Ծառայության երկու տարիներն անգնահատելի են


Հոգեպես ու ֆիզիկապես կայուն, պատրաստված զինվորը բանակի մարտունակության երաշխիքն է: Իրենց պարտականությունները ողջ խորությամբ գիտակցող, ծառայությանը նվիրված զինվորներով համալրված զինուժն անպարտելի է: Իսկ հաղթանակած բանակի զինվորները պարտավոր են լինել այդպիսին: Այլ կերպ անկարելի է: Գրիգոր Գալստյանը Հայոց բանակի արժանի զինվորներից է` իսկական հայրենյաց պաշտպան: Ավարտել է ԵՊՃՀ Ծրագրավորման բաժինը, իսկ հիմա պատվով ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում` ընկերների հետ մեծ պատասխանատվությամբ պաշտպանելով սահմանի` իրենց վստահված հատվածը: Ոչ մի դժվարություն չի կարող ընկճել հայրենյաց պաշտպաններին: Նրանք են իրենց կամքով ու վճռականությամբ պաշտպանում արյան գնով ձեռք բերված մեր ամենամեծ նվաճումը, անառիկ պահում մեր սահմանները: - Մեծ սիրով և հպարտությամբ եմ ծառայում: Ինձ համար նախևառաջ պատիվ է առաջին գծում հայրենիքս պաշտպանելը: Ապա` շատ մեծ պատասխանատվություն, քանի որ այստեղ կանգնած` պաշտպանում եմ հարազատներիս, ծնողներիս և մեր ողջ ազգին: Կարող է հեշտ թվալ, բայց իսկական զինվորի համար դա չափազանց լուրջ և պատասխանատու գործ է: Այստեղ կանգնել զենքով` հակառակորդի դեմ- հանդիման... Գիտակցող զինվորի համար դա շատ մեծ նվաճում է կյանքում: Ծառայության երկու տարիներն անգնահատելի են. դրանք ես ոչ մի բանի հետ չեմ փոխի: Իմ մեջ ամրապնդվել է այն համոզմունքը, որ ես հայ մեծ հերոսների արժանի ժառանգորդն եմ և իրավունք ունեմ հայ կոչվելու: Գրիգորը հաճախ է մտքերը հանձնում թղթին. Սահմանապահ զինվորի խոհերը «Կեսգիշեր էր: Կանգնած էի մարտական հենակետի խրամատաբջջում: Եվս մի քանի վայրկյան, և ողջ աշխարհը պիտի նշեր նոր տարին: Մտովի տեղափոխվեցի մեր տուն: Պատկերացրի, թե ինչպես են մարդիկ իրենց տաքուկ օջախներում բաժակ բարձրացրել ու անհամբեր սպասում են զանգերի ղողանջին, որ շնորհավորեն միմյանց: Իսկ ես կանգնած էի սառը խրամատում ու ... անսահման հպարտ էի, որ այդ վայրկյանի խաղաղությունը նաև իմ շնորհիվ է: Այդ պահին ողջ խորությամբ գիտակցեցի, որ հայրենիքիս պաշտպանն եմ, հայ զինվոր: Վստահ էի, որ խմում են նաև իմ` սահմանին կանգնած զինվորի կենացը»:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ