Քաղաքական մշակույթի ձևավորման հրամայականը


ՀԱԿ¬իշխանություններ երկխոսության թեման, համեմատաբար կարճ ժամանակաընթացքում այնքան «ծեծվեց», որ հասցրեց նաև «մաշվել»: Երևույթի գնահատական ներ հնչեցին թե´ հումորով ու հեգնանքով, թե´ սթափ ու լուրջ վերլուծություններով: Բոլոր դեպքերում, ձանձրալի ու տաղտուկ քաղաքական այս «մեռած» սեզոնում երկխոսությունը կատարում է թարմացնող քամու դեր` քողարկելով ներքաղաքական դաշտի ամայությունը: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և արմատականների շփման այս յուրահատուկ ձևը, իհարկե, նորություն է հայաստանյան քաղաքական կյանքում: Իզուր չէ, որ շատ վերլուծաբաններ այն գնահատեցին որպես քաղաքական մշակույթի ձևավորման նոր սկիզբ: Զուտ ձևի տեսանկյունից` այս մտքի հետ կարելի է համաձայնել, բայց բավական է փոքր¬ինչ խորանալ բովանդակության մեջ, և ակնհայտ է դառնում, որ ոչ մի նոր բան այս բանակցությունները չեն պարունակում: Եվ ահա թե ինչու: Անկախացումից հետո` ամբողջ քսան տարի, միշտ էլ ընդդիմությունն իշխանություններին վերագրել է «մահացու» մեղքեր, նրան համարել հայրենիքի դավաճան ու ժողովրդի թշնամի և անհապաղ իշխանափոխությունն էլ դարձրել է միակ ու անփոխարինելի կարգախոս: Արտահերթ համապետական ընտրությունների հրամայականը, որպես ամենագլխավոր օրախնդիր հարց, քսան տարի շարունակ մշտապես եղել է ընդդիմադիրների «սեղանին»: Յուրաքանչյուր հերթական ընտրությունից հետո սկիզբ է առել հանրահավաքների հզոր ալիք` նոր ընտրությունների պահանջով: Մերթ սրվելով, մերթ` թուլանալով` ընդդիմության կողմից թելադրվող արտահերթի պահանջը ժողովրդական ընդվզման ալիքի վրա «մնացել» է 4-5 տարի` մինչև հերթական ընտրությունների մեկնարկը: Այսպես անընդհատ, նույն սցենարով կրկնվելով, հասել է մեր օրերը: Եթե մտաբերենք, թե ինչ էր ուզում և իր նպատակին հասնելու համար պայքարի ինչ ձևեր էր ընտրում հայաստանյան ընդդիմությունը 1991,1996, 1998, 2003, 2008 թթ. ընտրություններից հետո և դրանք համեմատենք այսօրվա իրողությունների հետ` նկատի ունենալով երկխոսություն սկսած ՀԱԿ¬ի թիվ 1 պահանջը, կտեսնենք, որ առանձնապես էական տարբերություններ չկան: Պարզապես 1996 և 2008¬ի ժողովրդական ընդվզումները ճնշվեցին ուժային բիրտ միջոցներով: Հենց դրա համար էլ պնդում ենք` ներքաղաքական հարաբերությունների ձևի իմաստով երկխոսություն կոչվածը լիարժեք և գովելի նորություն է, արծարծվող թեմայի տեսանկյունից` ամենահինը, ծեծված¬մաշվածը: Բայց կա չէ՞ հայտնի թեզը` ձևն է ծնում բովանդակություն: Այնուամենայնիվ պետք է փաստել, որ ի տարբերություն նախկին բոլոր իշխանությունների, այսօրվանը, թվում է` լիովին ըմբռնում է ընդդիմության արմատականությունը մեղմացնելու, ավելին, նրան կառուցողական դաշտ տեղափոխելու, բևեռացումը վերացնելու սեփական դերակատարության կարևորությունը: Վերջապես ընկալվում է այն կարևոր իրողությունը, որ ընդդիմության բոլոր քննադատությունները չէ, որ անհիմն են, մտացածին և ընդամենը սևացնելու նպատակ ունեն: Չնայած որոշ ուռճացվածությանը, նրանց կարծիքների, գնահատականների և պահանջների մեջ շատ հաճախ առողջ, օբյեկտիվ ռացիոնալ հատիկ կա, ինչը վերլուծելու և համարժեք հետևություններ անելու համար իշխանություններին օդ ու ջրի պես քաղաքական կամք է հարկավոր: Այսքան տևական քաղաքական բևեռացումը գերիշխող է եղել հիմնականում այն պատճառով, որ անտարբերություն ու արհամարհանք է դրսևորվել նույնիսկ առողջ քննադատության հանդեպ: Նախորդ բոլոր իշխանություններն էլ տառապել են ինքնագոհությամբ: Արժե՞ ասել, թե որքան վտանգավոր երևույթ է սա, առավել ևս` թույլ զարգացած, աղքատ երկրներում, որտեղ իշխանություններին երբեք չպետք է լքի իրենից մշտապես դժգոհ լինելու հոգեբանական վիճակը: Հանուն արդարության պետք է նշել, որ այսօրվա իշխանություններն ինքնագոհ կեցվածք գրեթե չեն ընդունել: Ինքնաքննադատությունն էլ պատշաճ մակարդակի վրա է: Վճռականություն կարծես կա, բայց քանի դեռ շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգացել դրա արգասիքը, այն մնալու է ավելի շատ խոսքի, քան գործի վճռականություն: Քաղաքական դաշտի բևեռացման, իշխանություն-ընդդիմություն փոխադարձ անհանդուրժողականության, ատելության ու թշնամանքի, անառողջ բարոյահոգեբանա կան մթնոլորտի վերացման հիմնական դերակատարը պետությունը պետք է լինի: Պետության ղեկավարները վերոնշյալ խնդիրների լուծումն իրենց անմիջական պարտականությունը պետք է համարեն: Վերջին ժամանակաշրջանի իրողությունները կարծես հաստատում են, որ իշխանությունները կտրուկ մեծացրել են իրենց պատասխանատվությունը ներքաղաքական կյանքի առողջացման ուղղությամբ: Ինչպիսի արդյունքների էլ հասցնի ընթացող երկխոսությունը, եթե նույնիսկ ընդհատվի` որևէ փոխհամաձայնության չհանգեցնելով` միևնույն է երկրի ղեկավարների քաղաքական կեցվածքում որդեգրված նոր սկզբունքները, հաստա´տ որևէ փոփոխություն չեն կրելու: Կորոնվեն և կգտնվեն փոխհարաբերվելու նոր` նույնքան, գուցե ավելի քաղաքակիրթ ձևեր: Իհարկե, դա չի նշանակում, թե քաղաքական մշակույթի ձևավորման գործում ընդդիմությունն անելիք չունի: Առանց ընդդիմության աջակցության` առողջ մրցակցային դաշտի ապահովումը դժվար կլինի, եթե ոչ` անհնարին: Ու եթե արմատականները ցանկանում են, որ երկրում անցկացվեն ազատ ընտրություններ, և ապագա ընտրություններից հետո նոր իշխանությունների լեգիտիմությունը կրկին կասկածի տակ չդրվի, ուրեմն ազնիվ մրցակցության ապահովման գործում պետք է կանգնեն իշխանությունների կողքին` զորավիգ լինելով յուրաքանչյուր ճիշտ քայլին, քննադատելով և կանխելով սխալ մոտեցումները:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ