 դրամի վնաս, որը գերազանցում է 2005-ի առաջին կիսամյակում արձանագրված վնասի չափը: Այդ գումարից 45.399.935 դրամը վերականգնվել է արտադատական կարգով` դատախազական ակտերի կիրառման արդյունքում: Այս տարվա առաջին կիսամյակում 73 նախազգուշացում է տրվել օրենքի խախտման անթույլատրելիության մասին, իրավախախտում ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների վերացման պահանջով ներկայացվել է 52 միջնորգագիր, որոնց քննարկման արդյունքում 42 պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զինդատախազության մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության բնագավառում իրականացված ստուգումների, ինչպես նաև ներկայացված պետական շահերի պաշտպանության հայցերի քննության արդյունքում փաստացի վերականգնվել է պետությանը պատճառված 46.583.027 դրամի վնաս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 472.185 դրամի դիմաց: Արմեն Խաչատուրյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինել է այս տարվա հունվարի 17-ից, և զինված ուժերում օրինապահության վիճակի առաջին կիսամյակի արդյունքները նորանշանակ զինվորական դատախազի վեց ամիսների գործունեության յուրատեսակ գնահատականն են: Ուստի հարկ համարեցինք զինդատախազից տեղեկանալ, թե ինչ նորամուծություններ է բերել նա համակարգ, և որքանով են դրանք արդարացրել իրենց: Զինդատախազը նշեց, որ արվել են քայլեր` ուղղված համակարգի մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, առանձին հարցերի օրենսդրական կանոնակարգման բացերի լրացմանը: Համակարգի մարմիններում բարձրացել է կատարողական կարգապահությունը, բարելավվել են նյութերի նախապատրաստման որակն ու նվազել ժամկետների խախտման դեպքերը: Բարելավվել է պետական շահերի պաշտպանության բնագավառում իրականացվող ստուգումների և պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը, միջոցներ են ձեռնարկվել զինված ուժերում կատարվող իրավախախտումների հաշվառման դրվածքը բարելավելու ուղղությամբ: Մշակվել և համապատասխան ատյանների հաստատմանն են ներկայացվել մի շարք օրենսդրական նախագծեր և օրենսդրական փոփոխությունների փաթեթներ: Վերջնամշակման փուլում է զորամասն ինքնակամ լքելու, դասալքության և այլ տարածված զինվորական հանցագործությունների համար պատասխանատվությունը խստացնելուն միտված օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ