ՊԱՐՈՒՀԻՆ


Պարարվեստի բնագավառում, հանիրավի, այսօր լայն ճանաչում չի վայելում Անահիտ ՎԵՔԻԼՅԱՆԸ արվեստագետը, ով շուրջ երկուսու կես տասնամյակ իր արվեստով հիացրել է հայկական ժողովրդական պարի երկրպագուներին: 1970-90 թթ. նա եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի առաջատար մենապարուհին: Այնուհետև զբաղվել է մանկավարժությամբ: Ստեղծել և երկար տարիներ ղեկավարել է «Խատուտիկ» մանկական պարային համույթը: - Դուք ճանաչված պարուհի եք և մեծ վաստակ ունեք պարի ասպարեզում: Ո՞վ է Անահիտ Վեքիլյանը և ինչպիսի՞ն է մասնագիտությունից դուրս: - Ես սովորական մի մարդ եմ` իմ առօրյա հոգսերով ու խնդիրներով: Դեռ դպրոցական տարիներից երազում էի դառնալ բժշկուհի, սակայն պարն ավելի գերող էր, թեև ոչ մի պահ իմ հոգում չմարեց սերը դեպի բժշկությունը: Այսօր էլ շատ եմ սիրում կարդալ, որի շնորհիվ ձեռք եմ բերում բժշկական գիտելիքներ և փորձում նեցուկ լինել դժվարին կացության մեջ գտնվող մարդկանց: Այստեղ ինձ շատ է օգնում իմ երկրորդ` հոգեբանի մասնագիտությունը: Երկար տարիներ զբաղվել եմ սպորտով, հատկապես լողով: Ունեմ 7-ամյա երաժշտական կրթություն, որն իմ հենարանն է պարարվեստում: - Ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում է այսօր պարարվեստը: - Մեր ժողովուրդը միշտ էլ արվեստասեր է եղել. արվեստի հանդեպ սերը նա ժառանգել է իր նախնիներից: Այս իրողությունը վերահաս տատվեց նաև այն ցուրտ ու մութ տարիներին, երբ դժնի ժամանակներն անգամ չխանգարեցին պարային նոր խմբեր ստեղծել: Նույնիսկ պահանջ առաջացավ կազմակերպելու փառատոներ, որոնք սկզբնական շրջանում շատ քննադատության ենթարկվեցին, քանի որ դրանց մասնակցում էին նաև բեմական պահանջները չբավարարող խմբեր: Սակայն, տարիների ընթացքում բավական զտվեցին, հղկվեցին և հասունացան այդ խմբերը, և այսօր կարելի է ասել, որ առաջընթաց է ապրում մեր պարարվեստը: - Ինչո՞վ է պայմանավորված հատկապես երիտասարդների սերը դեպի պարը: - Ընդհանրապես` մարզված մարմինը, հղկված շարժուձևը, գեղեցիկ քայլվածքը, ինքնավստահությունը միշտ էլ դուր է եկել երիտասար դությանը: Այս ամենին նպաստում է պարարվեստը: Մեր երիտասարդները էներգիայի մեծ պաշար ունեն: Իսկ երաժշտության ուղեկցությամբ վայելուչ շարժումներն ստեղծում են հոգու և մարմնի ներդաշնակություն, որով մարդը կարողանում է արտահայտել իր հոգու կանչը: Դա բավարարվածության զգացում է առաջացնում և ստեղծում լավ տրամադրություն: Պարը օգնում է մարդկանց դուրս գալու կաշկանդվածությու նից, օգնում` ավելի հեշտ շփվելու միմյանց հետ: - Ունե՞նք լավ մասնագետներ, ովքե՞ր կարող են արժանի հերթափոխ պատրաստել: - Այսօր մեկը մյուսի հետևից ստեղծվում են պարային խմբեր: Դա վկայում է մեծ պահանջարկի մասին: Սակայն ոչ բոլոր պարուսույցներն են, որ կարող են պարել սովորեցնել: Շատերը, մի քանի տարի պարային խմբակ հաճախելուց հետո, իրենց համարում են պարի մասնագետներ և իրենց ճարպկության շնորհիվ ստեղծում են պարային խմբեր, ինչի իրավունքը չունեն: Պար դասավանդելու համար յուրաքանչյուր ոք նախ պետք է ունենա համապատասխան պարային գիտելիքներ, պարի որևէ համույթում, ձեռք բերի որոշակի փորձ և հմտություն, նոր միայն իրեն թույլ տա մտածել դասավանդելու մասին: Այս հանգամանքն, անշուշտ, շատ է խանգարում պարի իսկական մասնագետներին` իրենց տեղը գտնելու այս բնագավառում: - Ի՞նչ կասեիք հայկական ժողովրդական պարի մասին: - Ժողովրդական պարը տվյալ ժողովրդի անցած պատմության արտացոլումն է: Հայ ժողովուրդն ունի հարուստ ու հետաքրքիր պատմություն: Ինչպես Հայաստանի ամեն մի շրջան ունի իրեն բնորոշ պարը, երգն ու երաժշտությունը, այնպես էլ մեծ երկրի ամեն մի շրջան ունի իրեն բնորոշ պարը: Իրեն սիրող և հարգող յուրաքանչյուր հայ պետք է իմանա և պարի իր ազգային ավանդական պարերը: Ժամանակի թելադրանքով, բնականաբար, որոշակի փոփոխության է ենթարկվում մեր ազգային պարը: Փոխվում է նրա նկատմամբ մեր վերաբերմունքը, պահանջը, մոտեցումները: Կարևորն այն է, որ դրանցում անպայման պահպանվի մեր ազգային ոգին, շունչը, բնավորությունը: - Ըստ Բոմարշեի` «Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր` եթե կարող ես, իմաստուն եղիր` եթե ցանկանում ես, բայց շրջահայաց դու անպայման պետք է լինես, քանի որ հենց դա է արժանանում գնահատանքի»: Ո՞րն է կանացի Ձեր կերպարը: - Կնոջ ամենամեծ առավելությունը կանացիությունն է: Ինձ միշտ դուր են եկել այնպիսի կանայք, ովքեր գիտեն իրենց արժանիքները, նպատակասլաց են ու խելացի և դրան զուգահեռ կարող են լինել նաև քնքուշ ու նազելի: Հազիվ թե որևէ մեկին հաջողված լինի մինչև վերջ բացահայտել կնոջ մոգական ուժը: Բայց մի բան ակնհայտ է` կինը սիրո խորհրդանիշն է, ինչի շնորհիվ մարդ դառնում է իմաստուն ու բարի: Ու նաև օգնում է` տեսնել և հասկանալ սեփական արժանիքները:

Լուսինե ԳԱԼՍՏՅԱՆ