Քրիստոնեությունը միասնության բռունցք է ստեղծում և այդ բռունցքը հաղթում է


Բոլոր վճռորոշ ու օրհասական պահերին հայ հոգևորականը խաչով ու զենքով զինվորի կողքին է եղել: Ու հայ ռազմիկը, աղոթքն ուղղելով առ Աստված, նրա ուժով զորացած` ելել է մարտի, կերտել իր հաղթանակները... Շուրջ 15 տարի է` գործում է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը` իր սպասավորների անդուլ աշխատանքով Աստծո խոսքն ու օրհնությունը հասցնելով հայրենյաց պաշտպաններին: Իսկ քրիստոնեական ճշմարիտ արժեքներով սնված զինվորը կրկնակի ուժեղ է հոգեպես ու բարոյապես: Մեր զրուցակիցն է ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: - Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում զինվորների հոգևոր դաստիարակության ոլորտում: Ո՞րն է դրա դերն ու նշանակությունը: - Արցախյան գոյապայքարի տարիներին Արցախի թեմն իր հոգևորականներով միշտ ժողովրդի, ազատամարտիկների կողքին էր: Բոլոր մարտական գործողություննե րից առաջ նրանց խրախուսում էին, օրհնում, չմկրտվածներին մկրտում: Հայ եկեղեցին ու հատկապես Արցախի թեմն իր մեծ նպաստը բերեց բանակաշինության, ինչպես նաև զինվորների հոգևոր դաստիարակության գործերում: Երբ պատերազմն ավարտվեց, և լուսահոգի Գարեգին Առաջինը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս, ցանկություն հայտնեց, որ բանակում ունենանք հոգևոր առաջնորդություն: 1997-ի հոկտեմբերին ինձ նշանակեց նորաստեղծ կառույցի պատասխանատու և առաջին սպասավոր: Լծվեցինք աշխատանքի: Սարկավագներ, քահանաներ, սպասավորներ ընտրեցինք և ստեղծեցինք առաջին կանոնադրությունը: Հստակեցվեց, թե հոգևոր սպասավորներն ինչ պարտականություններ, անելիքներ ունեն, ինչ խնդիրներ են ծառացած. որոնք լուծում էին պահանջում: Առաջին քայլերը, ճիշտ է, դժվար էին, բայց ամեն ինչ իր հունով ընթացավ: Հաջորդ տարի հոկտեմբերին կնշենք առաջնորդության 15-ամյակը: Նախ ընտրեցինք սահմանամերձ զորամասերը, որտեղ հոգևոր սպասավորի անհրաժեշտութ յունն ավելի մեծ է: Յուրաքանչյուր զինվոր զորակոչվում է այն գիտակցումով, որ մենք ունենք հակառակորդներ: Սակայն մի բան է գիտակցելը, մեկ այլ բան` սեփական աչքով տեսնելը: Երբ նա մարտական դիրքեր է բարձրանում, տեսնում է այդ վտանգը, ավելի առարկայորեն է պատկերացնում սպառնալիքը: Եվ չնայած նա զենք ունի, որով կարող է մահացու խոցել հակառակորդին, բայց նաև վախ է ապրում: Նրա հույսն, անշուշտ, ամենակարող Տերն է: Այս պարագայում կարևորվում է քահանայի աշխատանքը: Նա պետք է զինվորին ճիշտ ուղղություն ցույց տա, խրախուսի, ոգևորի: Երբեմն ոմանք գտնում են, որ քրիստոնեությունը մի տեսակ պարտվողական ոգի է տալիս, բայց հակառակը` քրիստոնեության ուժը նաև նրանում է, որ ձգտում է միաբանության` հանդուրժողականության հետ միասին: Քրիստոնեությունը միասնության բռունցք է ստեղծում, և այդ բռունցքը հաղթում է: Հոգևոր առաջնորդը կարողանում է զինվորին` նախքան դիրքեր բարձրանալը, ոգի տալ, քրիստոնեական սկզբունքներին հաղորդակից դարձնել: Եվ զինվորն իր զինամթերքով ու հոգևոր սպառազինությամբ է բարձրանում մարտական հենակետ: Նա, այդուհանդերձ, մարդ է, իսկ մարդը միշտ վտանգված է: Ուստի, վերադառնալուց հետո ևս նրա հետ որոշակի աշխատանք է տարվում: Ընտրել ենք նաև ուսումնական զորամասերը, որոնք 6 ամսվա ընթացքում կրթում և դաստիարակում են զինվորին, և այս պարագայում կարևորվում է քրիստոնեական դաստիարակությունը: Այսօր ունենք շուրջ 5 տասնյակի հասնող հոգևոր սպասավորներ: Կան այնպիսիները, ովքեր մշտական ծառայության ցանկություն են հայտնել: Մեր ծրագրերը շատ են: Ունենք տասնյակի հասնող եկեղեցիներ, բայց տարբեր ոճերի են: Բայց արդեն պատրաստել ենք եկեղեցու նախագիծ, որպեսզի բոլոր զորամասերում դրանք միանման լինեն: Նախատեսում ենք կառուցել նաև Զորաց եկեղեցի` Նոր Նորքում, որտեղ կիրականացվեն բանակին առնչվող բոլոր միջոցառումները: Սկզբնական շրջանում Նոր կտակարաններ ենք հասցրել զորամասեր: Պատրաստել ենք նաև Զինվորի աղոթագիրք: Այսօր Աշոտ Երկաթի վարքի մասին պատմող վեպ է պատրաստվում, որտեղ խոսվում է փրկարար այն խաչի մասին, որով նա հաղթանակներ էր տանում: Զինված ուժերի կազմավորման 20- ամյակի կապակցությամբ Վեհափառ Հայրապետը Աշոտ Երկաթի խաչը կտրամադրի Հայոց բանակին` որպես նրա պահապան: Հայ Առաքելական եկեղեցու և Պաշտպանության նախարարության կապերը սերտ են, մնում է քրտնաջան ու նպատակաուղղված ծրագրեր իրականացնել: Ես մեր առաքելութ յունը հաջողված կտեսնեմ, երբ ամեն մի սպասավոր իր զորամասը դիտի որպես ծուխ, իսկ իրեն` հովիվ: Մենք բարոյահոգեբանական, կրթական, դաստիարակչական բոլոր լծակներն օգտագործում ենք, որ քահանան կարողանա լիարժեք փոխանցել ոչ միայն Աստծո խոսքը, այլև մեր հայրերի կողմից մեզ ավանդված այն ճշմարտությունը, որի վրա հիմնված է մեր եկեղեցին: - Աղանդների քայքայիչ ներգործությունը, թերևս, այսօր ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է: Ինչպիսի՞ սպառնալիք են դրանք բանակի համար: Ի՞նչ է տվել այլընտրանքային ծառայությունը: - Աղանդավորները պարբերաբար փորձում են ներթափանցել տարբեր զորամասեր` թռուցիկների, թերթոնների, բարեգործության միջոցով: Բայց այդ ամենն արգելված է: Խիստ վերահսկողություն է սահմանված: Բոլոր զորամասերի հրամանատարները քաջատեղյակ են, որ նման գործողություններն անթույլատրելի են: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներից զատ` ոչ ոք իրավունք չունի հոգևոր գրականություն տրամադրել, կամ դասախոսություններ կարդալ և այլն: Այս առումով բոլոր դռները փակ են աղանդավորների առաջ: Իսկ այլընտրանքային ծառայությունը նախապես ստեղծվել էր Եհովայի վկաների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց պարտքը կատարել, քանի որ հավաստիացնում էին, թե զենք կրելը և երդում տալը հակասում են իրենց կրոնական համոզմունքներին: Սակայն ծառայության այս տեսակից ևս նրանք շատ շուտ հրաժարվեցին: Քանի որ նրանք գործում են միայն ու միայն վնաս բերելու, քայքայելու, քանդելու, պառակտելու համար: Իսկ այդ դեպքում մարդը չի կարող ինչ-որ մեկի ծառայել: Եթե նա պետք է օգնի ծերերին, որևէ բարեգործական աշխատանք կատարի, ապա դա նրա համար դառնում է չարիք: Նա խուսափում է ծառայությունից, քանի որ նրա ծառայությունն այլ է, այլ ուժերի, այլ նպատակների համար է: Այլընտրանքային ծառայությունն այս իմաստով արդյունք չտվեց: Մենք մեր տքնաջան աշխատանքով, քարոզչությամբ կարող ենք նման մարդկանց ճանապարհը փակել, թույլ չտալ, որ աղավաղեն զինվորի հոգին: - Ի՞նչ կպատգամեիք զինվորներին: - Նոր չէ, որ ճանաչում ենք զինվորին, իմանում նրա հոգեբանական մտորումների, ցանկությունների, դժվարությունների, ինչո՞ւ չէ, նաև` հոգևոր սննդի կարոտի մասին, որ հատկապես ծառայության ընթացքում են ունենում: Երբ հանդիպում եմ զինվորների հետ, պատգամը, որ փոխանցում եմ նրանց, հետևյալն է. Քրիստոսով մենք բոլորս եղբայր ենք: Քրիստոսն է, որ մեզ միավորել է: Եվ այդ միավորման մեջ է մեր ուժը: Քրիստոնեական հավատը տանում է միասնության: Եթե մենք հավատում ենք Աստծուն և սիրում ենք նրան, պետք է սիրենք նաև մեր եղբայրներին, կարողանանք ներել, հանդուրժել: Կարողանանք այնպես ապրել, որ մեր մեջ սերը իշխի: Ինչո՞ւ պետք է զինվորը հասնի այն վիճակին, որ ինքնասպանության դիմի: Եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը, ինքնախեղումը: Ինչո՞ւ պետք է զինվորն այնպիսի հոգեվիճակում լինի, որ զենք բարձրացնի իր վրա: Դա սիրո պակասն է, եղբայրասիրության պակասն է: Պետք է ներենք, կարողանանք սիրել իրար: Սիրո մեջ ինքը Քրիստոսն է բնակվում: Ուրեմն նաև նրանց մեջ է, ովքեր կարողանում են ներել: Սա մեծ խորհուրդ ունի: Ուժեղ է այն մարդը, ով կարողանում է ներել: Պատժել բոլորը կարող են: Հրամանատարը, ավագը, ով իշխանություն ունի, կարող է պատժել, ինչպես ծնողը երեխային: Բայց նախ պետք է սիրել նրան, որ պատիժը դառնա երկրորդական, սերն առաջնային լինի: Այս գաղափարներով առաջնորդվելու դեպքում զորամասում ստեղծվում է ներդաշնակ մթնոլորտ: Հեռու են մնում տարաբնույթ, տարատեսակ չար երևույթները, դժբախտութ յունները: Սիրո պակաս կա: Եթե սերը իշխի, կունենանք առողջ, մարտունակ, քրիստոնեական արժեքներով առաջնորդվող մի հզոր կառույց, որ կոչվում է Հայոց բանակ: