ՀԱՅԱՍՏԱՆՆ ՀԱՆԿԱՐԾ ՔԱՂՑՐԱՑԱՎ


Ուկրաինայի Ռադայի պատգամավորները դիմել են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին` աջակցելու այդ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Զոհրաբյանը եվրոպական մի շարք կառույցների անդամ է, հեղինակավոր կազմակերպությունների փոխնախագահ: Ահա ինչու են ուկրաինացի պատգամավորները հիշել նրան: Լինելով ժողովրդավարական արժեքների կրող, մասնագիտությամբ` թատերագետ, լրագրող, ի վերջո` կին, Ն. Զոհրաբյանը կարծես թե պարտավոր է եվրոպական բարձր ամբիոններից հնչեցնել Տիմոշենկոյի պաշտպանության խոսքը, անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում մարդուն չդատեն ընդդիմադիր հայացքների համար… Ոմանք արդեն շտապողաբար հայտարարում են, թե մեծ պատիվ է մեզ համար, որ Եվրոպայի ամենամեծ երկրի պատգամավորները դիմում են հայաստանյան պատգամավորին, աջակցություն ակնկալում մեզանից: Արտաքուստ, այո, կարելի է և հպարտանալ: Սակայն չմոռանանք, թե որ երկրի պատգամավորներն են դիմում մեզ և` հանուն ում: Անկախության հռչակումից ի վեր, Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Կուչման իր երկրի առաջնային խնդիրներից մեկը համարեց Ադրբեջանի հետ համագործակցությունն ու այդ երկրի սպառազինման աջակցությունը: Ադրբեջանն Ուկրաինայի շնորհիվ սպառազինվում էր Ղարաբաղյան պատերազմի օրերին, ուկրաինացի շատ օդաչուներ, անպայմանորեն ունենալով երկրի իշխանությունների համաձայնությունը, մասնակցում էին պատերազմին և ռմբակոծում խաղաղ շեները, ավերում քաղաքները, սպանում մարդկանց: Նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կառավարման շրջանում Հայաստանի հետ ունեցած կապերը գրեթե զրոյացվեցին, պաշտոնական Կիևն ամբողջապես հակվեց դեպի Ադրբեջանը` մեծացնելով այդ երկիր արտահանվող զինատեսակների ծավալները: Այս ամենին իր ամենաակտիվ մասնակցությունն էր բերում վարչապետ Տիմոշենկոն: Լինելով ՎՈՒԱՄ-ի անդամ, Ուկրաինան ոչ մեկ անգամ է հակահայկական հայտարարությունների և որոշումների տակ իր ստորագրությունը դրել: Եվ այսօր էլ շարունակում է իր հակահայ գործունեությունը միջազգային ասպարեզներում` այսպիսով սատարելով Ադրբեջանին: Վիկտոր Յուշչենկոն և Յուլյա Տիմոշենկոն քիչ չնպաստեցին մի շարք տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի դուրսմղմանը: Ավելին, այս տանդեմը Հայաստանի դեմ էր տրամադրում նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն: Հայաստանցի պատգամավորին նամակ հղող ուկրաինական պատգամավորները երբևէ չկամեցան միանալ աշխարհի այն խորհրդարաննե րին, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, որոնք դատապարտել են հայերի դեմ գործված ոճիրները: Եվ այս ամենը մի երկրում, որտեղ հազար տարուց ավելի առկա են հայկական գաղթօջախները, որտեղ գտնվում է Լվովի հայկական եկեղեցին, որի ազգային կինեմատոգրաֆի միջազգայնացման գործում մեծ դեր են կատարել Սերգեյ Փարաջանովն ու Ռոման Բալայանը… Գուցե հիմա ժամանակը չէ` հիշել այս ամենի մասին, գուցե քաղաքական հաշվեհարդարների և առևտրի պահը չէ, սակայն այն ժամանակն է, որ հայ պատգամավորը գործի մեր պետականության շահերի և առաջնությունների դիրքերից` Տիմոշենկոյի դատի պաշտպանությանը զուգահեռ հնչեցնելով այդ պետության հակահայ և հակամարդասիրական գործունեության «դրույթները»: Պետք է օգնել` այս դեպքում ուսուցանող ապտակ հասցնելով, հասկացնելով այդ երկրին, որ Հայաստանին պետք չէ հիշել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է առաջ մղել Ուկրաինայի շահերը: Ժամանակակից աշխարհում հարգում են այն պետություներին, որոնք իրենց արժանապատվության դատը պարտադրում են ուրիշներին: Ուրեմն, անհրաժեշտ է ժողովրդավարական արժեքներին զուգընթաց` հիշեցնել, որ Ադրբեջանին թևանցուկ արած երկիրն ու նրա նախկին վարչապետն իրենց պետական բյուջեն հարստացրել և հարստացնում են մեր զավակների արյան գնով, Ղարաբաղի ժողովրդի ինքնիշխանությունը վտանգող մարտահրավերների գնով…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ